Ազգի վաղվա օրը կերտվում է այսօր. Հայր Ռուբեն

26 Հուլիսի, 2026

Հաճախ ենք ասում՝ «մանուկները մեր ապագան են», բայց ես կավելացնեի՝ նրանք հատկապես մեր ներկան են, Զանգակատան հոգևոր բակային ճամբարի փակման արարողությանն ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

«Նայելով ձեզ՝ տեսնում եմ ոչ միայն հոգևոր ճամբարի ութսուն մասնակից փոքրիկների, այլև ութսուն ութսուն ապագա, ութսուն դեռ չբացված գիրք, որի ամենագեղեցիկ էջերը դեռ առջևում են։ Ո՞վ գիտե, գուցե այստեղ կանգնած է ապագա գիտնական, որը նոր հորիզոններ կբացի մարդկության համար, ապագա բանաստեղծ, որի խոսքը սրտեր կներշնչի, ապագա երաժիշտ, որի երգը հոգիներ կջերմացնի, ապագա զինվորական, բժիշկ, ուսուցիչ կամ հոգևորական, որի ծառայությունը կյանքեր կվերափոխի։ Ոչ ոք աշխարհ չի գալիս դատարկաձեռն։ Աստված ամեն մեկիս սրտում դնում է իր շնորհներից՝ սպասելով, որ դրանք բացահայտվեն և պտուղ բերեն։ Աստծո տված շնորհը նման է սերմի․ այն օժտված է մեծ ծառ դառնալու զորությամբ, բայց կարիք ունի պարարտ հողի, արևի, ջրի և հոգատար խնամքի։ Նույնպես ամեն մանկան մեջ Տեր Աստված դրել է կարողություններ, որոնք բացահայտվում և զարգանում են սիրո, կրթության, դաստիարակության և առողջ միջավայրի շնորհիվ։

Այս ճամբարը հենց այդպիսի մի բարեբեր միջավայր է՝ փոքրիկ մի պարտեզ, որտեղ դուք ոչ միայն խաղում-ուրախանում եք, այլև սովորում եք կյանքի կարևոր դասերը՝ ընկերություն, համերաշխություն, ներողամտություն, աղոթք, միմյանց հանդեպ սեր և հոգատարություն։ Սրանք այն դասերն են, որոնք գրվում են մարդու սրտում և ուղեկցում նրան ամբողջ կյանքում։

Զանգակատունը հնչեղ անուն է՝ հատկապես Պարույր Սևակի անմահ ստեղծագործության շնորհիվ։ Բայց այն նաև հայրենի բնության մի գողտրիկ ու անաղարտ անկյուն է, որն իր պարզությամբ ու մաքրությամբ կարծես հիշեցնում է մեզ, որ աշխարհի մեծագույն արժեքները հաճախ ծնվում են ամենահամեստ վայրերում։ Փոքր համայնքները երբեք փոքր չեն, երբ այնտեղ մեծ սրտեր են ձևավորվում, լուսավոր մտքեր են ծնվում և ազնիվ հոգիներ են կերտվում։

Այսօր ես տեսա, որ Զանգակատունը միայն գեղեցիկ բնություն չէ․ այն նաև գեղեցիկ հոգիների և լուսավոր սերնդի բնօրրան է։

Հաճախ ենք ասում՝ «մանուկները մեր ապագան են»։ Բայց ես կավելացնեի՝ նրանք հատկապես մեր ներկան են։ Այսօրվա մեր վերաբերմունքով, սիրով և դաստիարակությամբ մենք կերտում ենք վաղվա օրը։ Եթե այսօր նրանց մեջ սեր ենք սերմանում, վաղը համերաշխություն ենք հնձելու։ Եթե այսօր հավատ ենք սերմանում, վաղը տեսնելու ենք առաքինի և հոգով ամուր սերունդ։ Եթե այսօր հայրենասիրություն ենք սերմանում, վաղը ունենալու ենք զորեղ պետություն։ Եթե այսօր ազնվություն ենք սերմանում, վաղը կառուցելու ենք արդար հասարակություն։

Ազգի վաղվա օրը կերտվում է այսօր՝ մանկության տարիներին սերմանված արժեքներով, հավատքով և դաստիարակությամբ։

Ինձ հրավիրել էիք այստեղ՝ ձեզ ոգեշնչելու, բայց այս հանդիպման ավարտին պիտի խոստովանեմ՝ ինքս եմ ոգեշնչված։ Ձեր անկեղծ աղոթքը, ձեր մանկական ուրախությունը, ձեր ընկերական սերն ու պայծառ ժպիտները իմ սրտում կրկին ամրացրին այն համոզումը, որ Աստված շարունակում է գործել իր ժողովրդի մեջ։

