Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը՝ կապված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» հետ, որը կարելի է անվանել «ни рыба ни мясо»: Այս մասին գրել է իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Ահա մի քանի մասնագիտական դիտարկումներ.
- ՀՀ Սահմանադրական դատարանը, քննելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականությունը, արձանագրեց, որ օրենքը ընդհանուր առմամբ համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն դրա կիրարկումը ենթակա է խիստ սահմանադրական հսկողության՝ անձնական տվյալների պաշտպանության, սեփականության իրավունքի և իրավական որոշակիության սկզբունքների շրջանակում:
1.1 Դիրքորոշման արժեքը ձգտում է զրոյի։
- ՍԴ որոշման բովանդակությամբ հաստատվեց, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը հնարավոր է համարել սահմանադրական, եթե այն կիրառվում է որպես բացառիկ միջոց՝ հանրային շահի և իրավունքի գերակայության սկզբունքներին համապատասխան:
2.1Իրավական նախադրյալ է ստեղծվում ցանկացած քաղաքական հետապնդում դիտարկել «հանրային շահ» և շարունակել հետապնդումը։
- Դատարանը ընդգծեց, որ օրենքի կիրառության համար անհրաժեշտ է ապահովել հանցագործության և բռնագանձվող գույքի միջև պատճառահետևանքային կապի առկայություն կամ առնվազն հիմնավոր կասկած այդ կապի վերաբերյալ, հակառակ դեպքում չի ապահովվի սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության սահմանադրական համաչափությունը:
3.1 «Պատճառական կապի հիմնավոր կասկածը» իրավական նախադրյալ է քաղաքական հետապնդման համար «հիմնավոր կասկած» եզրույթի առաձգականության պատճառով։
- ՍԴ-ն օրենքը չճանաչեց հակասահմանադրական՝ նշելով, որ Դիմողի կողմից ներկայացված փաստարկները բավարար չէին, քանի որ դրանք չեն վերաբերում օրենքի կոնկրետ դրույթների սահմանադրականության հիմնավորված ստուգման պահանջին, այլ ներկայացված էին ընդհանուր ձևակերպումներով:
4.1 Մեծ հաշվով չպատճառաբանված հետևություն։
- Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ սեփականության իրավունքի սահմանափակումը կարող է համարվել լեգիտիմ, երբ այն բխում է հանրային շահից, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի և հանցավոր գույքի շրջանառության կանխարգելման անհրաժեշտությունից, բայց օրենքի կիրառման շրջանակը պետք է սահմանափակվի հստակ չափանիշներով:
5.1 Հարցի լուծումը «նետվեց» ԱԺ տիրույթ և այլևս վերջինիս հայեցողության տակ է։ Հատկանշական է, որ ՍԴ որոշումների չկատարումը Հայաստանում հանդիսանում է տարածված խնդիր և հիմքեր չկան եզրահանգելու, որ այս դեպքում ՍԴ որոշման պահանջը իրագործվելու է։
- Որոշմամբ արձանագրվեց, որ օրենքով սահմանված գույքի ուսումնասիրության ժամկետների բացակայությունը, ինչպես նաև օպերատիվ հետախուզական տվյալների հիմքով վարույթ սկսելու հնարավորությունը կարող են առաջացնել անհամաչափ միջամտության վտանգ՝ անհրաժեշտ է իրավակիրառ պրակտիկայում ապահովել համաչափության սկզբունքի պահպանումը:
6.1 Տ՛ես 5.1-ի պատճառաբանությունը։
- ՍԴ-ն ընդունեց, որ օրենքով նախատեսված «ապօրինի ծագում ունեցող գույք» հասկացությունը չի պահանջում հանցագործության հաստատում, բայց այդ դեպքում ծագման ապօրինության հիմնավորումը պետք է բխի ողջամիտ և հիմնավորված դատողությունից՝ համապատասխանելով ՄԻԵԴ չափանիշներին:
7.1 Հետևության առաձգականությունը ստեղծում է տարաբնույթ ընկալում և երկփեղկվածության հիմքեր է ստեղծելու։
- Որոշման մեջ ՍԴ շեշտեց, որ օրենսդիրի կողմից օգտագործված անորոշ իրավական հասկացությունները, այդ թվում՝ «ապօրինի ծագում», իրավակիրառի կողմից պետք է մեկնաբանվեն այդ հասկացություններին համապատասխան իրավաչափ նպատակների շրջանակում՝ խուսափելով կամայական միջամտությունից:
8.1 Տե՛ս 7.1-ի հիմնավորումները։
- Սահմանադրական դատարանը գտավ, որ օրենքի կիրառման ընթացքում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել՝ արդյոք պետական մարմինները կարողանում են պահպանել սեփականության իրավունքի սահմանափակման համար հարկադիր անհամաչափության արգելքը, ինչը ենթադրում է զսպվածություն և դատական վերահսկողություն:
9.1 Տե՛ս 7.1-ի հիմնավորումները։
- ՍԴ-ն Դիմողի պնդումները բավարար չհամարեց՝ ընդգծելով, որ առանց կոնկրետ նորմերի հակասահմանադրականության մանրամասն վերլուծության, դատարանը չի կարող ընդունել դիմումը ամբողջ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հիմքով։ Այսպիսով, դատաքննության ենթակա դարձան միայն կոնկրետ հիմնավորված հարցադրումները:
10.1 Իրավական համարձակության բացակայություն։
Վերլուծության եզրափակում
Որոշումը իրավական առումով ընդգծում է, որ ՍԴ-ն հրաժարվել է օրենքը ճանաչել հակասահմանադրական՝ հիմնականում հիմնավորված դիմումի բացակայության պատճառով, և ոչ թե նրա համար, որ օրենքի բոլոր դրույթները բացարձակապես համապատասխանում են Սահմանադրությանը։ Այսպիսով, դա հաստատում է օրենքի սահմանադրականությունը միայն քննության ենթարկված շրջանակում՝ թողնելով հարցեր բաց՝ իրավակիրառ պրակտիկայի համար»,- նշեց նա: