«Մեզ պարտադրվում է ալիևյան սահմանադրություն, որը ենթադրում է Անկախության հռչակագրից հրաժարում, և եկեք պատկերացնենք մի իրավիճակ, թե ինչ կլինի, եթե հանրաքվեն ունենա հաջողություն կամ հակառակը՝ հայ ժողովուրդն այնուամենայնիվ դեմ լինի նոր սահմանադրության ընդունմանը։ Մի պարագայում, եթե հանկարծ ինչ-որ ճանապարհով ալիևյան սահմանադրությունը հանրաքվեի դրվի, և հայ ժողովրդի կամքն այնպիսին լինի, որ այդ սահմանադրությունն ընդունվի, մենք կորցնում ենք մեր անկախության հիմքերը։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության անկախության համար հիմք է հանդիսացել Անկախության հռչակագիրը, և հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ մենք հրաժարվում ենք Հայաստանի Հանրապետության կարևորագույն հիմքից։ Ինչպես նաև, համաձայնելով հանրաքվեին, մենք ընդունում ենք ալիևյան այն խեղաթյուրված մոտեցումը, թե մեր սահմանադրությունն իր մեջ պարունակում է տարածքային պահանջներ։ Հակառակ պարագայում, եթե այնուամենայնիվ լինի հանրաքվե, և հայ ժողովուրդը դեմ քվեարկի այդ սահմանադրությանը, բնականաբար հակառակորդ պետության կողմից հնչելու է այն մոտեցումը, որ հայ ժողովուրդն ագրեսոր ժողովուրդ է, տարածքային պահանջներ ունի և չի ցանկանում հասնել խաղաղության։ Այսինքն՝ երկուսն էլ մեզ համար ընդունելի լինել չեն կարող և կարող են կիրառվել ի վնաս Հայաստանի Հանրապետության»,- այս մասին միավորված ընդդիմության և իրավական համայնքի հանդիպմանը նշեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






