ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխենը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

23 Ապրիլի, 2026

2025-ի ամռանը «Հրապարակը» գրեց, որ հենց օդանավակայանում հայ կին դիվանագետ է ձերբակալվել` լրտեսության կամ պետական դավաճանության մեղադրանքով, որին հաջորդել էին ԱԳՆ-ում խուզարկություններ, համակարգիչների ու փաստաթղթերի առեւանգում, սակայն մեր բոլոր հարցումներին ի պատասխան ԱԳՆ-ից եւ քննչական մարմիններից եռանդով հերքում էին այդ տեղեկությունը: Սակայն մի քանի օր անց հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Ավստրիայում նորանշանակ հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը, ով անձնային կապ է ունեցել մի ադրբեջանցու հետ եւ նրան ՀՀ իրավապահները մեղադրում են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցելու համար։ Համացանցը թնդում էր այդ տեղեկություններից, աղջկա լուսանկարը հրապարակվեց, լուտանքներ տեղացին նրա հասցեին: ԱԳՆ-ն անմիջապես իր կայքից հեռացրեց Ալեքսանյանն վերաբերող ամբողջ տեղեկատվությունը եւ անգամ նշանակման հրամանը:

Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց․ «2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով առերեւույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործու­նեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)»։

Ալեքսանյանը մեղադրանքը չէր ընդունում, նրան կալանավորեցին, սակայն պաշտպանը պնդում էր, որ մեղադրանքն անհիմն է։ Իսկ մոտ մեկ ամիս առաջ Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը Ալեքսանյանին արդարացրեց պետական դավաճանության հոդվածով՝ վերաորակելով առաջադրված մեղադրանքը։ Ըստ դատարանի՝ Ալեքսանյանի գործողություններում առկա են ոչ թե պետական դավաճանության, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարքի հատկանիշներ։ Ստացվում է, որ երիտասարդ կնոջը քննիչ-դատախազով պախարակեցին, մեղադրեցին պետական դավաճան լինելու մեջ, մեղադրանքից բորբոքված մարդիկ սոցցանցերում հայհոյանքներ տեղացին կնոջ գլխին, իսկ պարզվեց նա անմեղ էր, համենայն դեպս` դավաճանություն կամ լրտեսություն չէր եղել։

Աշխեն Ալեքսանյանի պաշտպան Աբգար Պողոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին ատյանի դատարանը դատավճիռ է արձակել եւ իր պաշտպանյալին դատապարտել է 2 տարվա ազատազրկման, ինչի հետ եւս իրենք համաձայն չեն, եւ դատավճիռը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան․ «Երբեւէ դժվար գտնենք այս հոդվածով նախկինում դատված անձ, որ փաստացի ազատազրկման ենթարկված լինի, միջին ծանրության հանցանք է` սկսվում է տուգանքից։ Մենք թե պատժի մասով, թե մեղավորության մասով բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարան, քանի որ իր արարքում հանցանք չկա»։

Փաստաբանը նշեց, որ դատավճիռն օրինական ուժ ստանալուց հետո իրենք իրավական գործընթաց են սկսելու՝ կապված կնոջը պախարակելու, «պետական դավաճանի» պիտակ կպցնելու, հանիրավի մեղադրանքի հետ․ «Ներպետական ատյաններից դուրս էլ գնալու ենք, քանի որ անձի ճակատագրին է վերաբերվում։ Վերաորակված արարքում հանցանք չկա, առհասարակ հանցանք չկա։ Ամեն դեպքում, դատարանը շատ որակով, դասագրքային քննություն է արել, մեկ այլ դատարանի կազմով գուցե մտածեի՝ իրավապահների երեսը փրկելու համար ինչ-որ մի հոդվածով անձը մեղավոր է ճանաչվել»։

Ըստ փաստաբանի՝ Աշխեն Ալեքսանյանը նոր-նոր Վիեննայում նշանակված է եղել հյուպատոս, սակայն չի հասցրել ստանձնել պաշտոնը, նրան Քննչական կոմիտեն կանչել է հարցաքննության, իր ոտքով գնացել է եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է նախաքննական մարմնին՝ օժանդակելով քննությանը։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...