ԱՄՆ-ն կդադարեցնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որպես միջնորդ հանդես գալու փորձերը, եթե խաղաղ համաձայնագրի կնքման հստակ նախանշաններ ի հայտ չգան, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Փարիզում եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի հարցում, բայց ունի նաև շատ այլ գլոբալ առաջնահերթություններ և կարող է այլ ուղղության վրա կենտրոնանալ, եթե համաձայնագրի կնքման հարցում առաջընթացի նշաններ չլինեն։
«Այժմ մենք մոտենում ենք այն պահին, երբ պետք է որոշենք՝ հակամարտության կարգավորումը հնարավո՞ր է ընդհանրապես, թե՞ ոչ։ Այդ իսկ պատճառով մենք ներգրավում ենք երկու կողմերին։ Մենք չենք պատրաստվում շարունակել այդ աշխատանքը շաբաթներով և ամիսներով», — ասել է Ռուբիոն։