Ինչպե՞ս կուշտ լինել ճգնաժամի ժամանակ․ «Կարճ ասած»

15 Հուլիսի, 2026

 

Կարդացի՝ ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալուց առաջ Ալեն Սիմոնյանը աշխատակազմին պարգևավճար է տվել։ Մի քանի օր առաջ էլ պարգևատրել էր պատգամավորներին։ Իր անձնական գրպանից չի պարգևատրել, բնականաբար, այլ՝ ժողովրդի, պետբյուջեից։ Այն էլ այս դժվար ժամանակ, երբ պետբյուջեն ճռում է ծախսերից, երբ հարկ ու տուրք են բարձրացնում, վարկեր են վերցնում բյուջեի ծախսերը կատարելու համար, երբ ամեն օր բողոքի ակցիա են անում աշխատանքը, հացը կորցրած մարդիկ, ՔՊ-ն պարգևատրվելու առիթը բաց չի թողնում։ Զուգահեռ կարդում եմ մեկ այլ ուշագրավ լուր՝ Բունդեսթագի պատգամավորները հրաժարվել են աշխատավարձի 500 եվրո բարձրացումից՝ Գերմանիայում ստեղծված բարդ տնտեսական իրավիճակի պատճառով։ Գերմանիայում որքան էլ տնտեսական վիճակը բարդանա, Հայաստանից լավ կլինի, բայց այնտեղ չեն ասում՝ «դե լավ, ընդամենը 315 հազար եվրո խնայումը հո երկիրը չփրկե՞ց»։ Մեզ մոտ պատգամավորին՝ պարգևավճար, ՍԴ դատավորներին՝ հավելավճար, սովորական քաղաքացուն՝ ոչինչ։ Ահա ինչպես են ԵՄ անդամ երկրում վերաբերում բյուջեի միջոցներին և ինչպես են վերաբերում հարկատուի միջոցներին ԵՄ ձգտող Հայաստանում։

Այս ընթացքում մի քանի ուշագրավ լուր ևս կարդացի միջազգային լրահոսից, որոնք շատ համադրելի են Հայաստանում իրավիճակի հետ։ Մի քանի օր առաջ, օրինակ, հրաժարական տվեց Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն։ Ասաց՝ հեռանում է, քանի որ չի կարող աշխատել իր սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան։ Ազնիվ պատճառ է, չէ՞, ինքնակամ հրաժարականի օրինակելի տարբերակ։ Ո՛չ բողոքի ակցիաներ էին իր դեմ, ո՛չ հայրենիք էր ծախել ու զոհեր տվել․ ընդամենը 9 ամիս աշխատելուց հետո հասկացել է, որ այդ պաշտոնը իր հագով չէ։ Մոլդովան տնտեսական ճգնաժամի մեջ է, հակառուսական քայլերի պատճառով էներգետիկ ճգնաժամի մեջ է։ Եվ վարչապետն ասում է՝ նման քաղաքականության պայմաններում ես չեմ կարող հաջողել։ Դա ձախողման ընդունում է։

8 տարի վարչապետ աշխատելուց և այդ ընթացքում հնարավոր ամեն բան պրավալ տալուց հետո էս մեր «մի հոգավորը» այդպես էլ չհասկացավ, որ դա իր տեղը չէ, իր հագով չէ։ Մոլդովայի խնդիրների հիմքը Մունտյանուն չէր, Հայաստանի խնդիրների հիմքը Փաշինյանն է, ինքն էլ դա գիտի ու գիտի, որ իր գործունեությամբ ամեն ժամ է մեր երկրին վնաս տալիս, բայց օրենքով չթույլատրված ամեն քայլի դիմեց, որ մնա։ Միգուցե պատճառն այն է, որ նա չունի՞ սկզբունքներ ու համոզմունքներ, բացի աթոռը պահելու մոլուցքից։ Այցելել եմ գյուղեր, որտեղ հողագործը լաց է լինում, տան տղամարդը լաց է լինում, որովհետև վարկերի տակ ճռում է, բայց ճար չունի, պոմիդորի ձեռքը կրակն է ընկել։ Եղանակը չէ մեղավորը, իր հաշվարկները չեն մեղավորը, այլ Նիկոլն է։ Դա գիտեր, որ իր մնալով՝ ոչ մեկի հարցը չի լուծվելու, բայց մնաց։

