Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը․ Flip.am

8 Օգոստոսի, 2026

Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանը օգոստոսի 2-ից սկսել է աշխատանքները։ Այս ընթացքում խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ, ԱԺ նախագահի երկու տեղակալներ և առաջիկայում պատրաստվում է ընտրել նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին։

Հանրային հեռուստաընկերության կողմից Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց է։ Պետական բյուջեից ֆինանսավորվող հանրային հեռարձակողը քաղաքական ուժերի գործունեությունը ներկայացնելիս առանձնահատուկ պատասխանատվություն ունի ապահովելու անաչառ, հավասարակշռված և բազմակարծիք լուսաբանում։

Հաշվի առնելով թեմայի հանրային նշանակությունը, ինչպես նաև սոցիալական ցանցերում բարձրացված մտահոգությունները՝ «Փաստերի ստուգման հարթակը»  ուսումնասիրել է, թե Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքի առաջին օրերին ինչպես են իշխանական և ընդդիմադիր պատգամավորները ներկայացվել Հանրային հեռուստաընկերության պաշտոնական Facebook և YouTube հարթակներում։

Ուսումնասիրության համար առիթ է հանդիսացել նաև ֆեյսբուքյան օգտատեր Արամ Քոչարյանի գրառումը, որում նա պնդել է, թե Հանրային հեռուստաընկերությունը, լուսաբանելով Ազգային ժողովի աշխատանքները, անտեսում է ընդդիմադիր պատգամավորների ելույթները։

FIP.am-ի ուսումնասիրության համար դիտարկման ժամանակահատվածը՝ օգոստոսի 2-ից (ԱԺ առաջին նիստից) մինչև օգոստոսի 6-ը 18։00-ն է։

Անհրաժեշտ է նկատել, որ Հանրայինի «Լուրերի» Facebook-ի էջում հրապարակվել են նաև Ազգային ժողովի նիստերի ամբողջական ուղիղ հեռարձակումները, որոնց ընթացքում ելույթ են ունեցել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորները։ Ուղիղ հեռարձակումները դիտարկվել են որպես նիստն ամբողջությամբ ներկայացնող հրապարակումներ և չեն դասակարգվել որևէ քաղաքական ուժի օգտին։

Ուսումնասիրության հիմնական նպատակը եղել է պարզել, թե նիստերի ամբողջական հեռարձակումներից դուրս Հ1-ը պատգամավորների ո՞ր ելույթներն ու ճեպազրույցներն է խմբագրական ընտրությամբ առանձնացրել, վերնագրել և ներկայացրել որպես առանձին հրապարակումներ։ Հենց այդպիսի տեսանյութերն են առավել հասանելի այն օգտատերերին, որոնք չեն դիտում նիստերի ժամեր տևող ամբողջական հեռարձակումները։

YouTube․ 60 տեսանյութից երեքը՝ ընդդիմության մասին

Օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ Հանրային հեռուստաընկերության YouTube-յան ալիքում հրապարակված էր Ազգային ժողովի աշխատանքներից 60 տեսանյութ (ցանկը՝ ստորև)։

Դրանցից՝

  • 30-ը՝ իշխանական պատգամավորների ելույթներ,
  • 18-ը՝ իշխանական պատգամավորների ճեպազրույցներ և ճեպազրույցներից հատվածներ,
  • 7-ը՝ լրագրողական մեկնաբանություններ,
  • 1-ը՝ ԱԺ առաջին նիստի բացման արարողությունը,
  • 1-ը՝ Հանրապետության նախագահի ելույթը,
  • 2-ը՝ ընդդիմության ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուի ելույթներ,
  • 1-ը՝ ընդդիմադիր պատգամավորների՝ երդման ժամանակ ոտքի չկանգնելու մասին տեսանյութ:

Այսինքն՝ 60 տեսանյութից միայն երեքն էր նվիրված ընդդիմությանը, և երկուսն էր ելույթ, մյուսը վերաբերում էր նրանց վարքագծին՝ երդման արարողության ընթացքում։

Ովքե՞ր էին ամենաշատը ներկայացված

Դիտարկումը ցույց է տալիս, որ ամենաշատ հրապարակումները վերաբերում էին իշխանական պատգամավորներին։

  • Ռուբեն Ռուբինյան (ՔՊ) — 15 տեսանյութ,
  • Տարոն Չախոյան (ՔՊ) — 7,
  • Վահագն Ալեքսանյան (ՔՊ) — 6,
  • Արթուր Հովհաննիսյան (ՔՊ) — 4,
  • Սոնա Ղազարյան (ՔՊ) — 4,
  • Հայկ Կոնջորյան (ՔՊ) — 3,
  • Հասմիկ Հակոբյան (ՔՊ) — 3,
  • Անդրանիկ Քոչարյան (ՔՊ) — 2,
  • Արայիկ Հարությունյան (ՔՊ) — 2,
  • Արուսյակ Մանավազյան (ՔՊ) — 2,
  • մյուս պատգամավորները՝ մեկական հրապարակմամբ։

