Բելառուսի և ՌԴ երկքաղաքացի ներդրողը Հայաստանի դեմ ներդրումային վեճի մասին ծանուցում է ներկայացրել

30 Հուլիսի, 2026

Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի ներդրող Նիկոլայ Վինիցկին ՀՀ կառավարությանը տրամադրել է արբիտրաժ ներկայացվելիք պահանջների վերաբերյալ ծանուցում՝ պնդելով, որ ՀՀ իշխանությունների գործողությունների հետևանքով խախտվել են Հայաստանում իր ներդրումային իրավունքներն ու տնտեսական շահերը։ Այս մասին գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«30 հուլիսի 2026 թ. Մինսկ, Բելառուս

ԲԵԼԱՌՈՒՍԻ ԵՎ ՌԴ-Ի ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԵՐԴՐՈՂԸ ԾԱՆՈՒՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԵՃԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի ներդրող պարոն Նիկոլայ Վինիցկին հայտարարել է, որ 2026 թվականի հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել է ներդրումային վեճի մասին ծանուցում՝ պաշտոնապես տեղեկացնելով արբիտրաժ ներկայացվելիք պահանջների մասին՝ ներդրումների պաշտպանության վերաբերյալ հետևյալ երեք միջազգային պայմանագրերի շրջանակում՝

• 2001 թվականի մայիսի 26-ի՝ Բելառուսի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների իրականացմանն աջակցելու և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի,

• 2001 թվականի սեպտեմբերի 15-ի՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի,

• Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի։

Այս հայցը կարող է դառնալ առաջին վեճերից մեկը, որով Հայաստանի Հանրապետության դեմ պահանջներ կներկայացվեն Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի՝ ներդրումների պաշտպանությանը վերաբերող դրույթների հիման վրա՝ ստեղծելով կարևոր նախադեպ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ներդրումների պաշտպանության համար։

2026 թվականի հուլիսի 29-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հաստատել է Ծանուցման ստացումը։

Վեճը վերաբերում է պարոն Վինիցկու ներդրումներին և տնտեսական շահերին, որոնք առնչվում են հայկական հետևյալ չորս ընկերություններին (այսուհետ՝ «Ձեռնարկություններ»).

● «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ,

● «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ,

● «ՄՈՒԼՏԻ ՎԵԼՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ,

● «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ։

Գործը վերաբերում է այն պնդումներին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում և դրանցից հետո իրականացրել է շարունակական բնույթ կրող գործողություններ, որոնց արդյունքում ապօրինաբար բռնագրավել է պարոն Վինիցկու ներդրումները, չի ապահովել դրանց՝ միջազգային իրավունքով պահանջվող պաշտպանությունը և քաղաքական նպատակներով ընդունված անհիմն, կամայական ու խտրական միջոցների կիրառմամբ էականորեն խոչընդոտել դրանց կառավարումը, շահագործումն ու դրանցից օգտվելը։

Գործը նաև վերաբերում է այն պնդումներին, որ երկարատև ժամանակահատվածում իրավապահ մարմինները, դատական իշխանությունը և տեղական ինքնակառավարման մարմինները, գործելով համակարգված կերպով և գործադիր իշխանության կողմից տրված ցուցումների հիման վրա, իրականացրել են գործողություններ՝ ուղղված Ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։ Ձեռնարկությունների հիմնական բաժնետեր պարոն Գագիկ Ծառուկյանը, որը նաև պարոն Վինիցկու գործարար գործընկերն է, ինչպես նաև Ձեռնարկությունների ղեկավարության անդամները, ձերբակալվել են, մինչդեռ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները կաթվածահար են արել Ձեռնարկությունների գործունեությունը։ Ձեռնարկությունները Հայաստանի խոշորագույն գործատուներից և հարկատուներից են։

Ներդրողը Կառավարությանը կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած հետագա գործողությունից, որը կհանգեցնի Ձեռնարկությունների բռնագրավմանը կամ այլ կերպ կխաթարի պարոն Վինիցկու իրավունքներն ու տնտեսական շահերը։ Նա նաև պահանջել է, որ Կառավարությունը վերականգնի նախկին իրավական և փաստացի վիճակը, այդ թվում՝ Ձեռնարկությունների կառավարումն ու վերահսկողությունը վերադարձնելով դրանց օրինական բաժնետերերին և կառավարման մարմիններին, ձեռնպահ մնալով հայտարարված ազգայնացման միջոցառումների իրականացումից և հնարավորություն ընձեռելով Ձեռնարկություններին վերսկսել իրենց բնականոն տնտեսական գործունեությունը՝ առանց պետական կամ քաղաքական միջամտության։

Ծանուցմամբ Հայաստանի Հանրապետությանը առաջարկվում է վեճը կարգավորել բանակցությունների միջոցով։ Միաժամանակ, դրանում արձանագրվում է պարոն Վինիցկու կողմից Հայաստանի Հանրապետության՝ արբիտրաժին տրված համաձայնության ընդունումը ներդրողի կողմից՝ կիրառելի երեք միջազգային համաձայնագրերի շրջանակում։

Եթե վեճը հնարավոր չլինի կարգավորել բանակցությունների միջոցով, պարոն Վինիցկին մտադիր է հարուցել միջազգային ներդրումային արբիտրաժային վարույթ՝ պահանջելով ամբողջական փոխհատուցում Հայաստանի Հանրապետության կողմից կիրառելի ներդրումային համաձայնագրերով և Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտմամբ իրեն պատճառված վնասների համար»,- նշված է Վինիցկիի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր

Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին. Գառնիկ Դանիելյան

Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ներկայությամբ, Գանձասարի վանական համալիրում ցուցաբերեց լկտի և ցինիկ պահվածք՝ դատարկ գրքեր ցույց տալով և ծաղրելով մեր...

Մոտ ապագայում ակնկալում ենք եռակողմ հանդիպում. Պեսկով

Մոտ ապագայում ակնկալում ենք եռակողմ հանդիպում. Պեսկով

Ռուսաստանը ակնկալում է, որ մոտ ապագայում ուկրաինական հարցի կարգավորման շուրջ կկայանա ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ հանդիպում  Այս մասին այսօր «Իզվեստիա»-ին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում», - ասել է նա։...

Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Նվիրական օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,...

Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «ՈՒԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենան Վայքի վարչական տարածքում Զոմայի Սուրբ տանող ճանապարհին գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, մեկ հոգի...

Ջերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200-ից ավելի կյանքեր. Բադալյան

Ջերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200-ից ավելի կյանքեր. Բադալյան

«Այսօր լրանում է ջերմուկյան մարտերի կամ «երկօրյա պատերազմի» չորրորդ տարելիցը։ Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր եւ կորցրեց տարածքներ։ Այդ պատերազմը դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպուլյացիայի «անկյունաքարերից» մեկը»,- գրել է քաղաքական մեկնաբան...