Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»

Ապր 26, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առնվազն 1967 թվականից այս կողմ, երբ խորհրդային Հայաստանի ղեկավարները մասնակցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացմանը, առավել ևս՝ ՀՀ անկախ պետականության վերականգնումից ի վեր, միշտ սպասել ենք, թե որ երկիրը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թե որ երկրի ղեկավարը կարտաբերի Ցեղասպանություն բառը:

Բայց երբեք ոչ մի նորմալ հայ մարդու մտքով չէր անցնի, որ մի օր կգա, երբ սպասելու ենք, թե Հայաստանի ղեկավար համարվողն Ապրիլի 24-ի իր ուղերձում կասի՞ Ցեղասպանություն բառը… Ասաց: Նույնիսկ գնաց Ծիծեռնակաբերդ, բայց աննախադեպ ձևով՝ «Ժողովրդից խռովի» վիճակում, առավոտ կանուխ, զուտ իր քպականներով, մեծաքանակ ոստիկաններով «ապահովագրված»: Հա, նույնիսկ «ուղերձ» հղեց:

Բայց խնդիրը այդ «հերթապահ» գործողությունները չեն անգամ: Խնդիրն այն է, որ սպասելի էր համարվում չասելը, չգնալը: Խնդիրն այն է, թե Փաշինյանն ու նրա քպականները ինչքան էին վախեցած, ինչքան էին իրար խառնվել, ինչ կարգի էին շփոթահար ու սարսափած, օրինակ՝ «Ջահերով երթից», որին մասնակցել է մոտ 20 հազար մարդ, որոնք անմեղ զոհերի հիշատակը հարգելուց զատ իրենց բողոքն ու անհամաձայնությունն էին արտահայտում Ցեղասպանությունն ուրանալու, մոռացության մատնելու դիրքորոշման առնչությամբ: Ավելին, որքան էին նեղված թուրքական և ադրբեջանական դրոշներն այրելուց…

Ընդհանրապես, Ջահերով երթն անցկացվում է արդեն 26-րդ տարին անընդմեջ. այն կազմակերպվում է Հայ հեղափոխական դաշնակցության կողմից, մասնակցում են նաև այլ քաղաքական ուժեր՝ իրենց համերաշխությունը հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, հարգելով Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն ցեղասպանված հայերի հիշատակը։

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանություններն աջակցել են երթին, հազարավոր մարդիկ մասնակցել են Ջահերով երթին, այրել Թուրքիայի և Ադրբեջանի դրոշը, և այդ ամենը դարձել է ոգեկոչման կարևորագույն մի արարողություն, որն այլևս ավանդույթ է, ընդ որում՝ չափազանց գեղեցիկ ավանդույթ, որը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը, թշնամիներով շրջապատված լինելով՝ արարելու, ստեղծելու իրավունքը։

Մի քանի տարի շարունակ արդեն Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իշխանական քարոզչամեքենայի և հարակից սատելիտ- «փորձագետների» ծառայություններից օգտվելով, փորձում են արժեզրկել Ջահերով երթը, ներկայացնել այն՝ որպես ինչ-որ հակաքաղաքակրթական գործողություն։ Իսկ այս տարի փաշինյանական իշխանությունը այնքան է չափերն անցել, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դատապարտել է Ջահերով երթն ու Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը Այս տարի մեկ այլ խորհրդանիշ էլ էր ընտրված՝ Արարատի պատմական խորհրդանիշը։ Ցեղասպանության ճանաչումն ու Արարատի պատմական խորհրդանիշի պահպանումը այսօր Հայաստանում վտանգված են, գործող իշխանությունները, կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները, փորձում են մոռացության մատնել Ցեղասպանությունը, ինչպես նաև Սուրբ Լեռը, և հենց դրա դեմ էլ ուղղված էր Ջահերով երթը։

