«Ի՞նչ է ասում իշխանությունը Շաքիում կատարվածի վերաբերյալ։ Ասում է՝ մեր բացառիկ հարաբերությունների շնորհիվ մեզ տեղեկացրել են, որ նման բան հնարավոր է։
Առանց որևէ հեգնանքի եմ ասում՝ որևէ միլիգրամ հեգնանքի։ Բայց հարց է՝ ի՞նչ եք արել դուք այդ տեղեկության հետ։ Լավ է, որ տեղեկացված եք եղել, բայց ի՞նչ եք արել այդ տեղեկության հետ։
Երեկ իմ գործընկեր Գառնիկ Դանիելյանի հետ մենք գնացել էինք Շաքի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու ու իրականությունը հնարավորինս հասկանալու։
Պարզեցինք, որ բնակիչները տեղեկացված չեն եղել։ Տեղեկացված են եղել հովիվները, որպեսզի, եթե ինչ-որ արտառոց մեկին տեսնեն, տեղեկացնեն։ Իրականացվել է նաև ռազմական ոստիկանության մի քիչ ավելի խստացված հսկողություն ճանապարհների վրա։
Գիտե՞ք՝ ինչու բնակիչները տեղեկացված չեն եղել։ Քաղաքացիները չեն իմացել վտանգի մասին։ Որևէ որոնողական, տեսանելի գործողություն չի իրականացվել, և որևէ գործիքակազմ՝ դրոններից սկսած, նկատի ունեմ՝ տարբեր այլ գործիքների կիրառմամբ, չի կիրառվել։
Որովհետև քաղաքացիների անվտանգությունը ստորադասվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