Բայց քանի որ թողարկումը նվիրվել ենք համեմատություններին, կարծում եմ՝ տեղին է համեմատել նաև հայ ֆերմերների և այլ երկրներում, օրինակ՝ Եվրամիությունում ֆերմերների գործելաոճը։ Օրինակ՝ Հունաստանում այս տարի արդեն մի քանի անգամ բողոքի ակցիա են արել ֆերմերները՝ բողոքելով արտադրության ծախսերի դեմ և պահանջելով իրենց արտադրանքի համար երաշխավորված գներ՝ վնասով չաշխատելու համար, սուբսիդիաների ժամանակին վճարում: Տրակտորներով հասան մինչև մայրաքաղաք։ Բելգիայում ևս ֆերմերները մայրուղիներ փակեցին՝ տրակտորներով։ Նրանցից առաջ դա արել էին ֆրանսիացիները՝ արգելափակելով քաղաքի կենտրոն տանող ճանապարհները՝ ի բողոք ԵՄ-ի և հարավամերիկյան դաշինքի միջև ազատ առևտրի վիճահարույց համաձայնագրի։ Տրակտորները հասան մինչև Էյֆելյան աշտարակ։ Շեշտեմ, որ դա ձմռանն էր, դեռ գյուղատնտեսական արտադրական մթերման սեզոնը չէր, բայց կանխազգալով վտանգը՝ դուրս եկան փողոց։ Սրանից 20 օր առաջ Լեհաստանում ֆերմերները փակեցին մայրուղիներ՝ բողոքելով անշահութաբերությունից։ Իշխանությունից պահանջում էին գյուղարտադրության եկամտաբերության բարձրացման մասին որոշումներ։

Գանք Հայաստան․ մայիսի վերջից կոլափս է, ֆերմերները գտնվում են ծայրահեղ վիճակում։ Ու պատճառը գիտեն՝ ինչն է․ կարկուտը չէ, ցրտահարությունը չէ, Նիկոլն է։ Այդ մարդու պատճառով դեղձի արտահանումը հունիսին նվազել է 100 տոկոսով, այսինքն՝ արտահանվել է զրո գրամ դեղձ, լոբու արտահանումը նվազել է 100 տոկոսով, բազուկի արտահանումը նվազել է 100 տոկոսով, ազնվամորու արտահանումը նվազել է 100 տոկոսով, բողկի արտահանումը նվազել է 99,99 տոկոսով, ելակի արտահանումը նվազել է 45 տոկոսով, թզի արտահանումը նվազել է 96 տոկոսով։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանեին ֆրանսիացի ֆերմերները, եթե իրենց մոտ Մակրոնի քաղաքականության պատճառով այսպես լիներ, լոլիկը կբարձեին ու շուռ կտային Ելիսեյան պալատի մոտ։ Մեզ մոտ լոլիկի արտահանումը նվազել է 71 տոկոսով, մարդիկ անհանգիստ նստել են տեղները։ Կաղամբի արտահանումը նվազել է 100 տոկոսով, կանաչիների արտահանումը նվազել է 78 տոկոսով, կարտոֆիլի արտահանումը նվազել է 100 տոկոսով, շլորի արտահանումը նվազել է 100 տոկոսով, սմբուկի արտահանումը նվազել է 99,99 տոկոսով, վարունգի արտահանումը նվազել է 93 տոկոսով և այլն, և այլն։ Էս սաղ նվազել են։ Սաղ գիտեն՝ պատճառը ինչն է, ավելի ճիշտ՝ ով է։ Ակցիաներ տեսա՞ք։ Չէ՛։ Որովհետև Ֆրանսիայի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի կառավարություններն աջակցում են ֆերմերներին, նրանց պահանջները բավարարում, իսկ մեզ մոտ ճնշում են, ասում են՝ եթե բողոքեք՝ կհայտնվեք ճաղերի հետևում։ Ֆրանսիացի ֆերմերն ասում է՝ «դուրս գամ բողոքի, որ իմ վիճակը բարեփոխվի, հայ ֆերմերն ասում է՝ ձենս կտրեմ, նստեմ տեղս, որ ինչ ունեմ՝ դրանից էլ չզրկվեմ։

