Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան

25 Հունիսի, 2026

Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում, գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Օրերս «Վերադարձ Արեվմտյան Ադրբեջան» աշխարհաքաղաքսկան նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի նախագահի անմիջական նախաձեռնությամբ Նախիջեվանում անցկացվեց հերթական այսպես կոչված միջազգային կոնգրեսը։ Այն նախորդ համանման միջոցառումներից, ըստ իս, տարբերվում էր իր նպատակադրմամբ, այն է՝ հասարակական կազմակերպության «Մեծ վերադարձ» նախաձեռնությանը պաշտոնապես հաղորդել պետական ռազմավարական քաղաքականության բնույթ՝ սահմանելով վերջինիս քաղաքական հիմնական նպատակները, այդ թվում ընդգծելով այդ ծրագրի առանձնահատուկ կարեվորությունը Հայաստանի հետ հարաբերություններում, իրենց նպատակներին հասնելու գործիքներն ու մեխանիզմները։

Այսինքն նախիջեվանյան այդ ֆարսի հեղինակները փաստորեն ադրբեջանցիների վերադարձը «իրենց պատմական բնորրան» հռչակեցին որպես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հերթական նախապայման։

Ավելին, պարզվեց, որ արդեն հստակեցված է հայաստանյան այն բնակավայրերի ցանկը, որտեղ պետք է «վերաբնակեցվեն» վերադարձող ազերիները։ Հայտնի փաստ է, որ Ադրբեջանը պատրաստել է նաեվ իր տարածքային էքսպանսիայի քարտեզը՝ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիկի եվ հայկական այլ տարածքների ընդգրկմամբ։ Մի՞թե պատահական է, որ Արեվմտյան Ադրբեջան հկ-ի անդամներին տրամադրվող «անդամատոմսերում» նշվում է տվյալ անձի, այպես կոչված, «բնորրանը» (Ալավերդի, Ճամբարակ, Մասիս եվ այլն)։

Մի՞թե այս ամենը կարող է որակվել լոկ ինչ որ մի հասարակական կազմակերպության նախաձեռնություն։ Համաձայնեք, որ դրա համար պետք է լինել կամ ինֆանտիլ կամ դատելու տարրական կարողություններից զուրկ։

Թերեվս կարելի էր բավարարվել նման մեկնաբանությամբ կամ գնահատականով, եթե խոսքը իրավամբ վերաբերվեր հասարակական հիվանդ նախաձեռնությանը, որի վիզավին հայաստանում նույնպես հկ է։

Ծանոթանալով այդ միջոցառման նյութերին, ելույթ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների ցանկին եվ նրանց առաջ քաշած հարցադրումներին առավել ակնհայտ է դառնում, որ մենք գործ ունենք Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ անթաքույց հավակնության քաղաքականության հայտարարման հետ՝ ագրեսիվ եվ հանցավոր հարեվան ռեժիմի կողմից։

Թեպետ նախկինում էլ Ադրբեջանի այդ ռազմավարական ծրագրի վերաբերյալ հայտարարությունների պակաս չի եղել, բայց նախիջեվանյան այս ֆարսում հնչած բանաձեվերը այդ միջոցառմանը որակապես այլ քաղաքական բովանդակություն են հաղորդում՝ հատկապես Հայաստանում հետընտրական զարգացումների ֆոնին։

Դժվար է ձերբազատվել այն տպավորությունից, որ հայաստանյան հասարակությունը հայտնվել է հարեվան պետության իշխանությունների քաղաքական-հոգեբանական մամլիչի տակ, առավել որ դա իրականություն է։

Ցավոք իրականություն է նաեվ այն, որ սեփական պետության ինքնիշխանության ջատագով ներկայացող Հայաստանի Վարչապետը ոչ միայն ըստ արժանվույն չի արձագանքում հարեվանի տարածքային նկրտումներին, այլեվ, ի տարբերություն այդ երկրի ղեկավարության որդեգրած գծի ուղղված մտածածին պատմագրությամբ սեփական ժողովրդի կենսամիջավայրի աշխարհագրության ընդլայնման իրավուքի հաստատմանը, երկրիս Վարչապետը մեր պատմական անցյալի վկայակոչման ցանկացած փորձ, հատկապես Արցախին վերաբերող, պատժիչ մեխանիզմներով մերժելով, ըստ էության, արդարացնում է մեր երկրին տարածքային պահանջներ ներկայացնելու Ալիեվի քաղաքականությունը։

Նախիջեվանյան նշյալ փառատոն-կոնգրեսը հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլի, իսկ ավելի կոնկրետ, հայաստանյան իշխանությունների հռչակած «խաղաղության դարաշրջան» քվազիքաղաքական ծրագրի իրական ցուցիչն է, որը չես քողարկի ոչ օգոստոսի 8-ով կամ հունվարի 13-ով, առավել եվս ոչ էլ մայիսի 26-ով։

