YerevanToday-ը երեկ հայտնել է, որ Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանը, չնայած նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով պաշտոնական արձակուրդում է, այդ ընթացքում ավագանու նիստ է գումարել։ Նիստի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել էր նաև համայնքապետարանի պաշտոնական հարթակներում։
Մասնավորապես, ավագանին քննարկել է «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 5 մլն 280 հազար դրամ գումար է տրամադրել ուսուցչի և դաստիարակի տոնը նշելու համար։
Արդյո՞ք արձակուրդում գտնվող համայնքի ղեկավարը նման նիստ գումարելու իրավական հիմք ուներ, և արդյո՞ք նախընտրական շրջանում նման որոշումը կարող է խնդիրներ առաջացնել։ Այս հարցերով Yerevan.Today-ը դիմեց իրավաբան, սահմանադրագետ Վահե Գրիգորյանին։
Նրա խոսքով՝ իրավիճակը խնդրահարույց է հատկապես այն համայնքներում, որտեղ իրականացվում է նախընտրական քարոզարշավ կամ դրան մոտ ժամանակահատված է։
«Ավելին, Սահմանադրական դատարանը 2026 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր որոշմամբ հստակ արձանագրումներ էր կատարել։ Դրանցից մեկն էլ վերաբերում էր պաշտոնատար անձանց այնպիսի գործողություններին, որոնք, ըստ էության, ուղղակի կամ անուղղակի ազդում են ընտրությունների արդյունքների վրա։
Հիմա, եթե ձեր նշած դեպքում համայնքի ղեկավարը գտնվել է արձակուրդում, ապա նա չի կարող որևէ նիստ գումարել, որևէ կարգադրություն, որոշում, հրաման ստորագրել և մասնակցել որևէ միջոցառման՝ որպես պաշտոնատար անձ, կամ գումարել որևէ նիստ, որը կարող էր իրականացնել արձակուրդում չգտնվելու պարագայում»,- նշեց նա։
Իրավաբանի խոսքով՝ խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ նման իրավիճակում նիստի արդյունքում հատկացվող գումարից օգտվող անձանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ հենց տվյալ պաշտոնատար անձն է հանդիսանում միջոցառման գլխավոր կազմակերպիչը և իր պաշտոնական կարգավիճակով աջակցություն կամ ուշադրություն է ցուցաբերում որոշակի խմբի։
«Տվյալ անձը հանդիսանում է քաղաքապետ, և նա չի կարող արձակուրդում գտնվելու ընթացքում որևէ պաշտոնական լիազորություն իրականացնել»,– ընդգծեց նա։
Իրավական առումով նման հարցերի վերաբերյալ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կարող են դիմումներ և բողոքներ ներկայացնել տարածքային ընտրական հանձնաժողով։
Սահմանադրագետի պարզաբանմամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում իրավասու սուբյեկտը տարածքային ընտրական հանձնաժողովն է, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունների օրինականության նկատմամբ։
Անդրադառնալով ավելի քան 5 միլիոն դրամ հատկացնելու հարցին՝ իրավաբանը նշեց, որ այն ինքնին չի կարող համարվել ընտրակաշառք։ Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի դիրքորոշումների համաձայն՝ նախընտրական շրջանում նման հատկացումները կարող են դիտարկվել որպես սոցիալական կաշառք, որը հետևանքի առումով շատ մոտ է ընտրակաշառքին։
Վերջնական գնահատականը, թե տվյալ դեպքում առկա՞ է նման խախտում, թե՞ ոչ, արդեն իրավական վեճի առարկա է։
«Սակայն անգամ մեկ դեպքի առկայությունն ինքնին խնդրահարույց է, քանի որ մի դեպքում պաշտոնատար անձը հնարավորություն ունի որոշակի սոցիալական աջակցության բաղադրիչներով ուղղակի կամ անուղղակի ազդել ընտրությունների արդյունքների վրա, իսկ մյուս թեկնածուները նման հնարավորություն չունեն»,- ամփոփեց Գրիգորյանը։






