Անընդունելի ենք համարում եկեղեցու ներքին կառավարմանը աշխարհիկ իշխանությունների միջամտություններն ու սպառնալիքները. հայտարարություն

28 Նոյեմբերի, 2025

«Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով» (Ա Կորնթ. Ա 10)

Մտահոգ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ և եկեղեցու ներսում ծավալվող իրադարձություններով՝ վերահաստատում ենք մեր ուխտը՝ հավատարիմ մնալով ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրությանը և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ «ուղիղ վարդապետությամբ մեզ ուսուցանում է ճշմարտության խոսքը» (Խորհրդատետր)։ Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության՝ Վարդապետաց դասն է հայտարարություն տարածել։

«Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ անընդունելի ենք համարում եկեղեցու ներքին կառավարմանը աշխարհիկ իշխանությունների միջամտություններն ու սպառնալիքները։

Անհանդուրժելի ենք նկատում իշխանական մեքենայությունների միջոցով բարձրաստիճան հոգևորականներին և քահանաներին թիրախավորելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահազրկման օրակարգը սպասարկելու նպատակով եկեղեցու միասնականությունը պառակտելու ակնհայտ փորձերը։

Եկեղեցու ներսում ծագած դավանական, վարդապետական, ծիսականոնական և կարգապահական խնդիրները բացառապես լուծվում են Սուրբ Հոգու ներշնչմամբ, Հայ Եկեղեցու կանոնական ընթացակարգերով, «միակամ և միախորհուրդ»՝ առանց հոգևորականների և իրավասու ժողովական մարմինների իրավունքների յուրացման։

Ազգային-եկեղեցական ժողովով ընտրված և վավերական օծում ունեցող Հայոց Հայրապետն ունի Սուրբ Հոգու պարգևելի բոլոր շնորհները, որոնք բաշխվում են հոգևոր սպասավորներին՝ ձեռնադրության խորհրդով կամ հայրապետական տվչությամբ։

Նվիրապետական կարգի մեջ բոլորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ըստ այն շնորհների, որոնք հիշվում են ձեռնադրության աղոթքների մեջ։ Ո՛չ ոք չի կարող եկեղեցական իր իշխանության սեփականություն դարձնել այնպիսի իրավունքներ, որոնք ձեռք են բերվում քաղաքական հանգամանքներով կամ արտաքին միջամտությամբ։ Եվ քանի որ հոգևորականը ձեռնադրությամբ ստանում է այնքան, որքան հիշվում է Սուրբ Խորհրդի ընթացքում, այս սկզբունքից շեղվողը չարաշահում է իր իշխանությունը և դատապարտելի է Հայ Եկեղեցու վարդապետությամբ։

Աներեր մնալով մեր հոգևոր առաքելության մեջ՝ պատգամում ենք մեր եկեղեցու քահանայից դասին և հավատացյալներին՝ չգայթակղվել և չտրտմել հոգևորականության հասցեին հնչած զրպարտություններից և հալածանքներից, չօտարանալ Մայր Եկեղեցու հոգևոր կյանքից։ Փորձություններով լեցուն այս շրջանում ակնկալում ենք ձեր մասնակցությունը եկեղեցու աղոթական և խորհրդական կյանքին՝ հայցելով, որ Աստված ապաշխարության ճանապարհով մաքրագործի ու հավատի մեջ զորացնի մեզ ամենքիս՝ միասնության մեջ պահելով մեր Սուրբ Եկեղեցին և անսասան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Եկեղեցիները ո՛չ պարգևն են թագավորների, ո՛չ ճարտար արվեստ են, ո՛չ գյուտն են իմաստունների, ո՛չ ավարը զինվորների քաջության և ո՛չ էլ խաբեությունը դևերի, այլ շնորհն են Մեծ Աստծո։ Նրա հիմքերը դրված են հաստատուն վեմի վրա, որ ոչ ներքևինները կարող են խախտել, ոչ վերինները շարժել։ Եվ այն, ինչ երկինքն ու երկիրը չեն կարող սարսել, մարդկանցից ոչ ոք թող չհավակնի հաղթել նրան» (Սուրբ Եղիշե Վարդապետ)»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...