ԱԳՆ-ն հերքում է․ Միրզոյանը որևէ երկրի ներկայացուցչի հետ շփում չի ունեցել

Ապր 8, 2025

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադլյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հարցում էր ստացել Փաստինֆո գործակալության լրագրողից, թե արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերջերս չլուսաբանված այց է կատարել Դուբայ (ԱՄԷ), որտեղ ունեցել է պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպումներ, օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը թե՛ բանավոր, թե՛ գրավոր պատասխանում միանշանակ հերքել է ԱԳ նախարարի իբր «չլուսաբանված այցի» մասին ԶԼՄ-ի սխալ «տեղեկությունները»՝ նշելով, որ նախարարի աշխատանքային և պաշտոնական այցերը մշտապես լուսաբանվում են, չլուսաբանված որևէ այց, այդ թվում՝ ԱՄԷ, տեղի չի ունեցել։ Լրագրողին նաև տեղեկացվել է, որ ՀՀ ԱԳ նախարարը Ղազախստան կատարած պաշտոնական այցից մարտի 28-ին վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան թռիչքով։ Միաժամանակ, հստակ նշվել է, որ Դուբայում որևէ պաշտոնական հանդիպում կամ ոչ պաշտոնական շփում որևէ երկրի ներկայացուցչի հետ տեղի չի ունեցել։ Պատասխանում լրացուցիչ ընդգծվել է, որ այն տրամադրվում է որպես հարցման մեջ նշված սխալ «տեղեկությունների» հերքում։

Չնայած հերքվելուն՝ Փաստինֆո գործակալության հրապարակած նյութի վերնագրում առկա է «Արարատ Միրզոյանը չլուսաբանված այց է ունեցել Դուբայ» պնդումը: Միաժամանակ բուն տեքստում ևս տեղ են գտել կեղծ պնդումներ.

ա) նախարարի՝ Դուբայում լինելու ընթացքում ադրբեջանական պատվիրակության հետ ոչ պաշտոնական շփումներ ունենալու վերաբերյալ,

բ) Դուբայում գիշերակացով կանգ առնելու և դրա վերաբերյալ ԱԳՆ կողմից պարզաբանում չտրամադրվելու վերաբերյալ (թեև գիշերակացի վերաբերյալ ԱԳՆ-ին անգամ հարց չէր ուղղվել, իսկ ուղղված լինելու դեպքում միանշանակ կհերքվեր),

գ) առհասարակ Դուբայում լինելու փաստն իբրև թե ԱԳՆ կողմից նախ հերքվելու և հետո նոր հաստատվելու վերաբերյալ (թեև ի սկզբանե հերքվել է թե՛ այցը, թե՛ այլ երկրի ներկայացուցչի հետ հանդիպում ունենալը, և ոչ թե Դուբայում տարանցիկ թռիչքով մի քանի ժամ գտնվելու փաստը):

Հրապարակման պահին ընդամենը չորս պարբերություն ունեցող նյութում ապատեղեկատվության տարածմանը միտված երանգավորումներն այսքանով չեն սահմանափակվում, և լրատվականի հրապարակման մեջ այլ անճշտությունների մասին տեղեկացվել է նամակով։

Ձեռնպահ կմնանք կոնկրետ այս արարքին գնահատական տալուց, սակայն հենց նման իրավիճակներն են, որ հանրության կողմից ընկալվում են իբրև չարամտորեն մոլորեցնող և մանիպուլյացիոն ապատեղեկատվություն, իսկ նման կեղծիք տարածողը, մեղմ ասած, չի դիտվում որպես լրատվամիջոց: Կարծում ենք, որ նման երևույթները ստվերում են ԶԼՄ-ների առաքելությունն ու նրանց նկատմամբ վստահությունն առհասարակ, հետևաբար դրանց դեմ պետք է պայքարի առաջին հերթին լրագրողական հանրույթը, առնվազն՝ հանրությանը ճիշտ տեղեկատվություն փոխանցելու էթիկական պարտավորություն ունեցողները:

Ի դեպ, տվյալ հրապարակումից հետո լրատվադաշտում հայտնվել են «ՀՀ ԱԳ նախարարը գիշերը Դուբայում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ» ակնհայտ սուտ վերնագրով հրապարակումներ։

Հաշվի առնելով վերոնշյալը և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթները՝ Փաստինֆո գործակալությունից և տվյալ նյութն արտատպած ԶԼՄ-ներից պահանջում ենք նշված հրապարակման հեռացում և սույն գրառման տարածմամբ ԱԳՆ անունից հստակ հերքման հրապարակում: Ակնկալում ենք նաև հետագայում նմանատիպ «նյութերը» պարզապես արտատպելու փոխարեն ԱԳՆ հետ դրանց հավաստիության ճշտում։

Շնորհակալ ենք ԶԼՄ այն գործընկերներին, ովքեր մեխանիկորեն չեն արտատպել նյութը կամ արդեն իսկ արձագանքել են և կատարել համապատասխան հերքում։

Եվ վերջում կցանկանայինք վերահաստատել, որ ԱԳ նախարարությունն աշխատել և շարունակելու է թափանցիկորեն լուսաբանել ԱԳ նախարարի այցերն ու հանդիպումները՝ հաշվետու լինելով ՀՀ բոլոր քաղաքացիներին»:

Նմանատիպ նյութեր

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ն առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 8-9-ն առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում...

Բանակցությունները ցանկացած կոնֆլիկտի դեպքում անհրաժեշտություն են. Սերժ Սարգսյան

Բանակցությունները ցանկացած կոնֆլիկտի դեպքում անհրաժեշտություն են. Սերժ Սարգսյան

Եթե փոխզիջումներ չկան, դա բանակցություն չէ, պարտադրանք է, ճիշտ այնպես, ինչպես այսօրվա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Երբ Ադրբեջանը...

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրող Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուս ժողովրդի ուկրաինական հատվածի հետ հաշտությունն անխուսափելի է, դա ժամանակի հարց է», - ընդգծել է նա: Պուտինը նաև հավելել է, որ...

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Գավառում կրկին երկրաշարժ է գրանցվել

Գավառում կրկին երկրաշարժ է գրանցվել

Գավառում երկրաշարժ է գրանցվել Ցնցումները գրանցվել են ժամը 09:40-ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում (2 բալ...