Մեր այսօրվա իրավիճակի վերաբերյալ մի վերջին օրինակ ևս բերեմ։ 2012թ․ փակվեց Եվրոպայի ամենամեծ պողպատի գործարաններից մեկը՝ իտալական «Իլվա»-ն։ 12-15 հազար աշխատող ուներ։ Դատավորը կալանք դրեց գործարանի որոշ արտադրական օբյեկտների վրա, դրանց շահագործումը սահմանափակեց, սկսեցին քրգործեր ընկերության սեփականատերերի և ղեկավարների նկատմամբ։ Խնդիրը բնապահպանական էր։ Ի՞նչ եղավ հետո․ հազարավոր մարդիկ կորցրեցին աշխատանքը, տնտեսությունը ծանր հարված ստացավ։ Ի՞նչ արեց պետությունը․ ընդունեց հատուկ օրենքներ և թույլ տվեց արտադրության շարունակումը։ Սա ցույց է տալիս, որ իրավապահ կամ դատական մարմինների որոշումները կարող են ունենալ հսկայական տնտեսական հետևանքներ։ Չինաստանի տարբեր նահանգներում եղել են դեպքեր, երբ տեղական պաշտոնյաները հեռացվել կամ դատապարտվել են այն բանից հետո, երբ ապօրինի ստուգումների, արտադրության անհիմն կասեցման կամ բիզնեսի նկատմամբ ճնշումների հետևանքով խոշոր գործարաններ դադարեցրել են աշխատանքը։

Մեզ մոտ տնտեսական ծանր հետևանքներ են ունենում երկրի ղեկավարի և նրա ցուցումով գորչծող իրավապահ մարմինների գործոունեությունը։ Հազարավոր մարդիկ մնացել են անգործ, բողոքի ակցիաներ են անում, տեսնում ես, որ անելանելի վիճակում են, ապրելու, հաց ուտելու խնդիր ունեն, քանի որ Փաշինյանը հարձակվել է գործարանների վրա և հրահանգել է փակել բիզնեսները։ Եթե իտալական գործարանը փակվել է դատավորի սխալ որոշման արդյունքում, մեզ մոտ գործարանները փակվում են, որովհետև երկիրը ղեկավարողն է նման որոշումներ պարտադրում։ Մարդիկ հացից զրկվում նեն, իսկ այս ամենի մեղավորը մեկնում է հանգստի։

Կարճ ասած՝ երբ երկրի ղեկավարը վերածվում է բիզնեսի և քաղաքացու գործունեությունը խոչընդոտող մարմնի, դա ողբերգություն է առաջին հերթին երկրի համար։ Դա ազգային աղետ է։ Այն, ինչ կատարվում է մեր երկրում, ճանապարհ է դեպի քաոս։ Այս ամենը ցույց է տալիս, թե որքան սարսափելի է ոչ ադեկվատ իշխանություն ունեցող երկրի վիճակը։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած հսկայական ծառը տապալվել է, բարեբախտաբար էլեկտրալարերի վրա է հայտնվել ու գետնին չի ընկել։...

Վաղը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Բժշկության Ավետարանը․ Արագածոտնի թեմ

Վաղը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Բժշկության Ավետարանը․ Արագածոտնի թեմ

Օգոստոսի 30-ին Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու օծման 14-րդ տարեդարձի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Արագածոտնի թեմից հայտնում են, որ տարիներ շարունակ, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված բարի ավանդույթի...

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ Գրոսի

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ Գրոսի

ԱԷՄԳ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ում արտաքին էլեկտրաէներգիայի անջատումների սպառնալիքի պատճառով ևս մեկ տեղական հրադադարի գոտի ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ ԱԷՄԳ-ի ղեկավարը զգուշացրել է Զապորոժիեի ԱԷԿ-ում մոտ տասը օրից...

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Թբիլիսյան 14/2 հասցեի դիմաց «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում...

Եվրոպական երկրները մոբիլիզացնում են ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ. Պեսկով

Եվրոպական երկրները մոբիլիզացնում են ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չի տեսնում, հայտնել է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ներկայիս եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և...