«Հայկական ավիաուղիները» լքում է ավիաշուկան. «Հետք»

24 Նոյեմբերի, 2026

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցնում է թռիչքային գործունեությունը: Այս մասին «Հետքին» հայտնել է իրազեկ աղբյուրը:

Ավիաընկերությունը հիմնադրվել է 2021-ի փետրվարին եւ կրում է նույն անունն ու տարբերանշանը (լոգոն), ինչ Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիները» (լուծարվել է 2020-ին), սակայն այս մասնավոր ընկերությունը որեւէ կապ չունի ազգային ավիափոխադրողի հետ, որը պետական ընկերություն էր: 2022-ի դեկտեմբերին «ՀԱՈւ»-ն ստացել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), իսկ թռիչքները մեկնարկել է 2023-ի մարտին:

Ավիաընկերությունը 2023-2025 թթ. շահագործում էր Airbus A321 տիպի օդանավեր: 2025 թ. մարտի 17-ին օպերատորը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այդպես էլ եղավ: 2025-ի գարնանը «ՀԱՈւ»-ի 2 օդանավերը Երեւանից թռան Թուրքիա, որտեղ գրանցվեցին տեղական Southwind Airlines-ի շարժակազմում:

Դրանից հետո տեւական ժամանակ ավիափոխադրողը չուներ ինքնաթիռ, ինչի պատճառով Քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) 6 ամսով կասեցրեց նրա ՕՇՎ-ի գործողությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «ՀԱՈւ»-ն Airbus A321-երի փոխարեն շահագործելու է Boeing 737-800-ներ: 2025-ի օգոստոսին «Հայկական ավիաուղիները» հայտարարություն տարածեց Boeing 737 տիպի որակավորում ունեցող օդաչուների՝ հրամանատարների եւ երկրորդ օդաչուների աշխատանքի հրավիրելու մասին:

«Կառավարության կողմից ընդունված ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր:

2025-ի աշնանը, այն բանից հետո, երբ «Հայկական ավիաուղիները» կրկին բավարարում էր այս պայմանը, ՔԱԿ-ը վերականգնեց նրա ՕՇՎ-ի գործողությունը:

Մեր աղբյուրի, ինչպես նաեւ planespotters.net-ի տեղեկացմամբ՝ հայկական փոխադրողը ձեռք էր բերել 3 հատ Boeing 737-800 տիպի ինքնաթիռ: Դրանցից մեկն այս տարվա մայիսի 22-ին Ստամբուլից տեղափոխվեց Երեւան, իսկ օգոստոսի 4-ին գրանցվեց ՀՀ օդանավերի ռեգիստրում իբրեւ EK-AAF: Դրա գրանցումը վավեր էր մինչեւ 2031 թ. մայիսի 10-ը:

«Հետքը» աղբյուրը հայտնել է, որ այս աշնանը նախատեսվում էր մեկնարկել թռիչքները դեպի Ռուսաստան, մասնավորապես՝ լինելու էին չվերթեր դեպի Մոսկվա, Ուֆա, Կազան: Սակայն հոկտեմբերի 29-ին ավիաընկերության ղեկավարությունն աշխատակիցներին հայտնել է, որ թռիչքների իրականացումը տնտեսապես ձեռնտու չէ՝ հաշվի առնելով վառելիքի բարձր գները հայկական ավիաշուկայում:

Արդյունքում ավիաընկերության տրամադրության տակ գտնվող միակ ինքնաթիռը՝ EK-AAF-ը, նոյեմբերի 12-ին Երեւանից տեղափոխվել է թուրքական Բոդրում: Իսկ ահա նոյեմբերի 18-ին Քաղավիացիայի կոմիտեի հրապարակած ցանկում EK-AAF-ն այլեւս չկա ՀՀ-ում գրանցված օդանավերի շարքում, ինչը նշանակում է, որ այն ապագրանցվել է ռեգիստրից:

Մեր աղբյուրը նշել է, որ հաջորդ քայլը օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ) հրաժարվելն է: Այլ կերպ ասած՝ 2021-ին հիմնադրված «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն, ավիափոխադրումների շուկա մտնելով 2023-ին, թռիչքները դադարեցրեց 2025-ին, ու չնայած այս աշնանը նախատեսվում էր դրանց վերսկսումը, ամեն ինչ կավարտվի «ՀԱՈւ»-ի կողմից շուկան լքելով:

Ներկա ՕՇՎ-ն «ՀԱՈւ»-ն ստացել է 2024-ի փետրվարին եւ այն վավեր է 16 տարի՝ մինչեւ 2040-ի փետրվար, սակայն, ինչպես տեսնում ենք, դրա գործողությունը կդադարեցվի ժամանակից շուտ:

Նախկինում գրել ենք, որ «Հայկական ավիաուղիները» փոխկապակցված է ռուսական Nordwind Airlines (թարգմանաբար՝ հյուսիսային քամի) եւ թուրքական Southwind Airlines (թարգմանաբար՝ հարավային քամի) ավիաընկերությունների հետ: Վերջին երկուսին միավորողը տուրիզմի ոլորտում հայտնի ռուսական «Պեգաս Տուրիստիկ» ընկերությունն է, որի իրական սեփականատեր է համարվում թուրք Ռամազան Աքպինարը:

«ՀԱՈւ»-ի սեփականատեր են գրանցված Արարատ Սարգսյանը (10 %), Միխայիլ Ասրիյանը (19 %), Հերմինե Հովհաննիսյանը (22 %), բուլղարացի Ռոսեն Բոյանովը (24 %) եւ Շվեյցարիայի քաղաքացի, ազգությամբ թուրք Օզ Յակուպխանոգուլարինդանը (25 %)»,- նշել է լրատվամիջոցը։

Նմանատիպ նյութեր

2027-ի հունվարից ՌԴ-ում նոր կանոններ կգործեն օտարերկրյա քաղաքացիների համար

2027-ի հունվարից ՌԴ-ում նոր կանոններ կգործեն օտարերկրյա քաղաքացիների համար

2027 թվականի հունվարի 1-ից կփոխվի աշխատանքային արտոնագրի հիման վրա աշխատանքային գործունեություն իրականացնելու մասին միգրանտների կողմից Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը ծանուցելու կարգը: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ միգրացիոն ծառայությունից։ Նոր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օրակարգում 1 հարց է․ ԱԺ հանձնաժողովը արտահերթ նիստ է անում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օրակարգում 1 հարց է․ ԱԺ հանձնաժողովը արտահերթ նիստ է անում

Տեղի է ունենում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և...

«Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին». Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

«Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին». Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը՝ անդրադառնալով TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին, X-ի իր էջում գրել է. ««Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ լինի դա Իրանի հարավում, թե հյուսիսում, լինի հարավային երթուղին՝ Հորմուզի...

Մհեր Գրիգորյանը Մոսկվա է մեկնել

Մհեր Գրիգորյանը Մոսկվա է մեկնել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 24-25-ը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարությունից։ Այցի շրջանակում փոխվարչապետը աշխատանքային հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հետ,...

Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»․ «Ժողովուրդ»

Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտաշատի պոլիկլինիկայի բացմանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վանդակավոր բաճկոնով էր։ Հետաքրքիր է՝ նախարարն այդ օրը հարցրե՞լ է, թե որքան են վաստակում այդ պոլիկլինիկայի ինֆեկցիոնիստը, գինեկոլոգը, բժիշկ-ֆթիզիատորը։ Եվ քանի՞...