Վերադառնալով Ջահերով երթի հանդեպ իշխանությունների վերաբերմունքին՝ կրկնենք, փաշինյանական ողջ իշխանության ու նրանց սատելիտների արձագանքը ապացուցեց իրենց բոլոր վախերը։ Հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներից խուսափելու, ինչպես նաև իրենց ավելի անվտանգ զգալու համար փաշինյանական իշխանությունը գրեթե հազարից ավելի ոստիկանների էր կենտրոնացրել ամբողջ ճանապարհին՝ վերահսկելու երթը, թույլ չտալու այն քաղաքական ակցիայի վերածելու հնարավորությունը։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն անձամբ էր վերահսկում Ջահերով երթը, և լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու է եկել, ասել էր. «Կազմակերպում ենք հասարակական կարգի պահպանություն, հուսով ենք՝ ոչ մի արտառոց բան չի լինի»։ Հարցին, թե որպես «քաղաքացի» մասնակցելո՞ւ է պահանջատիրական երթին, Հովհաննիսյանը տիպիկ «նիկոլական» պատասխան էր տվել. «Խնդրում եմ՝ նման հարցեր մի տվեք ինձ։ Իհարկե, քաղաքացի եմ, պատվավոր քաղաքացի են բոլոր ոստիկանները»։ Բայց այդպես էլ չէր նշել, թե արդյո՞ք որպես քաղաքացի և պահանջատեր է մասնակցելու Ջահերով երթին։ Երթի մասնակիցներին մի պահ թվացել էր, որ ոստիկաններն ավելի շատ են, քան բուն երթին մասնակցողները։ Նման քայլերով գործող իշխանությունը մեկ անգամ ևս ցուցադրեց սեփական վախերը սեփական հանրությունից. հայ ժողովուրդը, ի տարբերություն Փաշինյանի և նրա թիմի, ինչպես նաև Ցեղասպանությունը ուրանալու հարցում Փաշինյանին աջակցող հանրային որոշակի զանգվածի, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում հրաշալի գիտի, թե ով ով է և ով ինչպես է ուրանում Ցեղասպանությունը։ Դրա մասին է վկայում նաև այն, որ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանում։ Օրինակ՝ Իրանում ՀՀ դեսպանության աշխատակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրին, վանկարկել են «Նիկոլ դավաճան»։

Փաշինյանը, թերևս, դեմ չէ, որ իրեն դավաճան ասեն, միայն թե կարողանա պահպանել իշխանությունը, բայց նրա վախերն արդեն իսկ մատնում են, որ գործող իշխանությունը զգում է իր վերջը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

Իսպանիայի Վալենսիա քաղաքում անցկացված Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի ընթացքում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միրիամ Լեքսմանն ու Ռասա Յունկևիչյենեն բարձր են գնահատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ու դեպի Եվրամիություն...

Պենտագոնի ղեկավարը uպառնացել է Իրանին

Պենտագոնի ղեկավարը uպառնացել է Իրանին

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվության կենթարկվի Եմենի հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժմանն օգնելու համար։ «Ուղերձ Իրանին. մենք տեսնում ենք ձեր մահացու աջակցությունը հութիներին: Մենք հստակ գիտենք, թե ինչ եք անում: Դուք լավ...

Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի հանքային պաշարների վերաբերյալ

Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի հանքային պաշարների վերաբերյալ

Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել օգտակար հանածուների համատեղ արդյունահանման և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Այս մասին գրում է bbc.com-ը: ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում...

Փորձելու է Մոսկվայի և Կրեմլի վստահությունը նորից շահել. «Ժողովուրդ»

Փորձելու է Մոսկվայի և Կրեմլի վստահությունը նորից շահել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 9-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին, սակայն Փաշինյանի այցի մանրամասները գաղտնի են պահվում։ Դեռևս մարտի 14-ին ՀՀ...

Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով․ «Ժողովուրդ»

Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օրերս Ազգային ժողովում ներկայացրեց 2024 թվականի հաշվետվությունը։ Հաշվետվության համաձայն՝ Հանձնաժողովն իրականացված վարույթի շրջանակում արձանագրել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի...