«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ ունեցվածքով է նա հեռանում պաշտոնից։
Հիշեցնենք, որ Սարգիս Հայոցյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թվականի օգոստոսի 21-ից։ Մինչ այդ՝ 2020 թվականից, նա ղեկավարել է Գիտության պետական կոմիտեն։
Իսկ ի՞նչ ունեցվածքով է Հայոցյանը հեռացել պաշտոնից։
Անշարժ գույք
Հայոցյանի 2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ տարվա սկզբում և վերջում նրա սեփականությանն են եղել Նոր Նորքում գտնվող երկու անշարժ գույք՝ 2016 թվականին ձեռք բերված բնակարան և 2019 թվականին ձեռք բերված բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Բնակարանի սեփականության իրավունքը համատեղ է, իսկ ոչ բնակելի տարածքը պատկանում է նրան միանձնյա։ 2025 թվականին նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույքից որևէ մեկը չի օտարել։
Տրանսպորտային միջոց
Հայոցյանի անունով առկա է 1999 թվականի արտադրության Mitsubishi մակնիշի ավտոմեքենա, որը նա ձեռք է բերել 2015 թվականի հոկտեմբերի 15-ին։
Եկամուտ
2025 թվականին Սարգիս Հայոցյանի ընդհանուր եկամուտը կազմել է 21 մլն 60 հազար 303 դրամ։ Դրանից 19 մլն 73 հազար 475 դրամը աշխատանքի վարձատրությունն է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից, իսկ 1 մլն 986 հազար 828 դրամը՝ եկամտային հարկի վերադարձ։
Դրամական միջոցներ
Տարվա սկզբում նրա բանկային հաշիվներում եղել է ընդհանուր 2 մլն 492 հազար 887.83 դրամ և 0.28 դոլար։ Տարվա վերջին բանկային հաշիվների մնացորդը կազմել է 258 հազար 139.21 դրամ և 0.28 դոլար։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայոցյանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 14 մլն 572 հազար 100.4 դրամ։ Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն 639 հազար 582.5 դրամ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։





