Իրավունք չունենք լուռ հետևելու, թե ինչպես է Արցախը զրկվում ինստիտուցիոնալ ներկայությունից․ Ռոման Երիցյան

12 Օգոստոսի, 2026

Հրապարակային դիմում եմ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, լրատվամիջոցներին, հասարակական և իրավապաշտպան գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ստորև շարադրված խնդրով մտահոգ և հետաքրքրված բոլոր անձանց։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքից Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վճռի դեմ իմ ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ վարչական դատարանը որոշել է քննել գրավոր ընթացակարգով, իսկ դատական ակտի հրապարակումը նշանակել է սույն թվականի նոյեմբերին։

Այս արագությունը Վերաքննիչ վարչական դատարանի համար պարզապես կայծակնային է։

Համեմատության համար նշեմ, որ նույն բողոքին հաջորդող ժամանակահատվածում, այսինքն՝ օրենսդրական փոփոխություններից հետո, այլ գործերով վստահորդներիս անունից կամ նրանց դեմ ներկայացված վերաքննիչ բողոքներով Վերաքննիչ վարչական դատարանը, իր ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, դատական ակտերի հրապարակման օր է սահմանել 2027, 2028, իսկ որոշ դեպքերում նույնիսկ 2029 թվականը։

Ընդ որում, այդ գործերով քննության առարկան սոցիալական, աշխատանքային, առողջապահական, միգրացիոն և մարդու կենսական նշանակության այլ հարցեր են։

Ստացվում է՝ մարդու առողջությունը, բնակության հարցը, աշխատանքը, եկամտի ու վաստակի ապահովումը կամ իրավաբանական անձի գործունեությունը Վերաքննիչ վարչական դատարանի համար չունեն այն հրատապությունն ու կարևորությունը, որն ունի Արցախին սեփականազրկելու հարցը։

Հիշեցնեմ նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացուցչության շենքի՝ դեռևս 2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի փաստական հիմքում դրել էր այն հանգամանքը, որ չնայած առ այսօր գործում է ՀՀ կառավարության որոշումը՝ շենքը Արցախի Հանրապետությանը անհատույց օտարելու մասին, սակայն բացակայում է նվիրատվության պայմանագիր։ Որպես իրավական հիմք, ի թիվս այլոց, վկայակոչվել են իրավահարաբերության պահին գոյություն չունեցող օրենքի դրույթներ և այլ նորմատիվ իրավական ակտեր։

Իր հերթին դատարանը, գրանցված սեփականատիրոջը՝ Արցախի Հանրապետության կառավարությանը, իր նախաձեռնությամբ դատավարության մասնակից չդարձնելով և այդ կապակցությամբ ներկայացված տասնյակ միջնորդությունները՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը չընդունելու հիմքով մերժելով, կրկին կայծակնային արագությամբ վճռեց հայցը բավարարել։

Այլընտրանք չունենալով՝ ստիպված էի Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲ ընկերության անունից՝ օգտվելով վերջինիս՝ ՀՀ-ում գրանցված լինելու և շենքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք ունենալու հանգամանքից։

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք

Ներկայացուցչության շենքը հազարավոր արցախցիների համար պարզապես անշարժ գույք կամ Երևանի կենտրոնում գտնվող հերթական շենք չէ։

Այն ունի պատմական, մշակութային և ազգային նշանակություն։ Այն շատերիս համար Արցախի հետ մնացած վերջին շոշափելի կապերից մեկն է։

Միջազգային իրավական տեսանկյունից այն նաև Արցախի Հանրապետության տարածքն է, որը միակն է, որ այսօր շարունակում է գտնվել Արցախի տիրապետության ներքո։ Շենքն ունի սեփականության իրավունքի պետական գրանցում, Հայաստանի լիազոր մարմնում առ այսօր գրանցված է նաև որպես դիվանագիտական մարմին և իրավունքի ուժով պատկանում է Արցախին ու արցախցիներին։

