Անմեղության կանխավարկածի համակարգված խախտումներ, ընտրական գործընթացին համակարգված միջամտություններ, վարչական ռեսուրսի անզսպելի չարաշահումներ՝ սա է իշխանությունների անամնեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
«Սահմանադրական դատարանն իշխանական նման վարքագծի մասին խոսել էր և որպես ընտրախախտում էր արձանագրել, ԵԽԽՎ-ն սրա մասին խոսել էր և պահանջ էր դրել դադարեցնել ընտրովի հետապնդումները։
Ավագանու ընտրություններից ընդամենը չորս օր առաջ ռեպրեսիվ մեքենան գործադրել, տեսանյութեր տարածել, պարզ է, որ այս ամենի նպատակը ընտրական գործընթացին հակաժողովրդավարական միջամտությունն է։
Քրեական գործ եք հարուցել, օրենքի հիման վրա քննություն արեք, ոչ թե վախ տարածեք, կամ դրանով փորձեք առավելություն ստանալ»,- գրել է նա։



