Նոյեմբերի 11-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի ծառայողները նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս են եղել Հյուսիսային պողոտայում, երբ նկատել են, որ նույն պողոտայի 18 հասցեում գործող «Տաշիր Պիցցա» սննդի կետի մուտքի մոտ մի քանի երիտասարդներ քաշքշում են միմյանց։
Այդ ժամանակ ոստիկաններին է մոտեցել ազգությամբ չինացի երիտասարդ, ով հասկանալի կերպով մատնացույց է արել մեկ այլ երիտասարդի և հայտնել, որ վերջինս բացահայտ կերպով հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 8 մլն դրամ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության գվարդիայի ծառայողները մատնացույց արված երիտասարդին հափշտակություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ չինացի քաղաքացին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 26-ամյա քաղաքացի Լոնգֆեյ Լին է, իսկ հանցանքը կատարելու մեջ կասկածվող անձը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Դավիթ Մ.-ն։
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 3920 դրամ, «Samsung» մոդելի բջջային հեռախոս, 1 հատ լիցքավորման սարք, 1 հատ ակնոց՝ պատյանով, 1 հատ հեռակառավարման վահանակ և 1 հատ ծալովի դանակ։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանության վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք Դավիթ Մ.-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին։





