ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են չանցնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն՝ մասնագիտական կրթություն ստանալու և ՆԳՆ համակարգում առնվազն 10 տարի ծառայելու պայմանով։
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին և այն ներկայացրել Ազգային ժողովի քննարկմանը։
Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ երիտասարդներին՝ առանց պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելու, մասնագիտական կրթություն ստանալ և ծառայության անցնել ՆԳՆ համակարգում՝ ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում։
ՆԳՆ-ի հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումը, որով այդ ոլորտներում ծառայության կարող են անցնել միայն պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք, նվազեցնում է ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտներում կարիերա սկսել ցանկացողների թիվը։
Նախագծով նախատեսվում է կրթական ծրագրի շրջանակում սովորելուց հետո առնվազն 10 տարի ծառայել ՆԳՆ համակարգում։




