«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի շուրջ բարձրացած աղմուկից հետո նրա պաշտոնավարման հարցը քննարկվել է երեկ՝ նոյեմբերի 10-ին, դպրոցի ծնողական ժողովում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը կաթուցիչով մարիխուանա է օգտագործում։ Տեսանյութը հանրային քննարկումների և տարաբնույթ արձագանքների առիթ էր դարձել։ Դեպքին անդրադարձել էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հայտարարելով, որ վարչական շրջանի ղեկավարը պետք է հանդիպի ծնողների հետ և քննարկի ստեղծված իրավիճակը։
Թե ինչ որոշում է կայացվել երեկ՝ նոյեմբերի 10-ին, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանից։
Թաղապետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ երեկ առավոտյան՝ ծնողական կոմիտեների մասնակցությամբ, Աջափնյակ վարչական շրջանում ընդհանուր ծնողական ժողով է անցկացվել։ Ժողովի ընթացքում ծնողները հորդորել են, որպեսզի Իրինա Մկրտչյանը շարունակի պաշտոնավարել՝ նշելով, որ տնօրենն անձամբ որևէ վատ արարք չի կատարել, իսկ աղմուկի պատճառ դարձած միջադեպը կապված է եղել նրա նախկին ամուսնու քայլերի հետ։ Ոչ մի խոսք այն մասին, որ գուցե ոչ սթափ վիճանում տնօրենը աշխատանքի է եկել կամ գալիս, ոչ մի խոսք՝ մատաղ սերնդի դաստիարակության վրա թողնված կամ թողնվելիք հետքի մասին: Ամեն ինչ նորմալ է:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ ծնողների դիրքորոշումը հաշվի է առնվել, և Իրինա Մկրտչյանը շարունակելու է պաշտոնավարել։
Ստացվում է, որ տնօրենի շուրջ բարձրացած աղմուկը անգամ մտահոգության տեղիք չի տվել. ասես ոչինչ չի պատահել:
Թերևս զարմանալի ոչինչ չկա, եթե Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունը կապվում է արտադրական կանեփի բիզնեսի հետ, ինչու պետք է նրա ենթական մարիխուանա օգտագործելու համար պատժվի։
Նկատենք, որ ուժային կառույցները որևէ տեղեկություն չեն տվել. արդյոք տիկնոջը հաշվառել են օգտագործման փաստը տեսանյութով դիտելուց հետո, թե ոչ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






