«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բողոքներ ստանալ «Էլդրայվ» ընկերության գործունեությունից։ Քաղաքացիները պնդում են, որ էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար վճարել են մեքենաների արժեքի 10 տոկոսը, սակայն արդեն 2-3 ամիս է՝ սպասում են իրենց ավտոմեքենաներին։ Իսկ ընկերությունից, ըստ նրանց, ի վերջո առաջարկել են պարզապես վերադարձնել գումարները։
Սակայն խնդիրը միայն գումարը չէ։ Մարդիկ կորցրել են ժամանակ, խաթարվել են նրանց ծրագրերը, իսկ որոշ քաղաքացիներ կանխավճարը կատարել են վարկային միջոցներով։ Արդյունքում շարունակում են տոկոսներ վճարել՝ չունենալով ո՛չ խոստացված մեքենան, ո՛չ էլ այն ստանալու հստակ ժամկետ։
Պարզվում է՝ սա ընկերության գործունեության վերաբերյալ առաջին աղմկահարույց պատմությունը չէ։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 2026 թվականի մայիսի 22-ի թիվ 185-Ա որոշմամբ պատասխանատվության միջոցներ է կիրառել «Էլդրայվ» և «Սոլարավտո» ընկերություններից կազմված անձանց խմբի նկատմամբ։
Հանձնաժողովը քննության ընթացքում արձանագրել է սպառողներին մոլորեցնելու ռիսկեր պարունակող գովազդային դրսևորումներ, այդ թվում՝ էլեկտրամոբիլների գների, կանխավճարների, ֆինանսավորման պայմանների և առաջարկվող առավելությունների վերաբերյալ։ Որոշմամբէ ընկերությունների նկատմամբ կիրառվել են ընդհանուր տուգանքներ՝ 123 միլիոն 498 հազար դրամ։
Ուշագրավ է, որ պետական մարմնի նման որոշման առկայության պայմաններում այսօր էլ քաղաքացիները բարձրաձայնում են «Էլդրայվի» հետ գործարքներից առաջացած խնդիրների մասին։ Ստացվում է՝ մարդիկ նախ վճարում են, ամիսներով սպասում, ապա կանգնում գումարը հետ ստանալու անհրաժեշտության առաջ։
Իսկ ո՞վ է պատասխան տալու քաղաքացիների կորցրած ամիսների, վարկային տոկոսների և խաթարված ծրագրերի համար։ Մի՞թե սպառողի իրավունքների պաշտպանությունը պետք է ավարտվի միայն կանխավճարի վերադարձով։
«Ժողովուրդ» օրաթերթը կհետևի այս պատմությանը՝ պարզելու, թե ինչու են ձգձգվում ավտոմեքենաների մատակարարումները, և ինչպես է ընկերությունը պատրաստվում փոխհատուցել քաղաքացիների կրած վնասները։
Էլդրայվից մեզ խոստացել են մեկնաբանություն տալ․ ստանալուն պես այն կհրատարակենք»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