Ինչի՞ մասին էին տեսանյութերը

Բովանդակային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ

  • 15 տեսանյութում իշխանական պատգամավորներն անդրադառնում կամ արձագանքում էին ընդդիմությանը,
  • 1 տեսանյութը վերաբերում էր ընդդիմադիրների՝ ոտքի չկանգնելուն,
  • 3-ը՝ ԱԺ առաջին նիստին և Ռուբեն Ռուբինյանի ընտրությանը,
  • 4-ը՝ Հայկ Կոնջորյանի, նրա եղբոր և կնոջ շուրջ թեմաներին,
  • 2-ը՝ «Մուլտի Վելնես» կենտրոնի տնօրենին,
  • 7-ը՝ արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական հարցերին,
  • մնացածը՝ այլ թեմաների։

Ընդդիմադիր պատգամավորների ելույթներ կամ հարցադրումներ YouTube-ում փաստացի չեն հրապարակվել։

Facebook․ 70 տեսանյութից ընդդիմության մասնակցությամբ՝ ընդամենը երկուսը

Հանրային հեռուստաընկերության Facebook-ի էջում նույն ժամանակահատվածում հրապարակվել էր Ազգային ժողովին վերաբերող 70 տեսանյութ (ցանկը՝ հղումով)։

Ընդդիմադիր պատգամավորի միակ ելույթը, որը ներկայացվել է Facebook-ում, եղել է.

«Արամ Վարդևանյանը պարզաբանեց՝ արդյոք ցանկացե՞լ է լինել 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր» վերնագրով տեսանյութը։ Բացի դրանից, հրապարակվել էր նաև իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցը Արամ Վարդևանյանին։ Ընդդիմադիր պատգամավորների հարցերը, ելույթները կամ ճեպազրույցները Հանրայինի դիտարկված սոցմեդիայի հարթակներում առանձին հրապարակումներով չեն ներկայացվել։

Facebook-ում ամենաշատ ներկայացված պատգամավորները

  • Ռուբեն Ռուբինյան — 18 հրապարակում,
  • Վահագն Ալեքսանյան — 10,
  • Հայկ Կոնջորյան — 7,
  • Տարոն Չախոյան — 6,
  • Արթուր Հովհաննիսյան — 5,
  • մյուս պատգամավորները՝ ավելի քիչ հաճախականությամբ։

Հատկանշական է նաև, որ հրապարակումների վերնագրերում ընդդիմադիր գործիչներից  հիշատակվել է միայն Արամ Վարդևանյանի անունը՝ երեք անգամ։

Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակի» դիտարկումը ցույց է տալիս, որ Ազգային ժողովի նոր գումարման աշխատանքների լուսաբանման առաջին օրերին Հանրային հեռուստաընկերության սոցիալական հարթակներում գերակշռել են իշխանական պատգամավորների ելույթներն ու ճեպազրույցները։

YouTube-ում Ազգային ժողովի նստաշրջանին վերաբերող 60 տեսանյութից միայն երեքն էր վերաբերում ընդդիմությանը, իսկ Facebook-ում 70 հրապարակումից միայն երկուսն էին առնչվում ընդդիմադիր պատգամավորներին, ընդ որում՝ դրանցից միայն մեկն էր ներկայացնում ընդդիմադիր պատգամավորի խոսքը։

Դիտարկված ժամանակահատվածում ընդդիմադիր պատգամավորների ելույթներն ու հարցադրումները փաստացի չեն արտացոլվել Հանրային հեռուստաընկերության հրապարակումների մեծ մասում, մինչդեռ իշխանական պատգամավորների ելույթներն ու մեկնաբանությունները ներկայացվել են պարբերաբար։

Facebook–ում հրապարակված նյութերի ցանկը՝ հղումով։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

2026 թվականի օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին...

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդին

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական...

Ամոթալի է․ Փաշինյանը  օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ

Ամոթալի է․ Փաշինյանը օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդին շնորհավորում է օգոստոսի 8–ի առիթով, ու նաեւ շնորհավորում է այդ առիթով՝ Ադրբեջանի ժողովրդին։ Թվում է, թե սա պաթոս է։ Իրականում, սա եւս մի ամոթալի շերտ է, որ կա այս ուղերձում։ Ամոթալի է, որովհետեւ...

Այսօր այն օրն է, երբ խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝ փաթեթավորելով բիզնես պրոյեկտի անվան տակ․ Հովհաննես Իշխանյան

Այսօր այն օրն է, երբ խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝ փաթեթավորելով բիզնես պրոյեկտի անվան տակ․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր այն օրն է, երբ ցրեցին Մինսկի խումբը՝ անարգելով Արցախի հայերին։ Խոստացան հետ կանչել միջազգային դատարաններից մարդկության դեմ հացանգործությունների հայցերը, խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝...

Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է․Արթուր Ղամբարյան

Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է․Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքում գրել է. «ՈՐՈՇՈՒՄ դատավորի ինքնաբացարկի մասին ք. Երևան «___» __________ 2026 թ. ՀՀ __________ առաջին ատյանի դատարանի դատավոր ․․․․ (այսուհետ՝ Դատավոր), քննության առնելով թիվ ________ քրեական...