Օրենքը չպետք է ծառայեցնել կամայականությանը. հոկտեմբերի 15-ի պատգամը

15 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 15-ն արդարության, հավատարմության և հոգևոր անսասանության օր.

Պետական իշխանությունը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում, ոչ թե` օրենքը ծառայեցնել կամայականությանը։

Իրավական պետության հիմքը ոչ թե ուժի ցուցադրությունն է, այլ` օրենքի գերակայությունը։ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձնական ազատության, խղճի և կրոնի ազատության, ինչպես նաև իրավական պաշտպանության իրավունքները պարտադիր են բոլորի համար՝ անկախ անձի հոգևոր կոչումից, հասարակական դիրքից կամ համոզմունքներից։ Որևէ մեկի մեղավորությունը չի կարող կանխորոշվել քաղաքական հայտարարություններով կամ հանրային ճնշմամբ․ այն կարող է հաստատվել միայն օրենքով սահմանված արդար դատաքննության արդյունքում։

Եթե պետությունն իր գործողություններով խոչընդոտում է Եկեղեցու բնականոն հոգևոր ծառայությունը, միջամտում նրա ներքին կյանքին կամ հոգևորականներին վերաբերվում ոչ թե օրենքի, այլ` ուժի տրամաբանությամբ, ապա հարցը դուրս է գալիս առանձին անձանց ճակատագրի շրջանակից և դառնում իրավական պետության ու ժողովրդավարական սկզբունքների պահպանման հարց։

Եկեղեցին պետական իշխանության կամայականությունների թիրախ դարձնելու փորձերը չեն կարող վերացնել նրա առաքելությունը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի հոգևոր և ազգային կյանքի հիմնասյուներից է, որի առաքելությունը դարերով կապված է եղել մեր ինքնության, հավատքի, մշակույթի ու պատմական հիշողության պահպանման հետ։ Եկեղեցին չի կարող լռեցնել իր խիղճը, հրաժարվել իր հոգևոր պարտականությունից կամ դադարել աղոթել ճշմարտության, արդարության և խաղաղության համար՝ միայն այն պատճառով, որ նրա սպասավորները հայտնվել են ճնշումների ներքո։

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է․ «Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհաննես 8։32)։ Իսկ Պողոս առաքյալը հորդորում է․ «Մի՛ պարտվիր չարից, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմեացիներ 12։21)։

Այս խոսքերը մեզ հիշեցնում են, որ քրիստոնյայի ուժը վրեժխնդրության մեջ չէ, այլ` ճշմարտությանը հավատարիմ մնալու, անարդարության դեմ խիզախորեն կանգնելու և նույնիսկ փորձության մեջ իր հոգևոր արժանապատվությունը պահպանելու կարողության։

Հոկտեմբերի 15-ը չկոտրեց մեզ։ Այն առավել ամրապնդեց մեր հավատքը, խորացրեց մեր պատասխանատվության գիտակցությունը և վերահաստատեց մեր վճռականությունը՝ պաշտպանելու մեր Սուրբ Եկեղեցին, մեր հոգևոր հայրերին և օրենքի գերակայությունը։

Այսօր մեր պահանջը մնում է հստակ․ օրինականություն՝ առանց երկակի չափանիշների, արդարադատություն՝ առանց քաղաքական միջամտության, և Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումների։

Յուրաքանչյուր իրավական գործընթաց պետք է իրականացվի օրենքի և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների խստիվ պահպանմամբ, իսկ Եկեղեցու հոգևոր կյանքը չպետք է դառնա քաղաքական հաշվեհարդարի կամ իշխանական ազդեցության գործիք։

Մենք աղոթում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի, Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր եղբայրների և համայն հայ ժողովրդի համար։ Աղոթում ենք նաև մեր հայրենիքի խաղաղության, արդարության հաստատման և մեր ժողովրդի հոգևոր միասնության պահպանման համար։

Հոկտեմբերի 15-ը մեզ համար մոռացության օր չէ։ Այն հիշողություն է, զգոնության կոչ և ուխտ՝ հավատարիմ մնալու մեր հավատքին, մեր Եկեղեցուն և ճշմարտությանը։

Թող Տիրոջ Ամենախնամ Աջը հովանի լինի մեր Սուրբ Եկեղեցուն, պահպանի մեր Վեհափառ Հայրապետին, մեր հոգևոր հայրերին և հավատավոր ժողովրդին։ Թող արդարությունը հաղթանակի, ճշմարտությունը լուսավորի խավարած ճանապարհները, և մեր Սուրբ Եկեղեցին շարունակի իր փրկարար առաքելությունը՝ անսասան հավատքով և անխախտ ուխտով։

Փա՜ռք Աստծուն՝ ամեն ինչի համար։

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Նմանատիպ նյութեր

Կարևորը՝ COP17-ի մասին

Կարևորը՝ COP17-ի մասին

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Համաժողովի ընթացքում երկրները գնահատելու են 2022 թվականին ընդունված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի...

«Ի դեպ»․ Փաստորեն՝ հայրենիքը չի զիջվում, այլ փոխանակվում է

«Ի դեպ»․ Փաստորեն՝ հայրենիքը չի զիջվում, այլ փոխանակվում է

Ի դեպ, Արարատ Միրզոյանը այսօր՝ հոկտեմբերի 15-ին վերահաստատել է Փաշինյանի ասածը հանձնումների վերաբերյալ: «Այո, լուծումներից մեկն է։ Անկլավները, որոնք ունեցել են երկրները կարող է մեկը մնա մյուսին, այն մեկը`մյուսին կամ փոխանակվեն։ Կարող է և ուրիշ տարբերակներ լինեն...

Ոստիկանությունը Արթուր Սարգսյանին չի ներկայացրել դատական նիստին. նիստը հետաձգվել է

Ոստիկանությունը Արթուր Սարգսյանին չի ներկայացրել դատական նիստին. նիստը հետաձգվել է

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը, որը պետք է կայանար այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հետաձգվել է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 22-ը, ժամը 15:00-ն: Հետաձգման պատճառն այն է, որ ոստիկանությունը դատարան չի ներկայացրել տնային կալանքի տակ գտնվող ԱԺ «Հայաստան»...

Եղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում․ «Հետք»

Եղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ հոկտեմբերի 25-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Հանրապետություն», «Նոր դարաշրջան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ ՔՊ-ի ցուցակն այս...

ՌԴ-ի հետ երկաթուղու կոնցեսիայի հարցերով աշխատանքային խումբ է ստեղծվել

ՌԴ-ի հետ երկաթուղու կոնցեսիայի հարցերով աշխատանքային խումբ է ստեղծվել

Փաշինյանը որոշում է ստորագրել Ռուսաստանի հետ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կքննարկի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները։ Այս մասին ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝ հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և...