Հակաեկեղեցական այս արշավը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր հարված հայ ժողովրդին և հայոց պետականությանը․ Մայր աթոռ

4 Հուլիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, որեղ նշված է.

«Մենք՝ Հայաստանում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներս և թեմակալ առաջնորդներս, Տիրոջ կամքով համախմբված Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գոհություն և փառք ենք մատուցում Ամենակարող Աստծուն՝ ծառայական մեր ուխտը վերանորոգելու այս առիթի համար։

Վերահաստատում ենք անսակարկ մեր սերը, հավատարմությունը և ամբողջանվեր ծառայությունը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ հաստատված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի տեսիլքով նվիրագործված քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Խորապես վրդովված ենք Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանությունների և անձամբ վարչապետի հրահրած պախարակելի արշավի առնչությամբ, որն ուղեկցվում է հոգևորականների հանդեպ ատելության ու թշնամանքի տարածմամբ և անձնական բնույթի վիրավորանքներով ու անարգալից արտահայտություններով։ Հակաեկեղեցական այս արշավը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր հարված հայ ժողովրդին և հայոց պետականությանը՝ հատկապես ազգային կյանքում և Հայաստանի շուրջ ծավալվող գոյաբանական մարտահրավերների համատեքստում։ Հայոց Եկեղեցու տկարացումն ու հեղինակազրկումը կարող է ձեռնտու լինել միայն հակահայկական ուժերին և հայության թշնամիներին։

Խստորեն դատապարտում ենք տարվույս հունիս 27-ին ուժային կառույցների ներկայացուցիչների ներխուժումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու՝ եկեղեցականների և հավատացյալների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու սպառնալիքով։ Տարակուսանք է առաջացնում Միքայել արքեպիսկոպոսին հարկադրաբար բերման ենթարկելու որոշումը, երբ նա պատրաստակամություն էր հայտնել կամովին ներկայանալ իրավապահ մարմիններին, ինչը և տեղի ունեցավ։

Իշխանությունների հակաեկեղեցական քաղաքականության ցայտուն դրևորումներից է նաև ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի ազատազրկումը, որը կապված է Հայոց Եկեղեցին պաշտպանելու նրա հայտարարության հետ։

Իշխող քաղաքական ուժի համակարգված քարոզչության պայմաններում ծանր մեղադրանքներով հարուցվեց քրեական հետապնդում և ազատությունից զրկվեց նաև Գերշ. Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Հոգևոր մեր եղբայրների, ազգային բարերարի և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցների նկատմամբ հետապնդումները բացահայտորեն ուղեկցվում են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային ուղղորդումներով և ատելության խոսքի տարածմամբ՝ մինչ դատարանի դատավճիռը արդեն իսկ մեղավորներ կարգելով նրանց։ Իշխանության նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի և իշխանությունների բաժանման սկզբունքները, բացահայտում է, որ գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ, որով և կասկածի տակ է դրվում դրա օրինականությունը։

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցներին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ ապահովելով նրանց արդար դատաքննության իրավունքը։

Անհանդուրժելի ենք համարում ինչպես իշխանության, այնպես և որևէ մեկի ոտնձգությունը ուղղված Հայրապետական Աթոռին և եկեղեցական կանոնական սկզբունքներին։ Որդիական խոնարհությամբ եպիսկոպոսաց դասս և թեմակալ առաջնորդներս մեր հավատարմությունն ենք հայտնում Հայոց Եկեղեցու ազգընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հայոց Եկեղեցին, բարձրագույն մարմին ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովը, հետայսու ևս ղեկավարվելու է դարերով սրբագործված իր ընթացակարգերով՝ բացառելով արտաքին որևէ միջամտություն։

Հայոց Եկեղեցու հոգևոր դասը Հայաստանում և ի սփյուռս շարունակելու է տարածել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը և հոգևոր ու ազգային ոգով կրթել մեր ժողովրդի զավակներին՝ հոգածու և պատշաճ արձագանքելով թե՛ ներազգային ու ներպետական, թե՛ արտաքին մարտահրավերներին՝ իրացնելով ճշմարտության խոսնակ լինելու Տերունի պատգամը (հմմտ. Հովհ. 8.32)։

Կոչ ենք ուղղում մեր Սուրբ Եկեղեցու զավակներին՝ հաստատուն մնալ առ Աստված հավատքի մեջ, հավատարիմ՝ ազգային սրբությունների ու նվիրական արժեքների պաշտպանության դիրքերում և չտրվել պառակտիչ գործողությունների։

Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ արդար, բարօր և ապահով պահի Հայաստան մեր հայրենիքն ու աստվածօրհնյալ հայ ժողովրդին, անսասան՝ Իր իսկ հիմնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը հենասյունն է հայոց ինքնության և պետականության, ու ծաղկյալ՝ Հայրապետական գավազանը Հայոց Հայրապետի»։

Նմանատիպ նյութեր

Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ

Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ

Հուլիսի 7-ին՝ ժամը 16:52-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլ․ լարեր,...

Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորություններն...

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի՝ Էրդողանի հանդեպ հարգանքից ելնելով․ CNN

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի՝ Էրդողանի հանդեպ հարգանքից ելնելով․ CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Անկարա է մեկնել բացառապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ ունեցած հարգանքից դրդված։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։ Սպասվում է, որ Թրամփը Անկարա կժամանի երեքշաբթի առավոտյան։ Թուրքական կողմը նրա համար...

Կարկուտից տուժած գյուղացիները փակել են ճանապարհը․ կառավարությունից լուծումներ են պահանջում․ Շամշյան

Կարկուտից տուժած գյուղացիները փակել են ճանապարհը․ կառավարությունից լուծումներ են պահանջում․ Շամշյան

Այսօր՝ հուլիսի 7-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Վաղ առավոտից Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ ի նշան բողոքի փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը և պահանջում են, որպեսզի ՀՀ կառավարությունն ու Արմավիրի...