Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, դարձյալ մամուլի ասուլիս էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում․ ասուլիս էին հրավիրել նրա պատգամավոր որդին, փաստաբանը և խմբակցության ևս մեկ պատգամավոր։ Ու դարձյալ ո՛չ նրանք, ո՛չ հեռուստադիտողը չկարողացավ գլխավոր հարցի պատասխանը գտնել՝ ինչ իրավական հիմքով է կալանավորված երկրորդ նախագահը, նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Իրոք որ, որքան էլ լրագրողները խորացան, բանախոսները փորձեցին նկարագրել ամենը ինչ կա, տենց էլ բոլորովս չհասկացանք հիմքերը որոնք են․ իմացանք, որ նրանց հետ կապել են բիզնես, որի հետ կապ չունեն, իմացանք, որ խոսում են հարկեր թաքցնելուց, որը այդպես չէ, անգամ էլի իրենց հետ կապ չունի ու չկա մեղադրանք, որը առհասարակ հանցակազմ է պարունակում, ու կապ ունի իրենց հետ։ Եվ քանի որ կալանքի հիմք չկա, չկան նախադրյալներ, կամ ինչ-որ գործողություններ, որոնք կարող էին բերել կալանքի անհրաժեշտության, ուրեմն մնում է մեկը՝ քաղաքական պատվեր, որը հնչեցրել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը։ Եվ ուրեմն, արդարացված է այն խորագիրը, բնութագրումը, որ տրվում է՝ աշխարհաքաղաքական գործ N1։ Այս կալանքը Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական կտրուկ շրջադարձի պատճառով է, նրա՝ բարեկամ պետության հետ մեզ թշնամացնելու քաղաքականության մի մասն է։ Եվ զուր է քննելը, թե դատախազությունը, քննչականը, հակակոռուպցիոնը ինչ մեղադրանքներ են ամեն մեկը գրել։ Ռոբերտ Քոչարյանի կալանքը անգամ հաշվեհարդար չէ, իմ կարծիքով, քաղաքական նպատակով է, ավելին, անգամ ներհայաստանյան խնդիր չէ։
Տեսե՛ք։ Հայաստանում լրջագույն գործընթացներ են տեղի ունենում՝ Ալիևի ցուցումով սահմանադրության փոփոխություն է նախաձեռնվում, անկլավների անվան տակ տարածքների հանձնում, ԵԱՏՄ-ից եմ արդեն մեզ վտարում, ռուսական պատժամիջոցների մեծացում, Իրանն է վատ ազդակներ ուղարկում և այլն։ Ու այս ամենը, բնական է, ենթադրում է հակազդեցություն, հանրային, թե քաղաքական, գաղափարական և որը կարող է ձևավորվել հենց Ռոբերտ Քոչարյանի շուրջ․ դրա համար նա է, որ վտանգավոր է Փաշինյանի՝ այլևս ժողովրդի աջակցությունը չվայելող իշխանությանը։
Բիշքեկյան հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը պատրաստ չէ կատարել սահմանափակումները վերացնելու՝ Փաշինյանի խնդրանքը, իսկ սրանց հայտարարած՝ գյուղմթերքի արտահանման դիվերսիֆիկացիան, օրերս Ուզբեկստանի օրինակով ցույց տվեցինք, որ սուտ է, ապրանք չեն արտադրել, բայց թվեր են նկարել, փողեր են դուրս գրել։
ՌԴ-ն ասում է՝ ես չեմ ֆինանսավորելու ձեր գնալը ԵՄ, գնու՞մ եք, ձեր ընտրությունն է, դե ուրեմն արեք ձեր միջոցներով․ ասում է՝ չեմ թողնի ձեր արտադրանքը իրացնեք իմ երկրում, չեմ թողնի ՀՀ քաղաքացիներն աշխատեն իմ երկրում, աչք փակեմ զանազան խախտումների վրա․ հնարավոր է՝ տրանսֆերտներն արգելվեն։ Եվրասիական զարգացման բանկը նշում է, թե 2026-ի հունվար–հուլիսին Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքն աճել է տարեկան 36%-ով՝ հասնելով 4,5 մլրդ դոլարի։ Հիմանական փոխանցումները ՌԴ-ից են։ Այս փոխանցումների սահմանափակումը ինչի՞ կբերի։ Իսկ էներգակիրների թանկացո՞ւմ։ Էդքանը չե՞ն գիտակցում։ Որ ժողովրդի մասին չեն մտածում, էդ գիտեինք, բայց լավ, թե ինչի համար են անում, դա էլ չեմ հասկանում․ եթե կանխավարկածը այն լինի, որ թուրքական գործակալ չէ։
