ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԱԺ առաջին նիստում․
«Ուզում եմ խոսքը սկսել նախ շնորհակալություն հայտնելով գրեթե 150 000 այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել մեզ, ովքեր գնահատել են, չնայած այն ամբողջ տեղեկատվական տեռորին, որը կար, գնահատել են մեր անցած ճանապարհը, հավատացել են, որ հենց մենք ենք ի վիճակի ժողովրդին բերել իրական խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն։
Ուզում եմ առհասարակ շնորհակալություն հայտնել նաև գրեթե 600 000 այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են ընդդիմությանը։ Ես գիտեմ, թե ինչ էր կատարվում ձեր շուրջը՝ այն վախի մթնոլորտը, սպառնալիքները, տեղեկատվական սուտը, որ կար, և այդ ամենին զուգահեռ դուք կարողացաք ճիշտ կողմնորոշվել։
Շատերին թվում էր, թե ընտրություններ կեղծելը այն կարմիր գիծը կլիներ, որը Նիկոլ Փաշինյանը երբեք չէր անցնի։ Սակայն այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ նրա համար կարմիր գծեր, ըստ էության, չկան։
Ես համոզված եմ, որ «Քաղաքացիական պայմանագրին» ձայն տված մեր շատ հայրենակիցներ այդ քվեն տվել են հսկայական ներգործության արդյունքում, որը տեղի է ունեցել թե՛ իրենց մտածողության, իսկ որոշ դեպքերում նաև կամքի վրա անթույլատրելի ներգործության արդյունքում։
Սիրելի հայրենակիցներ, նախընտրական շրջանն աչքի ընկավ աննախադեպ քաղաքական հետապնդումներով, իշխանության կողմից վախի մթնոլորտի սերմանմամբ, պետական բյուջեի միջոցների օգտագործմամբ իրականացվող քարոզչությամբ և սոցիալական ծրագրերի քողի տակ, ըստ էության, ընտրակաշառքի բաժանմամբ։
Աննախադեպ էր նաև արտաքին միջամտությունը։ Փաշինյանն այնքան անհրաժեշտ էր օտարերկրյա ուժերին, որ, խախտելով միջազգայնորեն ընդունված սկզբունքները, փաստացի ուղղակիորեն նրանք միջամտեցին Հայաստանի ընտրական գործընթացին։ Սակայն ցավն այն է, որ այդ աջակցության գինը վճարելու է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիրը» կամ Նիկոլ Փաշինյանը, այլ վճարելու է ամբողջ մեր հայ ժողովուրդը։
Եվ չնայած այս ամենին, այս պայմաններում «Քաղաքացիական պայմանագիրը» չստացավ 50+1% քվե։ Եվ ի՞նչ եղավ դրանից հետո։ Երբ որ տեսան, որ դա չեղավ, դիմեցին, իմ կարծիքով, այսպես ասած, կեղծիքների կուլմինացիային։ Գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբ խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պարզապես զրկեցին այստեղ լինելուց ու գողացան, գողացան այդ ձայները։
58 500 քաղաքացու ձայն գողացվեց։ Կներեք, բայց ուրիշ ձև որակել, քան գողություն, շատ դժվար է։ Ինչ արվեց՝ սա, երևի թե, երկրորդը չունենալու և գոնե երրորդը ունենալու համար դիմած քայլ էր։
Սիրելի հայրենակիցներ, մեր այստեղ լինելու նպատակներից է նաև բացահայտել այս ամենը, խոսել այս ամեն ինչի մասին, ցույց տալ իրականությունը, հնարավորինս պարզ, ուղիղ, հասկանալի հասցնել այս ամենը մեր ժողովրդին։
Իսկ այն, ինչ այսօր կատարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, մի կողմից ինձ շատ ծանոթ է, և այն ոչ միայն հակաիրավական է, ոչ միայն հակամարդկային է, այլև խորապես անբարոյական է։
Անցած հինգ տարիները թերևս մեր նորագույն պատմության ամենածանր տարիներից էին։ Արցախը հայաթափվեց, շուրջ 150 000 մեր արցախցի հայրենակիցներ զրկվեցին իրենց հայրական տնից և հարազատների շիրիմներին այցելելուց։
