ՌԴ Պետդումայի ԼԴԿ խմբակցության պատգամավորները օրինագիծ են մշակել, որով առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար օտարերկրացիների՝ երկրում մշտական բնակության անհրաժեշտ ժամկետը հինգ տարուց հասցնել ութի։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը, որն ուղարկվել է ՌԴ կառավարությանը՝ եզրակացություն ստանալու համար, գտնվում է ՏԱՍՍ գործակալության տրամադրության տակ։
Օրինագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքի 15-րդ հոդվածում և «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի 8-րդ հոդվածում։
Մասնավորապես, առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընդհանուր կարգով դիմելու համար երկրում մշտական բնակության անհրաժեշտ ժամկետը հինգ տարուց հասցնել ութի, ինչպես նաև կացության թույլտվություն ստանալու համար ՌԴ տարածքում բնակության ժամկետը մեկ տարուց երկարացնել մինչև երկու տարի։ Կացության թույլտվություն ստանալու դիմումը հնարավոր կլինի ներկայացնել Ռուսաստանում բնակության երկրորդ տարվա միայն ութ ամիսը լրանալուց հետո։
Բացատրական գրության մեջ նշվում է, որ փոփոխությունների նպատակն է իրականացնել պետական միգրացիոն քաղաքականությունը, ապահովել ազգային անվտանգությունը և բարձրացնել օտարերկրացիների՝ ռուսական հասարակությանը ինտեգրվելու արդյունավետությունը։
Ինչպես ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է ԼԴԿ առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, 2026 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանում օտարերկրացիների ավելի քան 8 հազար կացության թույլտվություն է չեղարկվել՝ 90 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ։
Որպես պատճառներ նա նշել է փաստաթղթերը ձևակերպելիս ոչ հավաստի տեղեկությունների տրամադրումը և ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունները։ Սլուցկու կարծիքով՝ կացության թույլտվության և քաղաքացիության տրամադրման գործող կարգը պետք է բարեփոխել, որպեսզի պետությունն ավելի շատ ժամանակ ունենա օտարերկրացիներին ստուգելու համար։





