ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»

24 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Անկախության 35-ամյակի առթիվ պետական պարգևների ու դիվանագիտական աստիճանների արժանացած պաշտոնյաների հետ կապված ԱԳՆ-ում հատկապես չորս ներկայացուցիչների հետ կապված լուրջ քննարկումներ են ընթանում։

Հիշեցնենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեպտեմբերի 16-ի հրամանագրով Նելլի Սարոյանին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի, իսկ Հայկ Դարբինյանին, Անի Բադալյանին և Լենա Թերզիկյանին՝ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։ Հրամանագրի համաձայն՝ աստիճանները շնորհվել են վարչապետի առաջարկությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն անդրադարձել էր Անի Բադալյանի դեպքում առաջացած հարցերին՝ նշելով, որ ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին նման բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումը։ Այս անգամ Բադալյանի պատմությանը մանրամասն չենք անդրադառնա՝ կենտրոնանալով մյուս երեք պարգևատրվածների անցած ճանապարհի վրա։

Առավել ուշագրավ է Լենա Թերզիկյանի դեպքը։

Այսօր նա ԱԳՆ Եվրոպական ինտեգրման վարչության պետն է։ Հենց այդ վարչությունն է, ըստ ԱԳՆ պաշտոնական նկարագրության, պատասխանատու ԵՄ ուղղությամբ կառավարության արտաքին քաղաքականության իրականացման, ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության, ԵՄ կառույցների հետ համագործակցության համակարգման և Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում աշխատանքների համար։ Վարչությունն ունի նաև ԵՄ-ի հետ քաղաքական գործընկերության և ոլորտային համագործակցության առանձին բաժիններ։

Այսինքն՝ Թերզիկյանի ղեկավարած կառույցի անունն ինքնին բավական խոսուն է՝ Եվրոպական ինտեգրում։

Սակայն այստեղ էլ հարց է առաջանում՝ այս վարչության աշխատանքի արդյունքները որքանո՞վ են տեսանելի հանրությանը։ Իշխանությունը վերջին տարիներին ակտիվորեն խոսում է Հայաստանի եվրոպական հեռանկարի, ԵՄ-ին անդամակցության օրակարգի և եվրոպական ինտեգրման մասին։ Բայց անդամակցության պաշտոնական դիմումը դեռ ներկայացված չէ։ Նիկոլ Փաշինյանը դեռ օգոստոսին հայտարարել էր, որ նախ պետք է պաշտոնական դիմում ներկայացվի ԵՄ-ին, և դրանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ։

Էլ չասենք, որ եվրոպական վիզաների ազատականացման մասին ինչքան խոսվում է, այնքան բարդացնում են վիզա ստանալը՝ ՀՀ քաղաքացիներին ստիպելով անցնել նվաստացուցիչ ճանապարհով։

Ուստի Թերզիկյանի դեպքում հետաքրքիր հարցը ոչ թե այն է, թե «ԵՄ ինտեգրում կա՞, թե՞ չկա», այլ՝ ինչ արդյունք է արձանագրվել այդ գործընթացում և ինչ չափելի առաջընթաց է ապահովվել այն կառույցի կողմից, որը հենց դրա համար է ստեղծված։

Մյուս պարգևատրվածը՝ Նելլի Սարոյանը, ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության ղեկավարն է։ Նա ստացել է այս քառյակից ամենաբարձր դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ Նրա ղեկավարած վարչությունն իրականացնում է միջազգային պայմանագրերի կնքման, դրանց վավերացման, միջազգային իրավական հարցերի և նախարարության իրավական ապահովման հետ կապված աշխատանքները։

Այսինքն՝ Սարոյանի դեպքում խոսքը ոչ թե հանրային ու քաղաքական ամենօրյա տեսանելի աշխատանքի, այլ ԱԳՆ-ի բավական կարևոր, բայց առավելապես իրավական և պայմանագրային աշխատանքի համակարգման մասին է։

Հետաքրքիր անցած ճանապարհ ունի նաև Հայկ Դարբինյանը։

Նա այսօր ԱԳ նախարարի խորհրդականն է և ստացել է արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի աստիճան։ Սակայն Դարբինյանի անցած ճանապարհը դասական դիվանագիտական կարիերայի շրջանակում չէ։ Նա տարիներ շարունակ աշխատել է առողջապահական համակարգում, այդ թվում՝ ավելի քան 11 տարի զբաղեցրել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Պաշտոնական կենսագրական տվյալներում նրա աշխատանքային ճանապարհը հասնում է մինչև խորհրդային տարիներ, իսկ առողջապահության ոլորտում նրա գործունեությունը ներառել է նաև 1988-ի երկրաշարժից տուժածների և Արցախյան պատերազմի տարիներին վիրավորների բուժօգնության կազմակերպման աշխատանքները։

Այսպիսով, մեկ հրամանագրով դիվանագիտական բարձր աստիճաններ ստացած չորս անձանցից յուրաքանչյուրը ԱԳՆ համակարգում ունի իր ուղղությունը․ մեկը միջազգային իրավունքի պատասխանատուն է, մյուսը՝ նախարարի խորհրդական, երրորդը՝ մամուլի խոսնակ, իսկ չորրորդը՝ հենց եվրոպական ինտեգրման վարչության ղեկավարը։

Ի վերջո, դիվանագիտական աստիճանը միայն կոչում չէ։ Դրա հետևում պետք է լինի նաև աշխատանքի արդյունք, որը, հատկապես եվրոպական ինտեգրման դեպքում, հասարակությունը պետք է կարողանա տեսնել հայտարարություններից զատ կոնկրետ գործընթացների և արդյունքների տեսքով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան

Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձեւաչափը, որի շրջանակում ջանքերը մեկտեղելու մասին են հայտարարել ընդդիմադիր քաղաքական ուժեր, արդյո՞ք իդեալական է իր կազմով կամ ձեւով։ Իհարկե ոչ։ Բայց արդյո՞ք լինում է իդեալական ձեւաչափ քաղաքականության մեջ...

Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը

Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը

Սարատովի հայկական եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին, օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ։ Արարողությունը խորհրդանշում է Հայոց...

Նրանք ուզում էին տանկերով գալ Բաքու, ուզում էին թեյ խմել Բաքվում, բայց մենք ցույց տվեցինք, թե ով, ով է․ Ալիև

Նրանք ուզում էին տանկերով գալ Բաքու, ուզում էին թեյ խմել Բաքվում, բայց մենք ցույց տվեցինք, թե ով, ով է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ, այցելել է  Հաղթանակի հուշարձան և ծաղկեպսակ դրել։ Այնուհետև նա շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին և ելույթ ունեցել՝ կրկին հնչեցնելով հակահայկական հայտարարություններ։ Ինչպես հայտնում է APA-ն,...

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար, 1 մարդատար ավտոմեքենա

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար, 1 մարդատար ավտոմեքենա

Նոյեմբերի 7-ին ժամը 23։07-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով կցորդիչով բեռնատարը չի կարողանում երթևեկել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական...

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (210+247 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։...