Սակայն ողբերգությունների այս շղթան չի ավարտվելու, քանի դեռ իշխանության է այն մարդը, ով կարող էր կանխել 44-օրյա պատերազմը, բայց չարեց, ով կարող էր կանխել Արցախի կորուստը, բայց չարեց, ով կարող էր կանխել հազարավոր հայորդիների զոհվելը, բայց չարեց։ Փոխարենը ամեն անգամ հմտորեն նշանակվում էին մեղավորներ՝ այդ կերպ մոլորեցնելով մեր ժողովրդին։
Անցած տարիներին այլակարծության դեմ հետապնդումներն ավելի սաստկացան։ Օրվա իշխանությունը նույնիսկ հարձակվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, անգամ ձերբակալվեցին, կալանավորվեցին մեր սրբազան հայրերը, իսկ նախընտրական շրջանում տեղի ունեցող աննախադեպ ձերբակալություններն ու կալանավորումները, համոզված եմ, աննախադեպ էին ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային քաղաքական պրակտիկայի տեսանկյունից։
Այս ամենին գումարվեցին նաև անգրագետ կամ, միգուցե, գիտակցված արտաքին քաղաքականության քայլերը, որոնք բերեցին նրան, որ Հայաստանը վերածվեց գերտերությունների շահերի բախման կետերից մեկի։
Որպես ընդդիմություն, սիրելի հայրենակիցներ, մենք դեռևս չենք հասել մեր նպատակին, բայց նաև չենք նահանջել, չենք ընկրկել, նույնիսկ մեկ վայրկյան։
Մենք և բազմաթիվ այլ ընդդիմադիր գործիչներ այս տարիներին ենթարկվել ենք հալածանքների, ապօրինի կալանավորվել և խոշտանգվել։
Այս դահլիճում ես տեսնում եմ բազմաթիվ ընդդիմադիր գործիչների, որոնց նկատմամբ հարուցված են շինծու քրեական գործեր, իսկ մեր գործընկերը՝ ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր Արթուր Սարգսյանը, մինչ օրս ապօրինի պահվում է կալանքի տակ՝ օրենքի ուղիղ պահանջի կոպիտ խախտմամբ, քանի որ պատգամավոր դառնալով՝ նա պետք է անմիջապես ազատ արձակվեր։
Գրեթե ամեն օր այս ամենի ֆոնին հանրությունը, մենք բոլորս, լուրեր ենք կարդում տարբեր տեսակի հանցագործությունների մասին՝ շատ ժամանակ զենքի, հրազենի կիրառմամբ։ Թմրամիջոցների շրջանառությունն ու հասանելիությունը դարձել են կարծես սովորական մի բան։
Եվ ես համոզված եմ, որ եթե այն ջանքն ու եռանդը, որն այսօր ուղղվում է ընդդիմախոսներին հետապնդելուն, եթե այդ ջանքը ուղղվեր այս ամենի կանխմանը, այդ հանցագործությունների բացահայտմանը, շեշտակի կնվազեր հանցագործությունների քանակը։
Այսօր իրավապահ համակարգի գլխավոր նպատակը դարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին ահաբեկելը։ Այն վերածվել է քաղաքական իշխանության ցանկացած ապօրինի հրահանգ կատարելու գործիքի՝ անտեսելով իրական առաքելությունը։
Իմ աջակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր այս պահին անցնում են տարբեր քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով և ենթարկվում են հետապնդման։
Այս ամբիոնը և մեզ վստահված պատգամավորական մանդատը մենք շարունակելու ենք օգտագործել նաև ձեր նկատմամբ իրականացվող ապօրինությունների դեմ պայքարելու և դրանք կանխելու համար։
Սիրելի հայրենակիցներ, այս իշխանությունը չի գործում մեր ժողովրդի և հայրենիքի շահերից, և հենց այդ պատճառով ոչ միայն չենք նահանջելու մեր պայքարից, չենք լռելու, չենք հանձնվելու, այլև վստահ եմ, որ միասին կարող ենք հասնել մեր երազած Հայաստանին»։
Մանրամասն՝ տեսանյութում։




