Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

24 Սեպտեմբերի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Թեև Երևանից պարբերաբար հնչում են հայտարարություններ, թե խաղաղության գործընթացը առաջ է գնում և օրեցօր ամրապնդվում է, ադրբեջանական կողմը դրսևորում է լիովին հակառակ վարքագիծ։ Փոխանակ քայլեր անելու տարածաշրջանում իրական կայունություն հաստատելու ուղղությամբ, Բաքուն շարունակում է էսկալացիոն հռետորաբանությունն ու նորանոր տարածքային ու մշակութային հավակնությունների ձևակերպումը:

«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում, իբր գտնվող, «աղվանական քրիստոնեական ժառանգության» ուսումնասիրության նպատակով։

Այս փաստին անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը. ««Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրի, Դարալագյազի և Գյոյչայի (Սևանա լճի) ավազանում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով։ Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»: Ինչու «Ուժեղ Հայաստանը» չի նկատում ինչքան խաղաղ են ադրբեջանցիների նպատակները: Խաղաղության աղավնիներ Ջեյհունն ու Հիքմեթը …»,- վերջում հեգնանքով ավելացրել է Կարապետյանը։

Գնալով ակնհայտ է դառնում այն դիսոնանսը, որն առկա է Հայաստանի գործող իշխանությունների «խաղաղության օրակարգի» և Ադրբեջանի իրական, ռևանշիստական քայլերի միջև։ Հայաստանի կողմից արդեն իսկ արված զիջումները, ինչպիսիք են միակողմանի սահմանազատման գործընթացը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանն ընդառաջ գնալը որևէ համարժեք քայլով չեն փոխհատուցվել Բաքվի կողմից։

Ադրբեջանցիները դրա դիմաց ոչ միայն ոչինչ չեն զիջել, այլև չկան նվազագույն նշաններ, որ պատրաստվում են գոնե հետ քաշվել Հայաստանի օկուպացված տարածքներից։ Փոխարենը՝ Բաքուն ներկայացնում է նորանոր, շարունակական պահանջներ՝ սկսած ՀՀ Սահմանադրության փոփոխության պարտադրանքից մինչև «արևմտյան Ադրբեջանի» կեղծ թեզերի ու մշակութային յուրացման քաղաքականության շրջանառումը։

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը հիանալի հասկանում է Հայաստանի ներքաղաքական իրականությունը։ Բաքվում գիտակցում են, որ Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական հենարանը խարխլված է, իսկ ընտրական արդյունքները ձևավորվել են վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման, թոշակների չնախատեսված բարձրացման և պետական ապարատի ներգրավման հաշվին։ Բաքուն հասկանում է, որ Փաշինյանն ամբողջովին չի արտահայտում հայ ժողովրդի մեծամասնության լեգիտիմ կամքը այնպիսի ճակատագրական փաստաթղթերի ստորագրման համար, ինչպիսիք են խաղաղության պայմանագիրն ու տարածքային զիջումները։ «Սրբազան շարժումը» ցույց տվեց, որ հանրային դժգոհության կուտակված լիցքը չափազանց մեծ է, և նույնիսկ փոքր կայծը բավական է, որպեսզի համազգային հսկայական ալիք բարձրանա։

Այս կոնտեքստում Ադրբեջանի պարբերական սադրանքները, հավակնոտ հայտարարություններն ու «աղվանական ժառանգության» թեման յուրօրինակ քննություն են Նիկոլ Փաշինյանի համար։ Նա, օրինակ՝ Օվերտոնի պատուհանի սկզբունքով շրջանառության մեջ դնելով Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը («Քյարքի») և խոսելով նրա հնարավոր՝ Ադրբեջանին հանձնելու մասին, փորձում է հասկանալ հայ հանրության ռեակցիաները և ստուգել, թե արդյոք լիարժեքորեն կարող է կանխել դժգոհության ալիքը։ Իսկ ադրբեջանցիները փորձարկում են, թե որքանով է իշխանությունը տիրապետում իրավիճակին, որպեսզի կարողանան մաքսիմալ զիջումներ պարտադրել։

Քանի դեռ Հայաստանի իշխանությունները խաղաղության օրակարգը կառուցում են միակողմանի զիջումների տրամաբանությամբ, Ադրբեջանը շարունակելու է օգտագործել Հայաստանի ներքին թուլությունն ու իշխանության լեգիտիմության պակասը։ «Աղվանական ժառանգության» կեղծ թեզերի շրջանառումը հերթական ապացույցն է, որ Բաքվի նպատակը ոչ թե տևական խաղաղությունն է, այլ Հայաստանի պետականության հիմքերի հետևողական քանդումը։

Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հեզորեն տանող, որևէ կերպ չհակադարձող և սուր հռետորաբանությունից խուսափող Փաշինյանը լրիվ հակառակ՝ բավականին ագրեսիվ վարքագիծ է դրսևորում Ռուսաստանի նկատմամբ։ Խոսքը մի պետության մասին է, որն այս պահին արդեն իսկ սկսել է Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների լայնածավալ փուլ։ Այս առճակատումն աստիճանաբար խորանում է այն աստիճանի, որ ոչ միայն խզվում են ավանդական տնտեսական կապերը՝ հսկայածավալ վնաս հասցնելով Հայաստանի տնտեսությանը, այլև հարաբերությունները թևակոխում են ծանր ճգնաժամային փուլ՝ Հայաստանի համար փաստացի բացելով «երկրորդ ճակատ»։ Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում. եթե Հայաստանի իշխանությունները պատերազմից խուսափելու պատրվակով որդեգրել են Ադրբեջանի հետ մեղմ հռետորաբանության և մաքսիմալ զիջումների ուղին, նույն տրամաբանությամբ ինչու՞ են Ռուսաստանի նկատմամբ ցուցաբերում ճիշտ հակառակ մոտեցումը՝ ստեղծելով ևս մեկ աննպաստ ու ճակատագրական խնդիր։ Եթե նրանց ձգտումներն անկեղծ են և չեն հետապնդում բացառապես Արևմուտքի շահերը սպասարկելու գնով իշխանությունը պահելու նպատակ, ապա ինչու՞ է նման վտանգավոր դիմակայություն հրահրվում մի պետության հետ, որը կարող է անհամեմատ ավելի հզոր և անհամեմատ ավելի դաժան թշնամի դառնալ Հայաստանի համար, քան հնարավոր է պատկերացնել ամենավատ երազում։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը պետական բյուջեից լավություններ է անում. Ոսկան Սարգսյան

Իշխանությունը պետական բյուջեից լավություններ է անում. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերիք է մեր մուծած հարկերից գոյացած պետբյուջեից մեծահարուստներին հարկային, մաքսային արտոնություններ տաք. Հայաստանի անկախանալուց առաջ ասում էին, որ «Ջերմուկը» կպահի Հայաստանը։ Սակայն «Ջերմուկը» Արսենյանների...

«Սրբապիղծնե՛ր, արդեն ամեն ինչ պարզ է՝ շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր գրառումը

«Սրբապիղծնե՛ր, արդեն ամեն ինչ պարզ է՝ շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր գրառումը

2020 թվականի արցախյան պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցից ընդամենը օրեր առաջ Երևանի Հաղթանակի զբոսայգում հեռացվել է Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված որմնանկարը։ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն անդրադարձել է միջադեպին՝ շեշտելով. «Ալբերտ Հովհաննիսյանի անունը պատկանում...

Արցախում վառելիքի պայթյունի զոհերի ընտանիքներին պետք է տրվի համարժեք կարգավիճակ. Արթուր Խաչատրյան

Արցախում վառելիքի պայթյունի զոհերի ընտանիքներին պետք է տրվի համարժեք կարգավիճակ. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «3 տարի առաջ Արցախի Հանրապետության Իվանյան համայնքի մոտ տեղակայված վառելիքի պահեստում հուժկու պայթյունի զոհ դարձան 219 մարդ՝ քաղաքացիական անձիք, զինվորականներ, աշխարհաղորայիններ, ուժային կառույցների...

Ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ. ՄԻՊ

Ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ: «Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ...

Հարցվածների 59%-ը Տիգրանաշենը հայկական բնակավայր է համարում և դեմ է Ադրբեջանին հանձնելուն. GALLUP

Հարցվածների 59%-ը Տիգրանաշենը հայկական բնակավայր է համարում և դեմ է Ադրբեջանին հանձնելուն. GALLUP

GALLUP-ի հարցման համաձայն՝ քաղաքացիների մեծ մասը Տիգրանաշենի կարգավիճակի վերաբերյալ այն տեսակետն ունի, որ բնակավայրը հայկական է, և Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն այն փոխանցելու Ադրբեջանին։ Այս մասին սեպտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է...