ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին՝ իրավիճակի հնարավոր սրման մասին։ «Մերձավոր Արևելքում ներկայումս գտնվող ամերիկացիները պետք է առավել զգոն լինեն՝ անվտանգության ոլորտում բարդ իրավիճակի պատճառով։ Անհրաժեշտ է հաշվի առնել չվերթների հնարավոր չեղարկումները, օդային տարածքի փակումը և տրանսպորտային խափանումները»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Պետդեպարտամենտը նաև նշել է, որ ռազմական գործողությունները կարող են տարածվել տարածաշրջանի սահմաններից դուրս։ «Իրանը և նրան աջակցող խմբավորումները կարող են հարվածներ հասցնել արտերկրում ԱՄՆ-ի շահերին առնչվող այլ օբյեկտների կամ ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների և ամերիկացիների հետ կապված օբյեկտների, այդ թվում՝ ամերիկյան ձեռնարկությունների և այլ հաստատությունների»,- ասվում է հայտարարության մեջ։





