Նոր քրեական հետապնդում է հարուցվել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

26 Հոկտեմբերի, 2025

ՀՀ իրավապահ մարմինները երկու օր է, ինչ մտորում էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական բնույթ ունեցող նոր քրեական հետապնդում հարուցելու հարցի շուրջ։ Այս մասին հայտարարություն են տարածել Վարդան Ղուկասյանի պաշտպանական խմբի անդամները։

«Ի վերջո, հոկտեմբերի 25-ին՝ շաբաթ օրով, պարզ դարձավ, որ որոշում է կայացվել նոր քրեական հետապնդում հարուցելու մասին՝ դրանից ավելի քան մեկ ամիս առաջ՝ դեռևս 2025 թվականի սեպտեմբերի 16-ին և 23-ին, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում՝ Հայաստանի այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ իր մտքերի համար՝ դրանք «որակելով» որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով)։

Գտնում ենք, որ այս մեղադրանքը որևէ աղերս չունի ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հետ և պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է հետևյալ պարզ պատճառաբանությամբ․

Առաջին՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, օգտվելով իր հիմնարար իրավունքից, ընդամենը կարծիք է արտահայտել՝ համեմատություն անելով աշխարհի այլ պետությունների կողմից միմյանց հետ փոխադարձ ընդունելի միություն կազմելու վերաբերյալ։ Վարդան Ղուկասյանն իր խոսքում մի քանի անգամ ընդգծել է, որ դա անհրաժեշտ է անել Հայաստանի Հանրապետության անկախ պետականությունը պաշտպանելով և այն պաշտպանելու համար։ Նրա խոսքը հասանելի է համացանցում։ Այդ նույն տրամաբանությամբ ստացվում է, որ վերջին ժամանակներում Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ բոլոր հայտարարությունները նույնպես պետք է վկայեն հանցագործության մասին։ Ավելին, Հայաստանն արդեն իսկ անդամ է մի շարք միությունների, որոնց թվում են՝ ՀԱՊԿ-ը, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն և այլ կազմակերպություններ։

Երկրորդ՝ այս քրեական հետապնդումը հարուցվել է այդ «հանցավոր» խոսքն արտահայտելուց ավելի քան մեկ ամիս անց՝ շաբաթ օրով, հաջորդելով այն գործողություններին, որոնք տեղի են ունեցել ընդամենը օրեր առաջ։ Իրավապահ մարմինների այս գործելաոճն ուղղակիորեն ապացույց է այն մասին, որ այս մեղադրանքն իրավական սկզբունքների հետ աղերս չունի։ Եթե այն դիտարկվում էր որպես «հանցագործություն», ինչու՞ քրեական հետապնդումը չէր հարուցվել այդ դիրքորոշումն արտահայտելուց անմիջապես հետո, այլ սպասվել է ավելի քան մեկ ամիս՝ շաբաթ օրով։

Երրորդ՝ ակնհայտ է, որ այս քրեական հետապնդումը, ինչպես նախորդը, հարուցվել է 2025 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի կողմից հնչեցված՝ Գյումրի քաղաքի ընտրված քաղաքապետին քաղաքական կյանքից դուրս շպրտելու հրահանգի շրջանակներում։

Չորրորդ՝ բռնության տարրեր չպարունակող խոսքը, որն իրականում եղել է ընդամենը դիրքորոշում, անձնական կարծիք, միջազգային բոլոր չափորոշիչների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մշակված սկզբունքների համատեքստում չի կարող երբևէ որակվել որպես հանցագործություն։

Վերոգրյալ անհերքելի փաստերի հիման վրա դատապարտում ենք հարուցված քրեական հետապնդումը և պայքարելու ենք հնարավոր բոլոր իրավական գործիքների կիրառմամբ՝ խաթարված արդարությունը վերականգնելու համար»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...

Ձեզ բոլորիդ համախմբում է մեկ ընդհանուր հանցագործություն․ դուք պետական հանցագործություն եք կատարում․ Եգանյանը՝ իշխանությանը 

«Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության գլուխ, առաջինը թիրախավորեց Հայոց եկեղեցին։ Բայց տեսնում ենք՝ ուր է դա նրան տանում։ Ոչ մի լավ տեղ չի տանում։ Նիկոլ Փաշինյանը եկավ դագաղներով․ իրենք դագաղներն էին պարեցնում։ Եվ ես չեմ կարող մոռանալ մի շատ...

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյելբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը,18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ առանձին...

Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ...