Ի՞նչ են անելու Միրզոյանի հետ փակ դռների հետևում․ «Կարճ ասած»

15 Սեպտեմբերի, 2026

 

Այս ամիս Նյու Յորքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Իհարկե՝ կասկած չունենք, որ այդ բանակցություններին Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը գնում է վիզը ծռած, գնում է ներկայացնելու կատարած հանձնարարականների հաշվետվությունը և ստանալու նոր հանձնարարականներ։ Արարատ Միրզոյանն այս անգամ արդեն պաշտոնապես է գնում որպես միջազգային առևտրի նախարար՝ երևի առևտուրը շարունակելու ՀՀ տարածքների շուրջ։ Այս առումով խորհելու տեղիք են տալիս նախորդ օրերի իրադարձությունները։

4 տարի առաջ այս օրերին՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանը պատերազմ սկսեց Հայաստանի մի շարք բնակավայրերի ուղղությամբ՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում։ Կորցրինք 225 զինվոր, հայկական տարածքի օկուպացիան հասավ ավելի քան 200 քառակուսի կիլոմետրի։ Ջերմուկյան դեպքերի 4-րդ տարելիցին Փաշինյանը հեծանվարշավ է կազմակերպում երկրով մեկ, Երևանի կենտրոնական փողոցում փռում են սեղաններ և կազմակերպում խորովածի փարթի։ Այն, որ հենց այդ օրն ընտրեցին իրենց փարթիի համար՝ ողբերգության տարելիցին, հատուկ նպատակ ենք տեսնում։ Գոնե ձևական գլուխ խոնարհելու համար չգնացին Եռաբլուր։ Սրանց պատճառով միայն սեպտեմբերին երեք անգամ գլխիկոր Եռաբլուր այցելելու օր է՝ Ջերմուկյան դեպքեր, 44-օրյա պատերազմ, 2023 թ․ Արցախի վրա հարձակում և բռնագաղթ։

Ի՞նչ էր անում նույն օրը՝ Ջերմուկյան դեպքերի տարելիցին, Ադրբեջանը․ 58 երկրից 150 դիվանագետների հերթական՝ 22-րդ այցն էր կազմակերպել օկուպացված Արցախ։ Ալիևի օգնականը հայկական դարավոր եկեղեցիները ներկայացնում էր որպես աղվանական, Գանձասարի Մատենադարանում ցուցադրության համար դրված մակետները ծաղրի ենթարկում, թե տեսեք՝ հայոց պատմությունը դատարկ էջեր են․ դիվանագետ կոչվածներն էլ հռհռում էին։

Ամբողջ օրը Հայաստանի իշխանություն կոչվածից արձագանք չկար։ Հաջորդ օրը խորհրդարանում ընդդիմությունը հարցնում է՝ ինչո՞ւ չեք արձագանքում, մի բան ասեք գոնե։ Ու ի՞նչ է պատասխանում ԱԺ նախագահ աշխատողը․ «Նոր ձեռք բերած խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի, և շատ կարևոր է զգայունություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ»։ Թե բա՝ չարձագանքենք, որ պատերազմ չլինի։ Քեզ հետ իբր խաղաղության պայմանագիր նախաստորագրածը քեզ ամեն օր նվաստացնում է, իր օկուպացրած, իրեն անցած, նվիրած տարածքում ոչնչացնում է քո դարավոր հուշարձանները, յուրացնում է դրանք․ դա մշակութային ցեղասպանություն է, պետական մակարդակով վանդալիզմ է, մշակութային պատերազմ է։ Ու դուք հավատում եք, որ դրա հետ խաղաղությա՞ն եք գնալու ու չեք արձագանքում, որ չվնասե՞ք էդ չեղած խաղաղությանը, ավելի ճիշտ՝ հրադադարին։

Դուք Հայաստանին, առաջին հերթին՝ ձեզ ծաղրելու, հեգնելու վերաբերմունքն անտեսում եք, իսկ երբ գնում եք նրանց հետ հանդիպման, էդ ժամանա՞կ ոնց եք ձեզ պահում։ Արարատ Միրզոյանը երբ գնա Բայրամովին հանդիպելու, Նիկոլը երբ գնում է Ալիևին հանդիպելու, ի՞նչ է տեղի ունենում․ էլի էդ հանդիպումներում նվաստացնում են, դուք էլ ձայն չեք հանում, որ այսպես կոչված փխրուն խաղաղությանը չվնասե՞ք։ Մեզ չհամոզեք, թե հրապարակային ձեզ նվաստացնում են, բայց փակ դռների հետևում հետներդ խոսում են հավասարի պես։ Ադրբեջանը սրանով իրականում ցույց է տալիս, թե ինչպես է բանակցություններում վարվում ՔՊ-ական իշխանության հետ, Նիկոլի հետ։ Ու Ադրբեջանի էս հայտարարություններից պետք է ՔՊ-ն հուզվեր առաջին հերթին, որովհետև մեր աչքի առաջ է դրանց հարաբերվելու ձևը, բովանդակությունը։ Միրզոյանը, որ, իբր, չի արձագանքում Ադրբեջանի լկտի հայտարարություններին, որ հրադադարին չվնասի, պատկերացրեք՝ գնացել-նստել է Ադրբեջանի պաշտոնակցի դիմաց․ նրա կողմից էլի նույն լկտի պահվածքն է, ինչպե՞ս է իրեն պահում։

Իսկ այդ բանակցություններո՞ւմ ինչեր են պարտադրում, ու սրանք էլ համաձայնում են փխրուն խաղաղությանը չվնասելու համար։ Ասում ենք՝ էդ ո՞նց եղավ, որ պարտադրեցին նոր Սահմանադրություն․ այ էսպես, ժողովուրդ, նրանք ասին՝ պետք է փոխեք, սրանք էլ ասին՝ կփոխենք, որովհետև փխրուն խաղաղությունը պետք է պահել։ Ասում ենք՝ թե էդ ոնց եղավ, որ դուք խոսում եք հանձնելու մասին, անկլավների մասին, իրենք չեն խոսում, էդ ո՞նց եղավ, որ դուք հանձնեցիք, իրենք ոչինչ չտվեցին, էդ ո՞նց եղավ, որ մեր տարածքներից դուրս չեն գալիս, դուք էլ ձեն չեք հանում․ հենց էդպես՝ հլու-հնազանդ ենթարկվում են՝ «որ պատերազմ չլինի» հիմնավորմամբ։ Բայրամովն այսօր դարձյալ ասել է՝ TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մուտքի և ելքի վերահսկողությունն իրականացնելու է ադրբեջանական կողմը։ Սրանք ասում են՝ Հայաստանում պետք է անխոչընդոտ անցնենք։ ՔՊ-ականներն իբր հերքում են, բայց արդյո՞ք հենց էդպես չի լինելու՝ «որ փխրուն խաղաղությանը չվնասենք» հիմնավորմամբ։

Արցախը հանձնել եք, տվել եք, ասում եք՝ մերը չէ, բայց էնտեղ գտնվող հայկական ժառանգությունը ինչի՞ց եք վախենում, որ ասեք՝ մերն է։ Իսկ գուցե դուք է՞լ եք մտածում ադրբեջանցիների պես։ Նրանք որ ասում են հայկական չէ, հո գիտեն, որ հայկական է․ բայց դո՞ւք ոնց եք մտածում։ ՔՊ-ականներին՝ Փաշինյանին, Ռուբինյանին պետք է ուղիղ հարց տալ՝ Գանձասարը հայկակա՞ն է, ըստ իրենց, թե՞ չէ։ Ադրբեջանն ասում է՝ հայոց պատմությունը դատարկ էջեր են․ համաձա՞յն է ՔՊ-ն։ Եթե ոչ, ինչու է լռում։ Իսկ գուցե ադրբեջանցի պաշտոնյաները էդ եզրակացությունն արել են Փաշինյանի ելույթների՞ց, սա էլ է նման բաներ ասում։ Ես մենակ խոսում եմ սրանց արձագանքից, չեմ խոսում դեռ նրա մասին, որ պետք է Հայաստանի արտգործնախարարությունը այդ միջոցառման մասնակից բոլոր երկրների դեսպանատներ ուղարկեր բողոքի նոտաներ։

