Շաքիի դեպքի վերաբերյալ ոստիկանությունը առավել քան օպերատիվ արձագանք տվել է. մենք պարզաբանել ենք, որ ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, այս ժամանակահատվածում տուժողը զանգել է ոստիկանի բջջային հեռախոսահամարին, կարճ տեղեկատվություն ներկայացրել առանց մանրամասնելու, թե ինչ է տեղի ունենում, և դժվար լսելի է եղել ոստիկանի համար, թե ինչի մասին է խոսքը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, COP-17-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին և նրան, որ ոստիկանությունն ավելի ուշ է հասել դեպքի վայր, քան երեխաների մայրը՝ Անի Ավետիսյանը Սիսիանից։
«Գտնելով հանգստի մեջ, ոստիկանին հարիր պահվածքով, այդուհանդերձ դուրս է եկել բնակության վայրից, չանցած 10 րոպե հասել է դեպքի վայր, արդեն դեպքը բնականաբար տեղի ունեցած է եղել։ Ոստիկանը ցուցաբերել է առաջին բուժօգնություն և տուժողի որդին ոստիկանի ներկայությամբ և ուղղորդմամբ նաև զանգահարել է 112 օպերատիվ կառավարման կենտրոն, այդ պայմաններում բնական է, որ ունենք ստանդարտ կարգ, երբ որ 10 րոպեում պիտի ապահովենք մեկնումը օպերատիվ խմբի, բայց այս դեպքում 10 րոպեում արդեն օպերատիվ խումբը տեղում է եղել։ Այսինքն այս տեսանկյունից առավել քան արագ են գործել ծառայողները։
Այն միտքը, որ որ ոստիկանները ավելի ուշ են հասել և այլն, մենք մեր պարզաբանմամբ ամբողջովին փարատել ենք, որովհետև այլ կարծիք ուղղակի լինել չի կարող»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Անի Ավետիսյանն ավելի շուտ է հասել դեպքի վայր, քան ոստիկանությունը, նախարարն ասաց, որ ոստիկանի տեղակայվածությունը եղել է շատ ավելի հեռավոր տարածության մեջ, քան տուժող անձինը։
Հարցին՝ եթե իշխանությունները գիտեին, որ հնարավոր է, ադրբեջանցի զինծառայողը հատել է սահմանը, ինչու իրավապահները ծառայություն չեն իրականացրել գյուղերում, Արփինե Սարգսյանը պատասխանեց. «Այդ մասով վարչապետն էլ ավելի մանրամասն անդրադարձել է, բոլոր ծառայությունները իրականացրել են իրենց աշխատանքը»։
Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։




