ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»

19 Սեպտեմբերի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Թեև իշխանության մոտեցումները շարունակում են մնալ մակերեսային, և նրանք անհոգ ժեստերով փորձում են ցույց տալ, թե իբր ամենևին մտահոգված չեն Հայաստանի առջև ծառացած տնտեսական ծանր մարտահրավերներով, իրականությունն այլ է։ Իշխանական պատգամավորների ճղաձիգ ելույթներից արդեն իսկ պարզ է դառնում, որ իրենք էլ են զգում օդում կախված վտանգը և հասկանում, թե ինչի կարող է հանգեցնել երկրում սպասվող հսկայածավալ տնտեսական անկումը։ Անշուշտ, տնտեսական ճգնաժամն իշխանափոխության լուրջ նախադրյալ է, սակայն սա այն դեպքը չէ, երբ կարելի է խնդրին նայել սոսկ քաղաքական շահի տեսանկյունից։

Տնտեսության նման գահավիժումն աղետալի է պետության համար, և դրա հետևանքները հաղթահարելու համար տարիներ են պահանջվելու։ Սա ընդդիմության համար պարզապես «նվեր» չէ, այլ մի իրավիճակ, երբ ընդդիմադիր դաշտը պետք է լիովին պատրաստ լինի վերցնելու պետական ղեկը և կառավարելու առկա հսկայական ռիսկերը:

Խորհրդարանական համակարգերում ընդդիմությանը վերապահված վերահսկողական լծակները՝ հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների և սահմանադրական այլ պաշտոնների տեսքով, ծառայում են ոչ միայն որպես զսպման համակարգ, այլև նախապատրաստում են ապագա իշխանափոխությանը։ Տարբեր երկրների, օրինակ՝ Գերմանիայի կամ Լեհաստանի պրակտիկան ցույց է տալիս, որ երբ խորհրդարանական ընդդիմությունն արդյունավետորեն ստանձնում է իրեն վերապահված լծակները, դա հնարավորություն է տալիս կանխել քաղաքական վակուումը և ապահովել պետական ապարատի անխափան աշխատանքը իշխանափոխության անցումային փուլում:

Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակում նույնպես տեսանելի է դառնում իշխանափոխության հասունացման ինստիտուցիոնալ տրամաբանությունը: Օրենսդիր մարմնում ընդդիմության կողմից Սահմանադրությամբ իրեն վերապահված պաշտոնների և հանձնաժողովների ղեկավարման ստանձնումը պետական կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու քայլ է։ Այս գործընթացն ընթանում է սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի ֆոնին, երբ անգամ ռուսական պատժամիջոցների ամբողջական փաթեթի ուժի մեջ չմտած հատվածում արդեն իսկ մեծ անկումներ էին գրանցվել, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում։

Իսկ այժմ, երբ Ռուսաստանն արդեն ամբողջ թափով սկսել է պատժամիջոցներ կիրառել, ավելի քան պարզ է դառնում, թե ընթացիկ և առաջիկա եռամսյակներում ինչպիսի ապոկալիպտիկ պատկեր է սպասվում տնտեսության մեջ:

Տնտեսական այս իրավիճակն էլ ավելի է ծանրանում արտաքին մարտահրավերների պատճառով: Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին Մոսկվայից հնչող հայտարարությունները՝ գազի և էներգակիրների գների հնարավոր թանկացման մասին, լրացուցիչ ծանր հարված են հասցնելու առանց այն էլ խոցելի տնտեսությանը։ Էներգակիրների թանկացումը շղթայական ռեակցիայով բերում է բոլոր ոլորտների կոլապսի, ինչն էլ, ինչպես ցույց է տվել 1970-ականների էներգետիկ ճգնաժամի փորձը Եվրոպայում, անխուսափելիորեն առաջ է քաշում իշխանությունների քաղաքական պատասխանատվության և փոփոխության հրամայականը:

Այս ամբողջ պատկերի համատեքստում է պետք դիտարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ներկայացրած տվյալը, ըստ որի՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80 %-ով ավելի շատ ձայն, քան 2021 թվականին։ Ընդդիմադիր ընտրազանգվածի փաստացի կրկնապատկումը վկայում է հանրային տրամադրությունների արմատական վերադասավորման մասին:

Այնպես որ, անցած ընտրություններով իշխանությունն ամենևին էլ չի «պեչատել» իր հավերժական կառավարումը։ Ընդհակառակը՝ տնտեսական գահավիժման, արտաքին ռիսկերի և ընդդիմության ինստիտուցիոնալ ամրապնդման համադրումը կարող է քաղաքական համակարգում տեկտոնական ճաքեր առաջացնել։ Ամեն ինչ տանում է նրան, որ առաջիկա շրջանը ներքաղաքական կյանքում լինելու է չափազանց հետաքրքիր, դինամիկ և լուրջ փոփոխություններ խոստացող:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ»  թերթի՝ 19․ 09․ 26թ

Նմանատիպ նյութեր

2018-ի խոստումը քաղբանտարկյալներ չունենալն էր, ոչ թե ռեկորդ սահմանելը․ Արամ Վարդևանյան

«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Այսպես է ամրագրված մեր Սահմանադրությամբ։ Բայց արդյո՞ք այդպես է իրական կյանքում։ Պատասխանը շատ պարզ է՝ ոչ։ Արդյո՞ք սա նորություն է։ Ո՛չ։ Հայաստանի Հանրապետությունում արժեքային...

Պետք է փակել դեսպանատների դռները հազարներով, որ Փաշինյանին զսպաշապիկ հագցնեն․ Նահապետյան

Պետք է փակել դեսպանատների դռները հազարներով, որ Փաշինյանին զսպաշապիկ հագցնեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ «ՀՀ-ում ավտորիտար ռեժիմ է գործում, այս իշխանությունների ապօրինությունները...

Այսօր Հայաստանում թմրավաճառ լինելն ավելի անվտանգ է, քան ընդդիմադիր գործիչ լինելը․ Սամվել Հակոբյան 

«Ժողովրդավարության հետընթացի ձևակերպմանը կարող էինք նաև շատ գիտական տեսանկյունից անդրադառնալ։ Ի՞նչ է ժողովրդավարությունը։ Նիկոլ Փաշինյանի սիրած՝ ժողովրդավարության ամենակարևոր հանգամանքներից մեկը արդար ընտրություններն են։ Եթե համեմատություն...

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է. Հաջիև

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական  Հիքմեթ Հաջիևը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին Հիքմեթ Հաջիևը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ–Ադրբեջան ձևաչափով հանդիպումը...

Թող իրենք մտածեն իրենց կատարած թալանի մասին․ Լիդյա Մանթաշյանը՝ իշխանությանը

«Աշխարհի ցանկացած երկրում լինում են քաղաքական գործեր, բայց այս մասշտաբի հետապնդումներ, բացի ավտորիտար երկրներից, ոչ մի տեղ չենք տեսել։ Հիմա, օրինակ, եթե վերցնենք «Ուժեղ Հայաստանը», այնքան շատ են քաղբանտարկյալները, որ միայն առաջնորդներին...