ՔՊ-ական խոսնակն ասում է՝ Ադրբեջանին առնչվող շատ բան մեզ, մեր ժողովրդին, նյարդայնացնելու է։ Ճիշտ չեք, կարծում եմ՝ մեր ժողովրդին չի նյարդայնացնում Ադրբեջանի ասածները, մեզ անհանգստացնում է, որ դուք լուռ եք ու ձեր այդ լռությամբ հրապարակային համաձայն եք էդ ասածների հետ․ մեզ ներվայնացնում է ձեր վախկոտությունը, ոչ թե նրանք։

Խորհրդարանն այսօր փոխեց կառավարության անդամի երդման տեքստը։ Արդարադատության ՔՊ-ական նախարարն ասում է՝ հին տեքստով պետությունը չէր կարող հարատև լինել, սերունդների առջև պատասխանատվություն չկար և այլն։ Երդման տեքստում գրել են իրենց ամենասիրած ու ամենաշատը տապալած «ինքնիշխանություն» բառը, որը նշանակում է՝ պետության՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասություն։

Ժողովուրդ ջան, Ադրբեջանը՝ հարևան և թշնամի պետությունը, սրանց պարտադրում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, սրանք արդեն գրել են փոխված տեքստը՝ Ալիևի ճաշակով․ գուցե Ալիևն է գրել-ուղարկել, գուցե հանձնաժողովի նիստերը օնլայն են եղել, և դրանց մասնակցել են ադրբեջանցիները՝ Բայրամով-Սաֆարով-բան, ու խոսում են ինքնուրույն որոշումներ կայացնելու մասին։ Ինքնիշխանությունը պետության՝ իր ներքին և արտաքին գործերը ինքնուրույն, անկախ որոշելու իրավունքն ու կարողությունն է՝ առանց այլ պետությունների ենթակայության։ Պետությունն այլ պետություններից անկախ է և ինքնուրույն է որոշում՝ ում հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալ, ինչ միջազգային պայմանագրեր կնքել, ինչ արտաքին քաղաքականություն վարել, ինչպես պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու ազգային շահերը։ Պարզ ասած՝ ինքնիշխան պետությունն այն պետությունն է, որի փոխարեն ուրիշ պետությունը չի որոշում՝ ինչպես ապրել, կառավարել երկիրը և ինչ արտաքին քաղաքականություն վարել։ Սրանք օկուպացիայի են հանձնել տարածքներ, սրանց պարտադրում են հանրաքվեներ, սրանց պարտադրում են նոր Սահմանադրություն, սրանք վախենում են արձագանքել թշնամական կողմից ցանկացած վնասակար հայտարարության ու խոսում են ինքնիշխանության մասին։

Կարճ ասած՝ մենք հասկանում ենք այս իշխանության գործունեությունը․ հակահայ են․ այսպես են վարվում, որովհետև կոմպրոմատների տա՞կ են, որովհետև գործ ունենք թշնամու ագենտների հե՞տ, որովհետև ուղնուծուծով, համոզմունքով ադրբեջանամետ ու թրքամե՞տ են, չեմ կարող ասել, կպարզվի հետագայում, երբ իշխանություն չլինեն։ Բայց հասկանում ենք իրենց պահվածքը, կզարմանանք անգամ, որ այլ կերպ վարվեն։ Բայց կոչ կանեի ՔՊ-ական իշխանությանը գոնե իրենց արածին չտալ «հայկական շահ», «պետության շահ», «Հայաստանի շահ», «ինքնիշխանություն», «պետականություն» անունները։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ։ Հայտարարությունում նշված է․ «Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը խստագույնս դատապարտում է ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի...

Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար. ՔԿ

Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար. ՔԿ

Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Ս.-ն 2020 թվականից աշխատելով Գ.Մ.-ի մոտ...

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. նախագիծը հաստատվեց

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. նախագիծը հաստատվեց

Արարատի և Վեդիի, ինչպես նաև Վանաձորի և Փամբակի համայնքները միավորվեցին` ձևավորելով երկու նոր խոշորացված համայնք։ ԱԺ–ն հաստատեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։...

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները՝ որոնման և բեռնման հնարավորությամբ։ «Մասնավորապես՝ -Արարատի մարզի Արտաշատ, -Արմավիրի մարզի...

Թմրանյութ իրացնող 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել

Թմրանյութ իրացնող 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական օպերատիվ տվյալը սկսել էին իրացնել դեռևս օգոստոսի 13-ին։ Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևանի Արշակունյաց պողոտայում...