ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անում։ Օրակարգում մեկ հարց է՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին։
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը:
Վարկային ծրագրի նպատակներն են աջակցել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը եւ իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը եւ նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում:
Վարկային ծրագիրը արդյունքահեն է, այսինքն՝ վարկային գումարից մասհանումներն իրականացվելու են նախապես համաձայնեցված եւ սահմանված թիրախներին /մասհանման հետ կապակցվաց ցուցանիշներ՝ ՄԿՑ/ հասնելու դեպքում: Վարկային ծրագրի փաթեթի նախապատրաստումը տեւել է շուրջ մեկ տարի, եւ ցուցանիշները մշակվել են Առողջապահության նախարարության, Ֆինանսների նախարարության եւ Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի եւ համաձայնեցման արդյունքում:
Վարկային ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցները նախատեսվում է ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարների տրամադրմանը: Յուրաքանչյուր տարի տրամադրվող գումարների չափը եւ եղանակը ենթակա է համաձայնեցման Ֆինանսների նախարարության հետ՝ ամենամյա բյուջեի քննարկման շրջանակներում:
«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի ընդունումից է կախված թե ծրագրի անհրաժեշտությունը, եւ թե սահմանված ցուցանիշներին հասնելը:
Ծրագրի ավարտի ամսաթիվը 2029 թվականի սեպտեմբերի 30-ն է:
- Վարկի գումար՝ 102,000,000 եվրո,
- Վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
- Վարկի լողացող տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա EURIBOR + լողացող սպրեդ, 16.08.2024թ. դրությամբ կազմում է 4.577% (3.367% + 1.21%),
- Պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկվում է համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,
- Միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ քան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում,
- Վարկի մարման ժամկետ՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի,
- Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին,
- Մայր գումարի մարումն իրականացվելու է սկսած 2039թ. հուլիսի 15-ից մինչեւ 2049թ. հունվարի 15-ին՝ վարկի գումարի 5% հավասարաչափ չափաբաժիններով:
ԱԺ հանձնաժողովի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։