Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հինգ Տաղավար տոներին հաջորդող օրը սահմանել է որպես ննջեցյալների հիշատակության օր

14 Սեպտեմբերի, 2026

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԻՆՉՈ՞Ւ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՅՍՕՐՎԱ ՄԵՌԵԼՈՑԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻՆ.
Մեռելոցը միայն գերեզման այցելելու, ծաղիկ դնելու կամ մեր ննջեցյալներին մարդկային զգացմունքներով հիշելու օր չէ։ Մեռելոցի կենտրոնում Սուրբ Պատարագն ու Հոգեհանգստյան կարգն են, որոնցով Եկեղեցին աղոթում է իր ննջեցյալ զավակների համար։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հինգ Տաղավար տոներին հաջորդող օրը սահմանել է որպես ննջեցյալների հիշատակության օր։ Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ավարտին կատարվում է Հոգեհանգստյան կարգ՝ ի Քրիստոս ննջածների համար։

Բայց ինչո՞ւ է կարևոր, որ մենք ինքներս ներկա լինենք այդ Պատարագին.
Որովհետև ննջեցյալի հանդեպ քրիստոնեական սերը մահվամբ չի դադարում։
Եկեղեցու հայրերի ուսուցմամբ՝ մահը չի ոչնչացնում Քրիստոսով հաստատված սիրո կապը։ Ննջեցյալն այլևս չի կարող իր երկրային կյանքում ապաշխարության և ողորմության գործեր կատարել, բայց ողջերը շարունակում են սիրով աղոթել նրա համար՝ նրան հանձնելով Աստծու անսահման ողորմությանը։
Ուստի Մեռելոցի Պատարագին մասնակցելը պարզապես «հիշել» չէ։ Դա մեր սիրո աղոթական արտահայտությունն է։
Մենք ասում ենք Աստծուն՝ Տե՛ր, ես չեմ մոռացել իմ ննջեցյալին։ Ես նրան բերում եմ Քո առաջ և հանձնում Քո ողորմությանը։
Որովհետև ննջեցյալների համար Եկեղեցու աղոթքը զուր չէ և հոգևոր օգուտ է նրանց։

Մենք չգիտենք, թե ննջեցյալն ինչ կերպ է ընկալում մեր հիշատակությունն ու աղոթքը, և չպետք է երևակայությամբ նկարագրենք հանդերձյալ կյանքի խորհուրդները։ Բայց Եկեղեցու հայրերը հստակ ուսուցանում են՝ ողջերի աղոթքը ննջեցյալների համար զուր չէ։ «Որովհետև եթե պատերազմում ընկածների հարության ակնկալություն չունենար, զուր կլիներ մեռելների համար աղոթք մատուցելը» (Բ Մակ. 12։44)։ Սուրբ Հովհան Ոսկեբերանի ուսուցմամբ՝ նրանց համար մատուցվող աղոթքները, ողորմություններն ու ընծաները հոգևոր օգուտ և մխիթարություն են նրանց։ Ուստի Մեռելոցի Պատարագին մեր ներկայությունն ու աղոթքը պարզապես հիշատակի արարողություն չեն։
Ծաղիկը գերեզման տանելը գեղեցիկ հիշատակի նշան է։ Գերեզմանը խնամելը՝ սիրո և հարգանքի արտահայտություն։ Բայց ո՛չ ծաղիկը, ո՛չ թանկարժեք շիրմաքարը, ո՛չ ճոխ սեղանը չեն կարող փոխարինել աղոթքին։

Եկեղեցու ավանդության մեջ ննջեցյալի հոգևոր հիշատակությունը կատարվում է այնտեղ, որտեղ ամբողջ Եկեղեցին կանգնում է Աստծու առաջ և աղոթում նրա հանգստության ու Աստծու ողորմության համար։
Այդ պատճառով Մեռելոցը քրիստոնյայի համար նախ եկեղեցու, ապա գերեզմանատան օր է։ Եկեղեցական կարգն էլ հորդորում է գերեզման այցելել Մեռելոցի Սուրբ Պատարագից կամ Հոգեհանգստյան կարգից հետո։ Երբեմն Հոգեհանգստյան կարգ կատարվում է հենց ննջեցյալի գերեզմանի մոտ, երբ հարազատները հրավիրում են քահանային այդ նպատակով:

Որովհետև Սուրբ Պատարագին մենք մենակ չենք աղոթում։
Տանը կարելի է և պետք է աղոթել ննջեցյալի համար։ Բայց Սուրբ Պատարագին մեր անձնական աղոթքը միանում է ամբողջ Եկեղեցու աղոթքին։
Հենց այդ պատճառով հավատացյալները Պատարագից առաջ քահանային փոխանցում են թերթիկների վրա գրված իրենց ննջեցյալների անունները, որպեսզի նրանք հիշատակվեն Եկեղեցու աղոթքում։ Հայ Եկեղեցում սա հաստատված ավանդություն է։
Մեռելոցի Պատարագի ավարտին կատարվող Հոգեհանգստյան կարգում Եկեղեցին անուն առ անուն հիշատակում է ննջեցյալներին և Աստծուց նրանց համար հանգիստ ու ողորմություն հայցում։
Որովհետև մեռելոցը հարության հավատի վկայություն է։
Պատահական չէ, որ Հայ Եկեղեցին Մեռելոցը դրել է իր մեծ Տաղավար տոների հաջորդ օրը։ Տոնը չի ավարտվում մեր ուրախությամբ։ Եկեղեցին իր ուրախության մեջ հիշում է նաև նրանց, ովքեր ժամանակավորապես բաժանված են մեզանից մահվամբ։
Մենք գնում ենք Պատարագի ոչ թե որպես հույս չունեցող մարդիկ, այլ որպես քրիստոնյաներ, որոնք սպասում են մեռելների հարությանը և հավիտենական կյանքին։
Քրիստոս ասում է․ «Ես եմ հարությունն ու կյանքը. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11։25)։ Ուստի Մեռելոցի աղոթքը նաև մեր հավատքի խոստովանությունն է՝ մահը վերջին խոսքը չունի։ Վերջին խոսքը Քրիստոսինն է և Նրա շնորհած Հարությանը։

