ՀՀ-ում վտանգված են ժողովրդավարությունն ու կրոնական ազատությունը. Ամստերդամը բաց նամակով դիմել է ԵԽ նախագահին

22 Մարտի, 2026

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ներկայացնում եմ իմ բաց նամակը՝ ուղղված Եվրոպական Խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային․

Բաց նամակ
Հայաստանում ժողովրդավարական կառավարման, կրոնական ազատության և ընտրական պայմանների վերաբերյալ խնդիրների առնչությամբ
Հարգելի՛ տիկին նախագահ Մեցոլա,
Ես գրում եմ Ձեզ պարոն Սամվել Կարապետյանի անունից, ով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդն է։ Կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ չեն արտացոլում հայ ժողովրդի ճնշող մեծամասնության տեսակետներն ու զգացմունքները։ Հայաստանը համաշխարհային ճանաչում ունի որպես աշխարհում առաջին քրիստոնյա ազգ, և հայ ժողովուրդը դարեր շարունակ ամուր կապված է եղել իր Եկեղեցուն, մշակույթին և պատմական ինքնությանը։ Հայ Առաքելական Եկեղեցին մնում է հայ հասարակության ամենահարգված և համախմբող կառույցներից մեկը։
Այս իրողությունների լույսի ներքո՝ եկեղեցու դեմ վարչապետի վերջին արշավը նախադեպը չունի Հայաստանի նորագույն պատմության մեջ և լուրջ մտահոգություններ է առաջացնում Հայաստանի սահմանադրական իրավունքի, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքների տեսանկյունից։ Կառավարության միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, հոգևորականների կալանավորումները, պառակտիչ նախաձեռնությունների խրախուսումը և դատական անկախության համատարած էրոզիան մանրամասնորեն փաստագրվել են մարդու իրավունքների հարցերով զբաղվող մի խումբ անվանի միջազգային իրավաբանների կողմից պատրաստված վերջին զեկույցում։
Այս զարգացումները պետք է լուրջ մտահոգության առարկա դառնան Եվրոպական խորհրդարանի համար։ Դրանք ոչ միայն քաղաքական վեճ են, այլև՝ մարտահրավեր կրոնական ազատությանը, իրավունքի գերակայությանը և այն ժողովրդավարական արժեքներին, որոնց Հայաստանը բազմիցս հանձնառություն է հայտնել Եվրոպայի հետ իր հարաբերություններում։
Մենք հատկապես մտահոգված ենք վարչապետ Փաշինյանի կողմից իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում արված մի շարք հանրային հայտարարություններով, որոնք ուղղված են Կաթողիկոսին և Հայ Եկեղեցուն։ Այդ հայտարարությունները պարունակում են այնպիսի ձևակերպումներ, որոնք բազմաթիվ հայեր համարում են խորապես վիրավորական մի կրոնական հաստատության հասցեին, որը ազգային ինքնության առանցքային տարրն է։
Հատկանշական է, որ նույն անձնավորությունը, ով արել է այդ հայտարարությունները, ընդամենը օրեր առաջ ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանում և արժանացավ ծափահարությունների։ Ողջամիտ կլիներ ակնկալել, որ նման ճանաչում շնորհելուց կամ Խորհրդարանի ներսում հարթակ տրամադրելուց առաջ պատշաճ ուշադրություն կդարձվեր բանախոսի հանրային վարքագծին և գործունեությանը։
Մտահոգությունները սրանով չեն սահմանափակվում։ Այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքացիները շարունակում են ապօրինի պահվել Բաքվի բանտերում, հայ հասարակությունը գործող կառավարության կողմից նրանց ազատ արձակումն ապահովելու ուղղությամբ քիչ նշանակալի ջանքեր է տեսել։ Այս իրավիճակն է՛լ ավելի է խորացրել հանրային տագնապը երկրի ղեկավարության որդեգրած ուղղության և իր քաղաքացիների հիմնարար շահերը պաշտպանելու հանձնառության վերաբերյալ։
Հարկ է նշել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ պարոն Սամվել Կարապետյանը ձերբակալված է 2025 թվականի հունիսի 18-ից։ Պարոն Կարապետյանն այժմ գտնվում է տնային կալանքի տակ՝ նախկինում շուրջ 200 օր պահվելով հատկապես ծանր կալանավորման պայմաններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ընտրություններին ընդառաջ քաղաքական կուսակցությունների գործողությունների և պարտավորությունների ժամանակացույցը։ Սակայն, քանի որ դատարանը երկարաձգել է պարոն Կարապետյանի տնային կալանքը ևս մեկ ամսով, ակնհայտ է դառնում, որ հունիսի 7-ի ընտրություններին լիարժեք մասնակցելու նրա հնարավորությունը կտրուկ կնվազի։
Նման ընթացակարգային գործողությունները ոչ միայն քաղաքական հետապնդման վկայություն են, այլև կարող են դիտարկվել որպես ուղղակի միջամտություն ընտրական գործընթացին։ Որպես քաղաքական կուսակցության առաջնորդ՝ պարոն Կարապետյանը փաստացի զրկված է կարևոր քաղաքական գործունեությանը մասնակցելու հնարավորությունից, ներառյալ խորհրդակցությունները և ներկուսակցական ընտրությունները, որոնք անհրաժեշտ են ընտրական ցուցակների պատրաստման համար (վերջիններս Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն մինչև 2026 թվականի ապրիլի 23-ը)։
Ելնելով այս զարգացումներից՝ մենք հարգալից կերպով հորդորում ենք Եվրոպական խորհրդարանին քննարկել անկախ փաստահավաք առաքելություն ստեղծելու հարցը՝ Հայաստանում ժողովրդավարական կառավարման, դատական անկախության և կրոնական ազատության ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով։ Նման առաքելությունը կարևոր դեր կխաղա նախընտրական զգայուն ժամանակահատվածում հիմնարար ազատությունների հետագա թուլացումը կանխելու գործում։
Հայ ժողովուրդը վաղուց է Եվրոպային դիտարկում որպես գործընկեր՝ ժողովրդավարական արժեքների, մարդկային արժանապատվության և խղճի ազատության պաշտպանության հարցում։ Հենց այդ պատճառով ենք մենք հավատացած, որ Եվրոպական խորհրդարանի ուշադրությունն ու ներգրավվածությունն այս պահին թե՛ անհրաժեշտ են, թե՛ տեղին։
Մենք պատրաստակամ կլինենք Խորհրդարանին և նրա համապատասխան հանձնաժողովներին տրամադրել վերոհիշյալ փաստաթղթերը։
Հարգանքով՝

Ռոբերտ Ամստերդամ»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...