Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»

16 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մի կողմից հայտարարում է, որ Հայաստանը խնդիր չունի ռուսական կոնցեսիայի հետ, մյուս կողմից՝ խոսում է երկաթուղու կառավարման ձևաչափը փոխելու և երրորդ երկրներին կառավարումը փոխանցելու մասին։ Իսկ ռուսական կողմը պնդում է, որ պատրաստ է աշխատել գործող պայմանագրի շրջանակում։ Ի վերջո, ո՞րն է լինելու հայկական երկաթուղու ճակատագիրը։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի երկաթուղու շուրջ Երևանի և Մոսկվայի քննարկումները մտել են նոր փուլ, սակայն այս պահին վերջնական լուծման մասին խոսել դեռ վաղ է։

Հոկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը, իսկ հոկտեմբերի 15-ին արդեն հրապարակային հայտարարություններով ներկայացրել հանդիպման օրակարգն ու հայկական կողմի ակնկալիքները։ Հանդիպման արդյունքում որոշվել է հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որը երեք ամսվա ընթացքում պետք է քննարկի առկա խնդիրները, առաջարկի լուծումներ և հստակեցնի հետագա քայլերը։

Սակայն Փաշինյանի հայտարարությունների մեջ ուշագրավ հակասություն կա․ վարչապետը պնդում է, որ հայկական կողմը խնդիր չունի ռուսական կոնցեսիայի հետ, բայց միաժամանակ նշում է, որ Հայաստանի հաշվարկներով՝ երկաթուղու մրցունակությունն ապահովելու համար նպատակահարմար է փոխել կառավարման ձևաչափը՝ այն փոխանցելով երրորդ երկրների։

Այսինքն՝ խոսքը միայն երկաթուղու տեխնիկական վերանորոգման մասին չէ։ Հարցը նաև այն է, թե ով և ինչ պայմաններով պետք է կառավարի Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը, որպեսզի այն կարողանա լիարժեքորեն ներգրավվել տարածաշրջանային և միջազգային տրանսպորտային հաղորդակցություններում։

Փաշինյանի փոխանցմամբ՝ ռուս գործընկերները համաձայն չեն հայկական կողմի գնահատականի հետ, թե Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները խոչընդոտում են երկաթուղու բնականոն զարգացմանը։ Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ պատժամիջոցները չեն խանգարում երկաթուղու աշխատանքին, մինչդեռ Երևանը դա դիտարկում է որպես խնդիր։

Ռուսական երկաթուղիների ղեկավարն իր հերթին հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է պահպանել Հայաստանի հետ գործող կոնցեսիոն պայմանագրի պայմանները։ Այսպիսով, կողմերի մոտեցումները դեռ ամբողջությամբ չեն համընկնում․ Հայաստանը ցանկանում է բարձրացնել երկաթուղու մրցունակությունը և քննարկում է կառավարման այլընտրանքային տարբերակներ, իսկ ռուսական կողմը պատրաստ է շարունակել աշխատանքը գործող պայմանագրի շրջանակում։

Փաշինյանը խոսել է մի շարք ռազմավարական ծրագրերի մասին, որոնք, իշխանությունների պատկերացմամբ, կարող են էականորեն փոխել հայկական երկաթուղու հնարավորությունները։ Դրանց թվում են Իջևան-Հրազդան երկաթուղային գծի վերականգնումը, Ախուրիկում անիվային զույգերի փոխման կետի կառուցումը, ինչպես նաև Լերմոնտովո-Ֆիալետովո հատվածում Իջևան-Հրազդան և Վանաձոր-Գյումրի երկաթուղային ուղղությունների կապակցումը։

Առանձին ուշադրության են արժանացել նաև Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան հատվածների վերականգնման հնարավորությունները։ Այս ծրագրերը դիտարկվում են տարածաշրջանային տրանսպորտային ուղիներին Հայաստանի երկաթուղին ինտեգրելու համատեքստում։

Սակայն այս ծրագրերի հիշատակումը դեռ չի նշանակում, որ դրանց իրականացման ֆինանսավորումը, ժամկետներն ու կոնկրետ պայմանավորվածություններն արդեն վերջնականապես որոշված են։

Այս պահի դրությամբ ամենակարևոր արդյունքը հայ-ռուսական աշխատանքային խմբի ստեղծումն է։ Երեք ամսվա ընթացքում կողմերը պետք է փորձեն պատասխանել հիմնական հարցին՝ ինչպես ապահովել հայկական երկաթուղու մրցունակությունը և ինչ կառավարման մոդել կարող է դրա համար առավել արդյունավետ լինել։

Բայց առայժմ հստակ չէ՝ արդյոք Ռուսաստանը կհամաձայնի կառավարման ձևաչափի այնպիսի փոփոխության, որը ենթադրում է երրորդ երկրների ներգրավում, թե կողմերը կփորձեն խնդիրը լուծել գործող կոնցեսիայի պայմաններում։

Փաշինյանը շեշտում է, որ ցանկանում է հարցը լուծել բարեկամական մթնոլորտում։ Միաժամանակ նրա հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունները երկաթուղու ապագան կապում են ոչ միայն գործող կառավարման համակարգի արդյունավետության, այլև տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման նոր հնարավորությունների հետ։

Ուստի գլխավոր հարցը մնում է բաց․ երեք ամիս անց Հայաստանը կունենա՞ երկաթուղու կառավարման նոր մոդել, թե՞ ռուսական կոնցեսիայի շուրջ քննարկումները կշարունակվեն՝ առանց էական փոփոխությունների»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Անկլավ-էքսկլավների հարցով Ադրբեջանի հետ համաձայնություն չկա. Մհեր Գրիգորյան

Անկլավ-էքսկլավների հարցով Ադրբեջանի հետ համաձայնություն չկա. Մհեր Գրիգորյան

Անկլավ-էքսկլավների հարցով Ադրբեջանի հետ համաձայնություն չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Չկա համաձայնություն։ Ցանկացած հարց, որը ֆորմալ քննարկվում է, որի շուրջ կա աշխատանքային քննարկում, մենք հրապարակում ենք»,- ասաց նա։...

Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի․ Միրզոյան

Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի․ Միրզոյան

Տարածքների փոխանակման վերաբերյալ հասարակություններին բավարարող լուծումը կօգնի երկու հասարակությունների միջև վստահության ամրապնդմանը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանի պնդմամբ՝ անկլավ-էքսկլավները, թեկուզ տեխնիկապես,...

Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ հայրը և որդին ձերբակալվել են

Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ հայրը և որդին ձերբակալվել են

Նոր Գեղիում քաղաքացին, ըստ նախնական տվյալների, իր անունով հաշվառված որսորդական զենքերը տվել է որդուն և որդու ընկերոջը, որպեսզի տեղափոխեն տուն: Այս ընթացքում որդին պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ: Նոր Գեղիի 16-ամյա բնակիչը տեղում մահացել է: Այս մասին...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Առաջնորդներ հանուն բնության» գագաթնաժողովը՝ Երևանում

Հայաստանի՝ COP17-ում նախագահության ֆոնին, Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովը՝ «Առաջնորդներ հանուն բնության» կարգախոսով։ Միջոցառմանը մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, Իրանի նախագահ...

Թրամփի բանագնացները Զելենսկուն կոչ են արել չհարվածել ՌԴ նավթավերամշակման գործարաններին

Թրամփի բանագնացները Զելենսկուն կոչ են արել չհարվածել ՌԴ նավթավերամշակման գործարաններին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, դիմել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով հարվածներ չհասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Այս մասին TASS-ի փոխանցմամբ՝ հայտնել է...