Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից քարոզչական դաշտ նետված այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» նարատիվը պատմությունը վերաշարադրելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրագործած էթնիկ զտումներն արդարացնելու և Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելու նպատակ է հետապնդում։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավորն այս մասին ասել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։
«Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նոր քարոզչական արշավ է սկսել՝ փորձելով վերաշարադրել պատմությունն այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» պահանջով, որն ընդգրկում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Այս նարատիվը նպատակ ունի արդարացնել արցախահայության էթնիկ զտումները և հող նախապատրաստել նոր ներխուժման համար՝ հայկական հողերն անվանելով «պատմական Ադրբեջան»»,-ասել է Ինյարիտուն։
Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանը նման հայտարարություններով նպատակ ունի դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրել Եվրամիության վրա։
«Շատ պարզ է, որ այս հայտարարությունների վերջնական նպատակը ԵՄ-ի վրա դիվանագիտական ճնշում գործադրելն է՝ փորձելով կառույցի գործունեությունն ավելի համապատասխանեցնել Ադրբեջանի շահերին՝ հաճախ օգտագործելով էներգետիկ գործարքները»,-ընդգծել է Ջոն Ինյարիտուն:
Անդրադառնալով Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանից հնչող դժգոհություններին և առաքելության գործունեության դեմ քարոզչություն իրականացնելու Բաքվի նպատակներին՝ պատգամավորը կարևոր է համարել, որ ԵՄ դիտորդական առաքելության մանդատը հստակորեն ուրվագծված է հենց ԵՄ-ի կողմից։
«ԵՄ դիտորդական առաքելությունը կենտրոնանում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող իրավիճակի մոնիթորինգի, կայունության խթանման և հետագա հակամարտությունը կանխելու համար միջազգային համաձայնագրերի պահպանման վրա:
Այս առումով առաքելության վերաբերյալ Ադրբեջանի մտահոգությունները դժվար է հասկանալ, հատկապես մի երկրի համար, որը, թվում է, ձգտում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,-նշել է պատգամավորը:
Նրա դիտարկմամբ՝ ԵՄ դիտորդական առաքելության դեմ Ադրբեջանի բողոքները կարող են ի հայտ գալ նաև երրորդ երկրների՝ մասնավորապես Թուրքիայի կամ Ռուսաստանի ճնշումների հետևանքով:
«Առաքելությունը կոչված չէ մի կողմին մյուսի նկատմամբ գերադասելու, ոչ էլ հետախուզական գործունեությամբ է զբաղվում: Նրա հիմնական նպատակն է նպաստել տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը, ինչն, անշուշտ, հակասում է հերթական անգամ Հայաստան ներխուժելու Ադրբեջանի փորձերին»,-նկատել է Ինյարիտուն։