Որովհետև ննջեցյալի հիշատակը մեզ էլ է կանչում ապաշխարության։
Մեռելոցին մենք միայն ննջեցյալների մասին չենք մտածում։
Գերեզմանը մեզ հիշեցնում է նաև մեր սեփական վախճանի մասին (Եբր. 9։27)։
Մի օր մեզ համար էլ ուրիշներն են աղոթելու։ Մի օր մեր անունն էլ կարող է գրվել հոգեհանգստյան թերթիկի վրա։
Եվ այդ գիտակցությունը քրիստոնյային պետք է ոչ թե հուսահատեցնի, այլ արթնացնի ու հարց դնի իր առջև՝ հիշեցնելով, որ բոլորս պիտի կանգնենք Քրիստոսի ատյանի առջև (Բ Կոր. 5։10)․
«Ինչպե՞ս եմ ես այսօր ապրում։ Հաշտվա՞ծ եմ Աստծու հետ։ Ապաշխարո՞ւմ եմ։ Եթե հանկարծ այսօր կանչվեմ, պատրաստ կլինե՞մ հանդիպելու մեր Տիրոջը՝ Քրիստոս Աստծուն»։
Այս իմաստով Մեռելոցը միաժամանակ աղոթք է ննջեցյալների համար և քարոզ՝ ողջերիս համար։
ՈՒՍՏԻ ՄԵՌԵԼՈՑԻՆ ՄԻ՛ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՔ ՄԻԱՅՆ ԳԵՐԵԶՄԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՎ։

Եթե հնարավորություն ունեք՝
-Նախ գնացե՛ք եկեղեցի։
-Մասնակցե՛ք Սուրբ Պատարագին։
-Ձեր ննջեցյալների անունները փոխանցե՛ք քահանային՝ հիշատակության համար։
-Միացե՛ք Հոգեհանգստյան աղոթքին։
-Նրանց հիշատակին ողորմությո՛ւն և բարեգործությո՛ւն արեք։
-Եվ հետո այցելե՛ք նրանց շիրիմներին՝ արդեն Եկեղեցու աղոթքը ձեր սրտում տանելով։
Որովհետև քրիստոնյայի համար ննջեցյալի նկատմամբ սերը միայն գերեզմանի մոտ արտասվելը չէ։
Սիրել ննջեցյալին նշանակում է նաև աղոթել նրա համար։ Իսկ Մեռելոցին Եկեղեցին մեզ հենց այդ աղոթքի համար է հավաքում Սուրբ Սեղանի շուրջ։
«Յիշատակ արդարոցն օրհնութեամբ եղիցի»»։

Նմանատիպ նյութեր

Մարզաբնակ քաղաքացիները ստիպված են լինելու տրանսպորտի համար վճարել կրկնակի. Գառնիկ Դանիելյան

Մարզաբնակ քաղաքացիները ստիպված են լինելու տրանսպորտի համար վճարել կրկնակի. Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Քաղաքային իշխանությունները Երևանի փողոցների ծանրաբեռնվածության հարցը որոշել են «լուծել»՝ կրկին մեր քաղաքացիներին անհարմարություն և լրացուցիչ ծախսեր պատճառելու հաշվին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս հայտարարեց, որ...

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Սեպտեմբերի 15-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...

Ադրբեջան-Թուրքիա եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացում. Ֆիդանը Բաքու է այցելել

Ադրբեջան-Թուրքիա եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացում. Ֆիդանը Բաքու է այցելել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 15-ին ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։ Ինչպես հայտնում են  ադրբեջանական ԶԼՄ-ները, զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջան-Թուրքիա եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաջող...

«Փեթակ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնը

«Փեթակ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնը

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, վրարեթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Hyundai Elantra»-ն Քրիստափորի փողոցում «Փեթակ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին, ապա բախվել «Ford Transit»...

Նման «ժողովրդավարություն» եղել է, երևի թե, 20-րդ դարի կեսերին՝ մի կրքոտ հռետորի անմիջական մասնակցությամբ․ Վարդևանյան

  «Ճիշտն ասած, հետաքրքիր էր ականատեսը լինել նրան, երբ արդարադատության նախարարը խոսում է իրավական, սահմանադրական, ժողովրդավարական արժեքներից, խոսում է կառավարության անդամի երդման տեքստի հստակեցումից, և հենց դրա շրջանակներում հարակից...