Իրանը Կատարի միջնորդությամբ ԱՄՆ-ին է փոխանցել իր միջուկային ծրագրին վերաբերող առաջարկություն, որը կքննարկվի միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կատարի Թեհրանի ներկայացրած յոթ պահանջները։ Այս մասին հինգշաբթի օրը Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
Անանուն մնալու պայմանով զրուցած պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն ուսումնասիրում է իրանական առաջարկը, սակայն նա հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ հայտնել դրա բովանդակության վերաբերյալ։
Միջնորդներն ակտիվացրել են Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի ավարտին ուղղված դիվանագիտական ջանքերը։ Կողմերը մտահոգված են, որ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը չի բացառել, որ ընտրություններից հետո կարող են վերսկսվել ռազմական գործողությունները։
Իրանի անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Մոհսեն Ռեզային, որն այդ օրը այցով գտնվում էր Ռուսաստանում, ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին ներկայացրել է յոթ պայման։
«Դիվանագիտության հարցում մենք ամերիկացիներին ներկայացրել ենք յոթ պայման։ Քանի դեռ նրանք չեն կատարել այդ պայմանները, մենք չենք բացի Հորմուզի նեղուցը և բանակցություններ չենք վարելու»,– հայտարարել էր Ռեզային։
Իրանի պահանջների թվում են ԱՄՆ պատժամիջոցների վերացումը, սառեցված իրանական ակտիվների ազատումը և պատերազմի պատճառած վնասների փոխհատուցումը։
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պնդում է, որ միջուկային հարցերը պետք է ներառվեն բանակցությունների սկզբնական փուլում։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ էին հասցրել Իրանին, ինչին Թեհրանը պատասխանել էր Իսրայելի և Պարսից ծոցի այն երկրների ուղղությամբ հարվածներով, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ։
Հակամարտությունը տարածվել էր նաև Լիբանան, որտեղ Իսրայելի և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահի» միջև բախումներ էին սկսվել։ Ավելի ուշ հակամարտությունն ընդգրկել էր նաև Եմենը, որտեղից Իրանի հետ կապեր ունեցող հութիները հարվածներ էին հասցրել Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքներին, օդանավակայաններին և այլ թիրախների։
Reuters-ի փոխանցմամբ՝ այս պահին ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իրանի առաջարկը, սակայն դրա քննարկման հեռանկարները կախված են Թեհրանի ներկայացրած պահանջների շուրջ կողմերի դիրքորոշումներից։