Այս շենքն ինձ և հազարավոր արցախցիների համար պարզապես պատեր ու տարածք չէ։ Այն Արցախի հետ մեզ կապող արժեք է։

Այն մեր տիրապետության տակ մնացած վերջին խորհրդանիշներից մեկն է։

Այն Արցախի սահմանադրական ինստիտուտները պահպանելու հնարավորությունն է։

Ինձ համար ընդհանրապես էական չէ, թե այսօր ով կամ ովքեր են այնտեղ նստում, արդյոք ես նրանց հետ տարաձայնություններ ունեմ, թե ոչ, կամ արդյոք նրանք անձամբ հետաքրքրված են այս հարցի լուծմամբ։

Այստեղ անձերի հարց չէ։

Այստեղ Արցախի հարցն է։

Մենք իրավունք չունենք լուռ հետևելու, թե ինչպես է Արցախը տարածքային կորստից և բռնի տեղահանումից հետո, հիմա արդեն նաև Հայաստանում զրկվում իրեն պատկանող վերջին գույքից ու ինստիտուցիոնալ ներկայությունից։

Չի՛ կարելի թույլ տալ, որ Արցախը վերջնականապես սեփականազրկվի։

Չի՛ կարելի թույլ տալ, որ քայլ առ քայլ վերացվեն Արցախի պետականության վերջին հետքերը։

Չի՛ կարելի թույլ տալ, որ մի օր պարզապես արձանագրենք՝ Արցախն այլևս ոչինչ չունի։

Aram Vardevanyan, Narek KarapetyanEdgar GhazaryanLevon KocharyanАнна ГригорянГехам Манукян, Arega Hovsepyan, դիմում եմ հատկապես Ձեզ, որովհետև այս թեման բազմիցս քննարկել եմ ձեզ հետ, և բոլորդ ավելի քան քաջատեղյակ եք ստեղծված իրավիճակին։

Այս հարցը, իմ գնահատմամբ, այլևս դուրս է զուտ իրավական պայքարի դաշտից, կամ առնվազն միայն իրավական ճանապարհով արդյունավետ պայքարն այլևս իրատեսական չի թվում։

Ուստի խնդրում և ակնկալում եմ ձեր գործուն մասնակցությունը՝ այս հարցին քաղաքական լուծում տալու համար։

Սա որևէ անձի, կառույցի կամ քաղաքական ուժի սեփական հարցը չէ։

Սա Արցախի հարցն է։

Սա արցախցիների արժանապատվության հարցն է։

Եվ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ։

Հիշեցնում եմ նաև, որ խորհրդային տարիներին նույն շենքում Երևանում գործել է Ադրբեջանի դրամատիկական թատրոնը։ Չեմ բացառում, որ ստեղծված գործընթացների շարունակության դեպքում այն կրկին կարող է նման ճակատագիր ունենալ արդեն մոտ ապագայում։ Հենց այդ պատճառով այս շենքի նկատմամբ Արցախի սեփականության իրավունքի պահպանումը ինձ համար ոչ միայն իրավական, այլև պատմական ու ազգային նշանակության հարց է։

Նմանատիպ նյութեր

Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ

Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարություն է տարածե;՝  Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։ «ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավորում Հայաստանի Հանրապետւթյանը, աշխարհասփյուռ հայությանը՝ Հայաստանի...

Մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան

Մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մեր ազատ ու անկախ, մեր ֆանտաստիկ Հայաստանի Հանրապետության 35-ամյակն է։ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր...

Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը․ «Փաստինֆո»

Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը․ «Փաստինֆո»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիս համայնքի համամասնական ընտրակարգով ընտրություններին կմասնակցի երկու դաշինք՝ «Ապրելու քվե» և «Համերաշխություն»։ «Ապրելու քվե» դաշինքի ընտրացուցակում ներառված է 17 թեկնածու, «Համերաշխություն» դաշինքի թեկնածուների քանակն ավելի մեծ է՝ 72...

Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ

Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ

Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական...