Հակաեկեղեցական այս արշավը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր հարված հայ ժողովրդին և հայոց պետականությանը․ Մայր աթոռ

4 Հուլիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, որեղ նշված է.

«Մենք՝ Հայաստանում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներս և թեմակալ առաջնորդներս, Տիրոջ կամքով համախմբված Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գոհություն և փառք ենք մատուցում Ամենակարող Աստծուն՝ ծառայական մեր ուխտը վերանորոգելու այս առիթի համար։

Վերահաստատում ենք անսակարկ մեր սերը, հավատարմությունը և ամբողջանվեր ծառայությունը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ հաստատված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի տեսիլքով նվիրագործված քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Խորապես վրդովված ենք Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանությունների և անձամբ վարչապետի հրահրած պախարակելի արշավի առնչությամբ, որն ուղեկցվում է հոգևորականների հանդեպ ատելության ու թշնամանքի տարածմամբ և անձնական բնույթի վիրավորանքներով ու անարգալից արտահայտություններով։ Հակաեկեղեցական այս արշավը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր հարված հայ ժողովրդին և հայոց պետականությանը՝ հատկապես ազգային կյանքում և Հայաստանի շուրջ ծավալվող գոյաբանական մարտահրավերների համատեքստում։ Հայոց Եկեղեցու տկարացումն ու հեղինակազրկումը կարող է ձեռնտու լինել միայն հակահայկական ուժերին և հայության թշնամիներին։

Խստորեն դատապարտում ենք տարվույս հունիս 27-ին ուժային կառույցների ներկայացուցիչների ներխուժումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու՝ եկեղեցականների և հավատացյալների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու սպառնալիքով։ Տարակուսանք է առաջացնում Միքայել արքեպիսկոպոսին հարկադրաբար բերման ենթարկելու որոշումը, երբ նա պատրաստակամություն էր հայտնել կամովին ներկայանալ իրավապահ մարմիններին, ինչը և տեղի ունեցավ։

Իշխանությունների հակաեկեղեցական քաղաքականության ցայտուն դրևորումներից է նաև ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի ազատազրկումը, որը կապված է Հայոց Եկեղեցին պաշտպանելու նրա հայտարարության հետ։

Իշխող քաղաքական ուժի համակարգված քարոզչության պայմաններում ծանր մեղադրանքներով հարուցվեց քրեական հետապնդում և ազատությունից զրկվեց նաև Գերշ. Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Հոգևոր մեր եղբայրների, ազգային բարերարի և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցների նկատմամբ հետապնդումները բացահայտորեն ուղեկցվում են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային ուղղորդումներով և ատելության խոսքի տարածմամբ՝ մինչ դատարանի դատավճիռը արդեն իսկ մեղավորներ կարգելով նրանց։ Իշխանության նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի և իշխանությունների բաժանման սկզբունքները, բացահայտում է, որ գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ, որով և կասկածի տակ է դրվում դրա օրինականությունը։

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցներին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ ապահովելով նրանց արդար դատաքննության իրավունքը։

Անհանդուրժելի ենք համարում ինչպես իշխանության, այնպես և որևէ մեկի ոտնձգությունը ուղղված Հայրապետական Աթոռին և եկեղեցական կանոնական սկզբունքներին։ Որդիական խոնարհությամբ եպիսկոպոսաց դասս և թեմակալ առաջնորդներս մեր հավատարմությունն ենք հայտնում Հայոց Եկեղեցու ազգընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հայոց Եկեղեցին, բարձրագույն մարմին ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովը, հետայսու ևս ղեկավարվելու է դարերով սրբագործված իր ընթացակարգերով՝ բացառելով արտաքին որևէ միջամտություն։

Հայոց Եկեղեցու հոգևոր դասը Հայաստանում և ի սփյուռս շարունակելու է տարածել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը և հոգևոր ու ազգային ոգով կրթել մեր ժողովրդի զավակներին՝ հոգածու և պատշաճ արձագանքելով թե՛ ներազգային ու ներպետական, թե՛ արտաքին մարտահրավերներին՝ իրացնելով ճշմարտության խոսնակ լինելու Տերունի պատգամը (հմմտ. Հովհ. 8.32)։

Կոչ ենք ուղղում մեր Սուրբ Եկեղեցու զավակներին՝ հաստատուն մնալ առ Աստված հավատքի մեջ, հավատարիմ՝ ազգային սրբությունների ու նվիրական արժեքների պաշտպանության դիրքերում և չտրվել պառակտիչ գործողությունների։

Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ արդար, բարօր և ապահով պահի Հայաստան մեր հայրենիքն ու աստվածօրհնյալ հայ ժողովրդին, անսասան՝ Իր իսկ հիմնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը հենասյունն է հայոց ինքնության և պետականության, ու ծաղկյալ՝ Հայրապետական գավազանը Հայոց Հայրապետի»։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...