Սենց էլ անորոշ վիճակ. Հովսեփ Կուբատյան

5 Մայիսի, 2025

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի գրառումը. «Մի կողմից Տիգրան Ավինյանը հանձնարարում է մաքրել կանաչ տարածքները գովազդային վահանակներից, մյուս կողմից՝ ամենականաչ հատվածներից մեկում տեղադրվում է նոր վահանակ։ Սենց էլ անորոշ վիճակ։
Ապրիլի 21-ի խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարել է․ «Մենք, ընդհանուր առմամբ, կարգավորման բավականին խիստ դաշտ ենք սահմանել գովազդների համար, ինձ թվում է 2 լրացումներ ունենք անելու, որոնք որ չունենք կարգավորված։ Առաջին լրացումը այն մասին պետք է լինի, որ, համենայնդեպս, հետագայում, ԱՅՍ ԿԵՏԻՑ ՍԿՍԱԾ՝ հողային հատվածներում, գազոնի համար նախատեսված հատվածներում Երևանի քաղաքապետարանը ուղղակի հնարավորություն չունենա տալու գովազդային վահանակ, կրիչ, որևէ բան։ Այսինքն՝ այն հատվածներում, որտեղ կանաչապատման ՀՈԱԿ-ը պետք է գործի։ Այդ հատվածներից եկեք առհասարակ բացառենք՝ ավագանու որոշմամբ»։
Այսօր Սայաթ-Նովա փողոցով անցնելիս նկատեցի, որ կանաչ տարածքում տեղադրվում է նոր գովազդային վահանակ։
Համաձայն Երևանի քաղաքապետի 09 դեկտեմբերի 2024 թ. N 4748-Ա որոշման՝ գովազդային վահանակների տեղադրման նպատակով «Ին Շին» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով տրամադրվել է երկու հողամաս՝ Խանջյան փողոցի հ.1 և Սայաթ-Նովայի պողոտայի հ.7 հասցեներին կից։ Ի դեպ հողատարածքները ընդգրկված են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում։
Փաստորեն ստացվում է, որ մի կողմից Տիգրան Ավինյանը հանձնարարում է, որ սահմանվեն այնպիսի չափորոշիչներ, որոնք կբացառեն կանաչ գոտիներում վահանակների տեղադրումը, մյուս կողմից՝ դրանից օրեր անց քաղաքի ամենակենտրոնական և ամենականաչ հատվածներից մեկում տեղադրվում է նոր վահանակ, ճիշտ է` մի քանի ամիս առաջ տրամադրված թույլտվությամբ։
Ու քանի որ «Ին Շին» ՍՊԸ-ին վահանակների համար հողահատկացման որոշման մեջ ներառված են այնպիսի կետեր, որոնցով քաղաքապետարանը կարող է Ավագանու որոշումը ընդունելուց հետո խզի պայմանագիրը, հետամուտ եմ լինելու, որ քաղաքապետարանը գնա այդ քայլին և ապամոնտաժի այս այլանդակությունը։ Ինչպես նաև հարց է առաջ գալիս, նույն կանաչ գոտում տեղադրված մեկ այլ ահռելի չափերի վահանակի ապամոնտաժման կապակցությամբ։
Հետաքրքիր է նաև, որ իմ հարցմանը ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ «Ին Շին» ՍՊԸ-ի ոչ մի գովազդային վահանակ 2024-2025 թթ. ընթացքում չի ապամոնտաժվել։ Այսինքն, այս թույլտվությունը քաղաքապետարանի և մասնավորի միջև փոխզիջումային պայմանավորվածության արդյունք չէ։ Նման պայմանավորվածություններ ձեռք են բերվում այն դեպքում, երբ հեռացվում են տնտեսավարողներին պատկանող այն գովազդային վահանակները, որոնք չեն համապատասխանում գովազդի նոր չափորոշիչներին և որպեսզի ընկերությունը մեծ վնասներ չկրի ու կարողանա կատարել արդեն իսկ ստանձնած պայմանագրային պայմանավորվածությունները, վերջինիս տրամադրվում են թույլտվություններ նոր վահանակներ տեղադրելու համար, որոնք կհամապատասխանեն նոր չափորոշիչներին։
Նման պայմանավորվածություն կարելի է ձեռք բերել նաև այս վահանակի համար և այն տեղափոխել մեկ այլ՝ «անշառ» վայր։
Հ․Գ․ Անձամբ ճանաչում եմ այս ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին և ԻՐ ՄԱՍՈՎ վստահ եմ, որ վահանակների տեղադրումը կոռուպցիոն գործարքի արդյունք չէ։ Նաև հանուն ճշմարտության պետք է նշեմ, որ մեծ աշխատանք է կատարվել քաղաքը այլանդակ բիլբորդներից մաքրելու ուղղությամբ։ Սակայն նման թույլտվությունները մեծ ստվեր են գցում արդեն իսկ իրականացրած աշխատանքների վրա։

Նմանատիպ նյութեր

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեստի»-ին տված հարցազրույցում։ ՌԴ փոխվարչապետի խոսքով` այս իրավիճակում Երևանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք դաշնակցում է ՌԴ-ի հետ, թե ակնկալում...

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն...

Պարզվել է երեկվա ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

Պարզվել է երեկվա ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մնոյանի կողմից Ապարանի քննչական բաժնում  ստեղծված քննչական խմբում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների...

ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Լավրով

ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Լավրով

ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Եվրամիությունը սեփական քաղաքականության պատճառով կորցնում է տնտեսական առավելությունները․ միևնույն ժամանակ, Հայաստանն ու Սերբիան շարունակում են ձգտել անդամակցել միությանը: Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը «շատ շուտով» կվերանա,...