Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

11 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եկամտային հարկի հաշվին ՀԿ-ներին, լրատվամիջոցներին ու կուսակցություններին քաղաքացիների կողմից գումար հատկացնելու Կառավարության նախաձեռնությունն այսօր կքննարկվի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Կառավարության հեղինակած նախագիծը կներկայացնի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Սակայն այս նախաձեռնության շուրջ ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե քաղաքացիներին ինչ նոր հնարավորություն է տրվում, այլ այն, թե ով է որոշելու՝ որ կազմակերպությունն է արժանի այդ գումարին, և ինչ չափանիշներով։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն՝ քաղաքացիների կողմից ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և կուսակցություններին անհատույց հատկացվող գումարները ներառվելու են սոցիալական ծախսերի շարքում։

Առաջին հայացքից նախաձեռնությունը ներկայացվում է որպես քաղաքացիների՝ քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին և քաղաքական ուժերին աջակցելու լրացուցիչ հնարավորություն։ Բայց նախագծի բովանդակության մեջ կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները օրենսդրական տեքստում բացակայում են։

Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ սոցիալական ծախսերի առանձին ուղղությունները, դրանց առավելագույն չափերը, աջակցություն ստանալու իրավունք ունեցող ՀԿ-ների, լրատվամիջոցների ու կուսակցությունների շրջանակը, դրանց ներկայացվող չափանիշները, ինչպես նաև տեղեկությունների ներկայացման և հրապարակման կարգը սահմանելու է Կառավարությունը։

Այսինքն՝ օրենքը չի սահմանում հստակ չափանիշները, այլ այդ կարևոր որոշումները թողնում է գործադիր իշխանության հայեցողությանը։

Ստացվում է՝ քաղաքացին կարող է ցանկություն ունենալ իր վճարած եկամտային հարկի հաշվից 3000 դրամ տալ այս կամ այն լրատվամիջոցին կամ հասարակական կազմակերպությանը, սակայն նախ պետք է պարզվի՝ տվյալ կազմակերպությունն ընդհանրապես համապատասխանո՞ւմ է Կառավարության սահմանած պահանջներին, թե՞ ոչ։

Այստեղ էլ առաջանում է գլխավոր խնդիրը. քաղաքացուն տրվող ընտրության հնարավորությունը կարող է սահմանափակվել իշխանության սահմանած շրջանակով։ Քաղաքացին կարող է ընտրել միայն այն կազմակերպություններից, որոնք կանցնեն գործադիրի ֆիլտրով կամ, որ նույնն է, նրանց քիմքին հաճո են գործում։

Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ նույն մեխանիզմում ներառվում են լրատվամիջոցները, հասարակական կազմակերպություններն ու քաղաքական կուսակցությունները։ Սրանք տարբեր առաքելություն, գործունեության բնույթ և հանրային դեր ունեցող կառույցներ են։ Իսկ կուսակցությունների մասը ընդհանրապես վերջին պահին է ավելացվել։

Հատկապես զգայուն է լրատվամիջոցների հարցը։ Եթե պետությունն է որոշելու, թե ինչ չափանիշներով լրատվամիջոցը կարող է դառնալ եկամտային հարկի հաշվին հատկացումների շահառու, կամ ինչպես նախարարներն են ասել, որ լրատվամիջոցն է ապատեղեկություն տարածող, որը՝ ոչ, ապա առաջանում է անկախ լրատվամիջոցների նկատմամբ հնարավոր անհավասար վերաբերմունքի և ընտրովի մոտեցման վտանգ։

Մյուս կողմից՝ նախագծում դեռևս նշված չէ, թե եկամտային հարկի կոնկրետ ինչ չափով կամ տոկոսով կարող է քաղաքացին աջակցել այդ կառույցներին։ Այդ առավելագույն չափն էլ է թողնված Կառավարության որոշմանը։

Այսպիսով, օրենսդրական նախաձեռնության առանցքային դրույթները՝ շահառուների շրջանակից մինչև հատկացումների առավելագույն չափերն ու վերահսկողության ընթացակարգերը, դեռ պետք է որոշվեն գործադիրի կողմից։

Հարց է առաջանում՝ եթե նախաձեռնության նպատակը քաղաքացիների ազատ ընտրությունն է, ինչո՞ւ օրենքով չեն ամրագրվում բոլորի համար հավասար, կանխատեսելի և չեզոք չափանիշները։ Ինչո՞ւ է այդքան լայն լիազորություն տրվում Կառավարությանը, և ի՞նչ երաշխիքներ են լինելու, որ այս մեխանիզմը չի վերածվի որոշ կազմակերպությունների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու գործիքի։

Ի վերջո, խոսքը հանրային վստահության, լրատվամիջոցների անկախության, քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի ֆինանսավորման մասին է։

Եվ ամենակարևորը՝ ինչու հարցը չի քննարկվել շահառուների հետ նախապես։

Նախագծով նախատեսվում է, որ փոփոխությունները կկիրառվեն 2026 թվականի և հաջորդող հարկային տարիների համար հաշվարկված ու վճարված եկամտային հարկի գումարների մասով։ Իսկ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը Կառավարությունը պետք է ընդունի օրենքի ընդունումից հետո երեք ամսվա ընթացքում»»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասցնելը

Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասցնելը

Անթալիայում COP31-ի շրջանակում ընթացող Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Թուրքիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Անթալիա և մասնակցությունն Առաջնորդների...

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի` կազմակերպությունից հեռացման հարցը չի բարձրացվել․ Մասադիկով

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի` կազմակերպությունից հեռացման հարցը չի բարձրացվել․ Մասադիկով

Չնայած Երևանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշմանը՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռացման հարց չի քննարկվել, նիստից հետո ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են...

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև առանցքային պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի...

Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Զրուցակիցները կարևորել են Երևանում օրերս անցկացված Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի...