Հայաստանի ղեկավարությունը ժամանակի ընթացքում իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Ժամանակը գնում է, մարդիկ վերանայում են իրենց դիրքորոշումը, իրավիճակն աշխարհում փոխվում է։ Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը, հայ ժողովուրդը հավանաբար ճիշտ որոշում կկայացնեն՝ մնա՞լ նրանք մեր հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, թե՞ դուրս գալ», – ասել է Մասադիկովը։
Գլխավոր քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դե յուրե Հայաստանը առ այսօր ՀԱՊԿ անդամ է, թեև կառույցի բյուջե վճարումներ չի կատարում:
«Փաստացի, Հայաստանն արդեն երրորդ տարին է, ինչ անդամավճարներ չի վճարում ՀԱՊԿ բյուջե», – նշել է Մասադիկովը:
Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանը շատ մեծ դրական ներդրում է ունեցել կազմակերպության ներսում հարաբերությունների զարգացման գործում և կառույցի գործունեության ուղղություններում:
«Կարծում եմ, որ խնդիրը, հավանաբար, կլուծվի, բայց Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանում, թե ոչ՝ դա արդեն պետությունների ղեկավարների հարցն է», – նշել է Մասադիկովը։