Որտեղ կան ձեզ պես մանուկներ, ձեզ սնող, կրթող այսպիսի նվիրյալ ծնողներ ու ուսուցիչներ, այնտեղ կա ապագայի հույս։ Եվ այդ հույսը մեզ կոչում է շարունակելու մեր առաքելությունը՝ ավելի մեծ հավատով, սիրով և եռանդով։

Ուստի, հեռանալիս, ձեզնից մեկ խնդրանք ունեմ։ Թող այս հոգևոր ճամբարը չմնա միայն գեղեցիկ հիշողություն։ Թող այն դառնա ձեր կյանքի ճանապարհի մի փոքրիկ, բայց լուսավոր հանգրվան։ Որտեղ էլ լինեք, եղե՛ք այն լույսը, որի մասին մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է․ «Դո՛ւք եք աշխարհի լույսը» (Մատթ. Ե 14)։ Լույսը շողարձակում է, և խավարը ինքն իրեն նահանջում է։

Արժանապատիվ, սիրելի՛ Տեր Հովակիմ, այս առիթով մեր հայրական երախտագիտությունն ու օրհնությունն ենք բերում Ձեզ, ձեզ օգնական այս կենսախինդ ջոկատավարներին, համայնքապետարանի նվիրյալ աշխատակիցներին և ձեզ՝ սիրելի՛ ծնողներ։

Դուք ստեղծել եք մի միջավայր, որտեղ երեխաները զգում են Աստծո սերը, մեր Սուրբ Եկեղեցու հոգատարությունը և համայնքի ջերմությունը։ Դուք նրանց սրտերում ցանում եք հավատքի, ընկերության և բարության սերմեր։ Տարիներ անց, երբ այս մանուկներն ու պատանիները հասակ առնեն, նրանք գուցե չհիշեն ճամբարի բոլոր մանրամասները, բայց կհիշեն ամենակարևորը՝ այն զգացումը, որ իրենք սիրված են Աստծո կողմից, սիրված են Եկեղեցու և իրենց համայնքի կողմից, և կոչված են մեծ ու բարի գործերի։ Այդպիսի հիշողություններն են, որ երբեմն փոխում են մարդու ամբողջ կյանքը։

Տեր Աստված թող օրհնի Զանգակատուն համայնքը, օրհնի մեր սիրասուն մանուկներին, մեր ընտանիքները և բոլոր նրանց, ովքեր իրենց սերն ու նվիրումն են բերում այս գեղեցիկ գործին։

Թող Աստված օրհնի մեր ժողովրդի ներկան և լուսավորի նրա ապագան։ Ամեն»,-նշել է Սրբազան Հայրը։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ-ն ընտրում է հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ և ԿԲ խորհրդի անդամների

Տեղի է ունենում ԱԺ քառօրյան։ Օրակարգում 12 հարց է, որից 9-ը քննարկվել-քվեարկվել է։ Այժմ պատգամավորներն ընտրում են հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ և ԿԲ խորհրդի անդամների։ Օրակարգը՝ այստեղ։  Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս ժողովրդի հասցեին սխալ հայտարարություն արած եւ ՌԴ դեսպանության ու Մարիա Զախարովայի արձագանքին արժանացած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հնարավոր է «մատաղ անեն»՝ հայ-ռուսական հարաբերությունները փոքր-ինչ շտկելու հույսով։ Հիշեցնենք․ մի...

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. « Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն անցան բացառապես լարված, անհավասար և աննախադեպ ճնշումներով ուղեկցվող միջավայրում։ Իշխանության կողմից գործադրվող տոտալ ճնշումների, թիրախային կալանավորումների, վարչական ռեսուրսի անդադար...

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը, մեր տեղեկություններով, վերջին շաբաթներին վատթարացել է: Նա չէր մասնակցում Հոկտեմբերի 27-ի հիշատակի արարողությանը հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելուն, նաեւ չեղարկել է վերջին շրջանի մի շարք...

Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ»

Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչների ձերբակալության գործով իրավապահներին դիմած անձինք, քննությունը «ստանալու» ակնկալիքով, գումար են փոխանցել, սակայն քննությունից «կտրվել» են։ «Ժողովուրդ» օրաթերթին Երևանի պետական...