Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել. հայտարարություն
2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդեցություն են ունեցել՝ ի թիվս այլնի, ձախողելով այն թեկնածուների ընտրությունը, որոնք շահույթ են ստանում հայկական տարածքների ադրբեջանական բռնազավթումից կամ Կոնգրեսում հանդես են գալիս Բաքվի շահերի պաշտպանությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը:
Միևնույն ժամանակ, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի թեկնածուների 90 տոկոսը հաղթանակ է տարել ընտրություններում։
Հայ դատի հանձնախմբի գործունեության ամենանշանակալի արդյունքը գրանցվել է Նյու Հեմփշիրում, որտեղ կոնգրեսական Քրիս Փափասը հաղթել է նախկին սենատոր Ջոն Է. Սունունուին, որն անձամբ միլիոնավոր դոլարների բաժնեմաս ունի օտարերկրյա հանքարդյունաբերական ընկերությունում, որը շահագործում է բռնազավթված Արցախում գտնվող հանքավայրը։
Ընտրությունների արդյունքները և դրանցում Հայ դատի հանձնախմբի ներգրավվածությունը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նշել է.
«Կոռումպացված ամերիկացի քաղաքական գործիչներն այլևս չեն կարող անպատիժ կերպով գաղտնի յուրացնել Ալիևի կաշառքները։ Այլևս՝ ոչ։ Մենք Բաքվի կոռուպցիան ստվերից դուրս բերեցինք և այն հասցրինք հեռուստատեսային նախընտրական գովազդների միջոցով հանրային քննարկման՝ այդ կեղտոտ փողերը վերածելով քաղաքական պատասխանատվության։ Նրանք կարծում էին, թե կարող են շարունակել անվճար օգտվել այդ գումարներից։ Ընտրությունների գիշերը Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նրանց պատասխանատվության կանչեց։ Ադրբեջանի նավթադոլարները, որոնք նախկինում օգնում էին ձայներ հավաքել, այժմ նրանց համար ձայների կորուստ են արժենում։
Սա ծառայություն է մեր համայնքին և մեր երկրին»։