Պեսկովը հայտարարել է, որ այս պահին դժվար թե հնարավոր լինի խոսել ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերսկսման մասին։
Այս մասին նա ասել է՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Առայժմ դժվար թե հնարավոր լինի խոսել այդ մասին։ Իրավիճակը տեղում ավելի քան խոսուն կերպով վկայում է, որ այս պահին նման ծրագրերի իրականացումն անհնար է։ Բայց թե ինչ կլինի ապագայում՝ կտեսնենք», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան ապագայում դիտարկում է Ուկրաինայի տարածքով դեպի ԵՄ ռուսական գազի մատակարարումները վերսկսելու հնարավորությունը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն, իբր, հանդես է գալիս Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարերով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումները հնարավորինս շուտ վերսկսելու օգտին։
Պարբերականը նաև պնդում է, որ Վաշինգտոնում դիտարկում են «Հյուսիսային հոսք» գազատարի աշխատանքի վերականգնումը՝ որպես «ավելի լայն համաձայնագրի պոտենցիալ կարևոր բաղադրիչ»։ Այդ համաձայնագիրը, ըստ պարբերականի, ոչ միայն կհանգեցնի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, այլև կլուծի Ռուսաստանի և ԱՄՆ եվրոպական դաշնակիցների միջև առկա վաղեմի տարաձայնությունները։



