Երեկ՝ հոկտեմբերի 23-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ողջ գյուղը մի մարդու նման արդեն որոշել է, որ լեգենդար Անդրանիկ Զորավարի՝ դպրոցի մուտքից հեռացված նկարը տեղադրվելու է գյուղի Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցի մոտ՝ գյուղի մշակույթի տան պատի այն հատվածում, որտեղ սովետական տարիներին եղել է Վլադիմիր Իլյիչ Լենինի նմանատիպ մեծադիր նկարը։
Այսօր արդեն աշխատանքները սկսվել են, ու առաջիկայում մասնագետները ամբողջությամբ կվերականգնեն նկարը, ապա՝ կտեղադրեն։
Իսկ նկարի հարևանությամբ արդեն կյանքի է կոչվում արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, Արտենի բնակավայրի լեգենդ դարձած հերոսների անվան հուշաղբյուր-հուշակոթողը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն էին ստացել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երկար տարիներ զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը պատից հեռացնեն։
2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն էին իրականացրել, որ եթե հանկարծ այն փորձեն հեռացնել, թույլ չտան։
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել էր, ինչը բնակիչների մոտ զայրույթ էր առաջացրել, նույնիսկ սպառնում էին դիմել կտրուկ միջոցների՝ փակելով ճանապարհներ, սակայն ձեռնպահ էին մնում, սպասում էին՝ տեսնելու, թե ինչ են որոշել անել Անդրանիկի մեծադիր նկարի հետ։
Գյուղացիները նաև առաջարկում էին, որ եթե դպրոցից հեռացրել են, գոնե այն տեղադրեն գյուղում՝ արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում։






