Ի դեպ, մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է Հայաստանի տարածքի խորքում իր հենակետը։ Խոսքը 2021 թ․ ներխուժումից հետո Սյունիքում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի մասին է։ Ընդ որում, սա Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքերի ամրապնդման միակ դեպքը չէ․ նմանատիպ գործողություններ են արձանագրվել նաև 5-6 կմ դեպի հարավ-արևելք։
Այս ամենը, ըստ էության, ջախջախում է իշխանության այն պնդումները, թե տարածքային բոլոր խնդիրները լուծվելու են դիվանագիտական ճանապարհով՝ սահմանազատման և սահմանագծման միջոցով։
Ստացվում է՝ Տիգրանաշենում ոչինչ չի բարեկարգվում, քանի որ Նիկոլ Փաշինյանն այն Քյարքի է համարում և պատրաստվում է հանձնել, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ամրապնդվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, որտեղից պետք է հեռացած լիներ դեռ 2022-ին՝ սովից։
Հարց է առաջանում․ Եթե երկու հարևան պետություններ իսկապես փոխադարձաբար են ճանաչում միմիանց տարածքային ամբողջականությունը, ապա ինչո՞ւ են Հայաստանի ինքնիշխան տարածքում ոչ թե ապամոնտաժվում, այլ ամրապնդվում ադրբեջանական ռազմական դիրքերը։ Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանի, կամ կառավարության այլ անդամների մոտ արդյո՞ք հարց չի առաջանում Ադրբեջանի գործողություններից՝ Ադրբեջանը տարածք վերադարձնելո՞ւ է, դուրս գալո՞ւ է ՀՀ տարածքից։ Իսկ գուցե իշխանությունն, առհասարակ, դեօկուպացիայի պահանջ չի՞ դնում Ադրբեջանի առաջ։




