Բաթումում անկարգությունների պատճառով ստիպված են եղել դադարեցնել թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» հանդիպումը։
Բաթումի խաղին ժամանել էր թուրքական թիմի շուրջ 15 հազար երկրպագու։ Ոստիկանության հետ բախումները սկսվել են նախ երթի ժամանակ, երբ թուրքական թիմի երկրպագուները հրաժարվել են ենթարկվել ոստիկանների պահանջներին և սկսել են ագրեսիվ վարք դրսևորել։ Ավելի ուշ ոստիկանության հետ զանգվածային բախում է տեղի ունեցել արդեն խաղի ընթացքում։ Հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Ոստիկանությունը ամբոխը ցրելու համար հատուկ միջոցներ է կիրառել, ինչից հետո հանդիպումը վերսկսվել է։ Ըստ ԶԼՄ-ների՝ 16 հոգի ձերբակալվել է։
Սկզբում հանդիպումը պետք է անցկացվեր Թուրքիայում, սակայն ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ անվտանգության հետ կապված ռիսկերի պատճառով, խաղի անցկացման վայր է ընտրվել չեզոք դաշտը՝ «Բաթումի Արենան»։
Միջադեպը քաղաքական արձագանք է ստացել Թուրքիայում։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը քննադատել է վրացի ոստիկանների գործողությունները՝ անընդունելի համարելով, իր խոսքով, Պաղեստինի դրոշը պարզելու համար թուրք երկրպագուների նկատմամբ ուժի կիրառումը։
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է այս պնդումը՝ հայտարարելով, որ բախումները սկսվել են դեռ մինչև մարզադաշտում պաղեստինյան դրոշների և պաստառների հայտնվելը։