Օրդուբադի այդ միջոցառումը պատասխանն էր նաեվ ընդդիմությանը հասցեագրված ՔՊ-ական պատգամավորի ցինիկ հարցադրմանը՝ ու՞ր են 300 հազար ադրբեջանցիները։ Ցավով ստիպված ենք արձագանքել՝ նրանք սարերի ետեվում չեն։

Սա մարտահրավեր է մեր հասարակությանը։ Սա ակնհայտ սպառնալիք է մեր պետականությանը, տարածքային եվ սահմանային անձեռնմխելիությանը։

Արդյո՞ք իշխանությունների համար երկրի բնականոն կենսագործունեության երաշխավորման առավել հրատապ խնդիր կարող է լինել, այն էլ պետականության եվ պետականաշինության պատմական ընթացքին ձեվավորված կործանարար սպառնալիքների ներկայիս պայմաններում։

Մի՞թե ընդդիմադիրների հանդեպ ապօրինությունների բեսպրեդելը կարող է սեփական ժողովրդի ճակատագրով մտահոգ որեվէ օրինական իշխանության քաղաքական առաջնահերթություն հռչակվել նման պայմաններում։

Դե իհարկե ոչ։

Իրերի վիճակի սթափ վերլուծությունը վկայում է, որ իշխանության անթաքույց ձգտումը պայմանավորված է ոչ միայն եվ ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի փառամոլությամբ կամ սեփական քաղաքական կլանի անհակ ցանկությունների բավարարման անհրաժեշտությամբ, որքան տարածաշրջանում Հայաստան պետության աշխարհաքաղաքական դերակատարությունը հնարավորինս զրոյացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացմանը նպաստելու արտաքին պարտադրանքով։ Համենայնդեպս նման պնդում անելու համար օրվա իշխանությունը ստեղծել է բոլոր ողջամիտ հիմքերը։

Հենց միայն այն, որ քաղաքական այլակարծության հանդեպ հետընտրական իրավական հաշվեհարդարը օրվա իշխանությունը փաստացի հռչակել է որպես քաղաքական առաջնահերթություն՝ շեղելով հանրության ուշադրությունը առավել հրատապ անվտանգային խդիրներից՝ ըստ իս դրա վառ ապացույցն է։

Այլ կերպ ասած ոչ թե իշխանատենչություն, այլ իշխանություն՝ օտարի ծրագրի իրականացմանը պարտադիր նպաստելու նպատակով։

Ստեղծված իրավիճակում ժողովուրդը պարտավոր է օրվա իշխանությունից պահանջել համալիր քայլերի իրականացում, ինչը կչեզոքացնի Ադրբեջանի տարածքային նկրտումները մեր նկատմամբ։

Իսկ նման մարտավարական ծրագիր կարո’ղ է կյանքի կոչվել։ Սույն տողերի հեղինակը թե հրապարակավ եվ թե հոդվածների տեսքով դեռեվս 2021 թվականից հետեվողականորեն նեկայացրել է նման մարտավարական լուծումների ուրվագիծը։

Պատերազմի սպառնալիքը մեզանում ճարպկորեն օգտագործվում է Ադրբեջանի էքսպանսիվ ծրագրերին դիմագրավելու հանրային կարողությունները ջլատելու նպատակով։ Դա անթույլատրելի է»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Երկրաշարժ՝ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ՝ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք

Օգոստոսի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19։11-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 3,8 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի օջախը գտնվել է Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք՝ 10 կմ...

Ալի Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Ալի Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Աբդոլլահիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Այդ մասին հայտնի է դարձել Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի հրամանագրից։ «Հաշվի առնելով...

Սողանքի հետևանքով փակված Եղեգիս-Հերմոն ճանապարհը վերականգնվել է

Սողանքի հետևանքով փակված Եղեգիս-Հերմոն ճանապարհը վերականգնվել է

Վայոց Ձորում ավտոճանապարհի Եղեգիս-Հերմոն հատվածում տեղի ունեցած սողանքից որոշ ժամանակ անց ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերի ջանքերի շնորհիվ երթևեկությունը վերականգնվել է։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ներքին գործերի...

Կոլումբիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Կոլումբիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Կոլումբիայի իշխանությունները ազգային արտակարգ դրություն են հայտարարել երկրի արևմտյան հատվածում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Զոհերի թիվը հասել է 111-ի, հայտնել է երկրի նախագահը, գրում է The Guardian-ը։ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել...

Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու․ Տեր Ռուբեն

Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու․ Տեր Ռուբեն

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը հանդիպում ունեցավ թեմի երիտասարդական միությունների ատենապետների և փոխատենապետների՝ «Ջահակիր» երիտասարդական շարժման պատասխանատուների հետ։ Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը հանդես եկավ...