Ամենայն Հայոց Կաթողիկոսի դարավոր եւ լիակատար իրավունքն է սրբություն եւ սրբոց մասունք ընծայաբերելը. Հայր Ասողիկ

15 Հունվարի, 2026

Մի խումբ կարգալույծ եղածներ՝ նախկին «հոգեւորականներ», իբրեւ խամաճիկներ որոշ ամբարիշտ, ապստամբ ու կանոնազանց եպիսկոպոսների եւ սրանց կամակիցների, մոլագարությամբ տարված են ստի, զրպարտության եւ սուտ մատնության տարածմամբ: Արարք, որը դատապարտելի է բարոյապես եւ ենթակա է քրեական պատասխանատվության: Այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Սրբությունների եւ սրբոց մասունքների ընծայաբերությունը քրիստոնեական դարավոր ավանդություն է: Սբ Եկեղեցու հովվապետը եւ որեւէ թեմակալ եպիսկոպոս լիակատար իրավունք ունեն իրենց Եկեղեցու եւ թեմի սրբություններից ու սուրբ մասունքներից նվեր տալու թե՛ աշխարհականի, թե՛ հոգեւորականի, թե՛ Եկեղեցու, թե՛ պետության:

Ահա այս նվիրական կարգով Հայոց Եկեղեցու գահակալները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսները դարեր շարունակ ե՛ւ ստացել, ե՛ւ ընծայել են սրբություններ եւ սրբոց մասունքներ:

Պատմական շատ հեռուները չգնալով՝ վկայակոչենք որոշ նշանավոր դեպքեր.

ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Տ. Տ. Սիմեոն Ա. Երեւանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1766 թ. Ռուսաց Եկատերինա Բ. կայսրուհուն է նվիրել Մայր Աթոռում պահվող Սբ Հովհաննես Մկրտչի, Սբ Գեւորգ Զորավարի եւ Սբ Հռիփսիմե Կույսի մասունքներից, ինչպես նաեւ՝ մի կտոր Նոյյան Տապանի փայտից:

Տ. Տ. Գեւորգ Դ. Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1879 թ. Ալեքսանդր Թահիրյանցի դուստր միանձնուհի Հռիփսիմե Թահիրյանցին է նվիրել Մայր Աթոռում պահվող Սբ Հռիփսիմե Կույսի մասունքից:

Տ. Տ. Մկրտիչ Ա. Խրիմյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1903 թ. ազգային-եկեղեցական մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանին է նվիրել Մայր Աթոռում պահվող Սբ Թադեոս առաքյալի մասունքից:

Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1966 թ. Եթովպիայի Հայլե Սելասիե Ա. կայսրին է նվիրել Մայր Աթոռում պահվող Սբ Թադեոս առաքյալի մասունքից:

Տ. Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1996 թ. Ռուս Ուղղափառ Եկեղեցու Ալեքսի Բ. Պատրիարքին է նվիրել Մայր Աթոռում պահվող Սբ Անդրեաս առաքյալի մասունքից:

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2004 թ. Ռուս Ուղղափառ Եկեղեցու Ալեքսի Բ. Պատրիարքին է ընծայել Սբ Գեղարդի մանրակերտը, որի մեջ ամփոփվել է Մայր Աթոռում պահվող Աստվածամուխ Սբ Գեղարդի կոթառի միջից հանված մասունք-փշրանքը:

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2023 թ. Բուլղարիայի հայոց թեմին է ընծայել Մայր Աթոռում պահվող Սբ Հովհաննես Մկրտչի մասունքից:

ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻՆ

Հռոմի պապ Պողոս Զ. Սրբազան Քահանայապետը 1970 թ. Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայել Սբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը:

Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Բ. Սրբազան Քահանայապետը 1994 թ. Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայել Սբ Թադեոս եւ Սբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:

Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Բ. Սրբազան Քահանայապետը 2000 թ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայաբերել Սբ Գրիգոր Լուսավորչի մասունքը:

Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի տնօրեն Մ. Բ. Պիոտրովսկին 2000 թ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայաբերել Կիլիկյան Հայաստանի Սկեւռայի վանքի հռչակավոր մասանց տուփը՝ ավելի քան 20 սրբոց մասունքներով:

Չեխիայի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները 2024 թ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայաբերել Սբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը:

Շվեցարահայ գործարար եւ բարերար Վահե Գաբրաշը 2025 թ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայաբերել Սբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքը:

Ահավասիկ, մի քանի նշանավոր նվերներ՝ դարերի հոլովույթում կատարված բազմաթիվ ընծայաբերություններից:

Այս ամենը շարադրեցինք, որպեսզի փարատվի ստի, զրպարտության եւ սուտ մատնության խավարը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի դարավոր եւ լիակատար իրավունքն է սրբություն եւ սրբոց մասունք ընծայաբերելը:

Իսկ այն, որ միմիայն Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում 33 մասունքարան (որոնցից որոշների մեջ մի շարք սրբոց մասունքներ կան ամփոփված) է ստացվել Սուրբ Էջմիածնի Գանձատանը՝ իսպառ պետք է պապանձեցնի ստախոս ու մոլորեցնող տարբեր բերաններն ու անձերին»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...