Բայց սրանց խնդիրը միայն ՌԴ-ն չէ։ Հրապարակում եղավ, որ Թրամփի ուղու կառուցման վերաբերյալ Իրանի իշխանությունը կոշտացրել է դիրքորոշումը և պահանջել, որ TRIPP-ի պաշտպանության գործն իրակացնեն կա՛մ բացառապես հայկական զինված ուժերը, կա՛մ Հայաստանի տարածքում արդեն գտնվող երրորդ երկրի, այսինքն՝ ռուսական զինված ուժերը։ Իրանը, ըստ մամուլի, անթույլատրելի է համարում, որ ամերիկյան զորքեր հայտնվեն իր սահմանին, և դա համարում են լեգիտիմ թիրախ։ Հասկացա՞ք ինչ է կատարվում։ Հիմա էլ Իրանն է մեր երկրում, այն էլ սրանց գովերգած նախագիծը համարում է թիրախ․․․ հիմա ո՞նց է, նորմա՞լ է։ 2026 թվականն է, էն Թրամփը մեռավ պատերազմներ հանգեցնելով, ձեռքի հետ էլ հրահրելով, սաղ աշխարհ մտածում է, թե ոնց ռուսներն ու ուկրաինացիները պայմանավորվեն, պարսիկները՝ ամերիկացիների, հրեաների, արա սրանք մեր բարեկամ հսկա պետություններին մեզ սարքում են թշնամի։ Այս լուրերը, ժողովուրդ, լիովին մոտ են իրականությանը։
Այս՝ մի քանի լարի վրա խաղալը, այն էլ իրար հետ պատերազմողների արանքում խաղալը Հայաստանին բերելու է բարդագույն իրավիճակի։ Ու այս լուրերի ֆոնին, կարծես հատուկ, ապտակ է ստանում Հայաստանի կառավարությունը, ու որ տարօրինակ է՝ ԵՄ-ից։ Այս ընտրական փուլում քա՞նի անգամ եք լսել ՔՊ-ականներից, որ հեսա-հեսա եվրավիզաներն ազատականացվում են։ Ընտրեք ՔՊ-ին, որ առանց վիզայի գնաք Եվրոպա։ Մայիսի վերջին Փաշինյանը հայտարարում էր․ «ամենաուշը 2 տարուց Հայաստանը կունենա ԵՄ-ի հետ ազատականացված վիզային ռեժիմ»․ այսինքն՝ 2028-ին։ Հուլիսին Փաշինյանը հայտարարում էր, որ ակնկալում է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում մինչև 2029 թվականը։ Ընդամենը օրերս հաստատված կառավարության 2026-31թթ․ ծրագրում էլ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացում են խոստացել։ Բայց ահա հարց են տալիս Եվրամիության պաշտոնյային, թե որքանով է իրատեսական այն գնահատականը, որ մինչև 2029 թվականը Հայաստանի քաղաքացիներն արդեն կկարողանան առանց վիզայի ճանապարհորդել Եվրամիության երկրներ, պատասխանում է չափազանց վաղ է խոսել այդ մասին։ Ու ասում են, որ դա 2029 թվականը չէ, բայց այլ ամսաթիվ էլ ասել չեն կարող, շուտ է։ Իսկ հարց՝ երբևէ լինելո՞ւ է: Շատ-շատ՝ ԵՄ կարող եք տանել մի վազ ծիրան, վիզաների մասին մոռացեք։
Հարցն այն է, որ Հայաստանում շատերը ԵՄ գնալ համարում են հենց վիզաների ազատականացումը։ Նիկոլենք գիտեն, որ դա ժողովրդի թույլ տեղն է և որքան հնարավոր է՝ ուռճացրել են՝ ձայներ կորզելու համար։ Նիկոլենք գիտեն, որ մեր ժողովուրդը վիզաների ազատականացում ասելով հասկանում է մուտք ԵՄ և նաև գիտեն, որ ժողովուրդը վիզաների ազատականացում ասելով հասկանում է, որ հանգիստ կգնա կապրի եվրոպական որևէ երկրում, առանց խնդրի։ Դա սխալ է, սուտ է, բայց ժողովուրդը այդպես է ընկալում, իսկ իշխանությանը դա ձեռք է տալիս, ձայն բերող է, դրա համար էլ հա ասում էին, թե՝ հեսա-հեսա կազատականացվի, վիզաները կհանվեն։
Միայն ԵՄ-ն չէ, որ այսպես ասած՝ «քաշել է» ՀՀ քաղաքացիներին։ Հայաստանը ԱՄՆ հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության մասին թուղթ։ Իսկ գիտե՞ք ԱՄՆ-ն որքան հաճախ է մերժում ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրել։ 2025 թվականին ԱՄՆ վիզաների տրամադրումը ամենից հաճախ մերժվել է հետխորհրդային երկրներից Ղրղզստանի քաղաքացիներին, ապա՝ Հայաստանի քաղաքացիներին։ Դիմումների 56,5 տոկոսը մերժել է։ Օրինակ՝ Ադրբեջանին մերժել է ընդամենը 20 տոկոսի դեպքում, Վրաստանին, որի հետ հարաբերությւոնները վատացել են, 45 տոկոսի դեպքում։ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները գիտեք որքան վատ են, բայց նրանց մերժել է ընդամենը 40 տոկոսով, հիշեցնեմ, մեզ՝ 56,5 տոկոսով։ Բելառուսին, էն որ եվրոպական վերջին բռնապետի երկիրն է, ըստ իրենց, ընդամենը 26 տոկոսով, իսկ ռազմավարական գործընկեր Նիկոլի ղեկավարած Հայաստանին դիմումների 56 տոկոսը մերժում է։ Ո՞նց էր, խաբա՞ր էիք։ Սրա պատճառը, բնականաբար, մեր իշխանության դիվանագիտական դատարկ քաղաքականությունն է։ Նկարներ, վերնագրեր, իրար նվերներ ու պաչիկներ, տակը բան չկա։ Սրանց թվում է, թե երկիր ղեկավարելը պադավատ նստել ու գալստուկ կապելն է, մեկ էլ՝ որ աշխատողներդ նկարներդ լայքում են։
Իսկ ԵՄ երկրներ մուտքերի վիզաները ոչ միայն չեն ազատականացվում, այլև խստացվել են, հերթերը շատացել են։ Իրականությունը սա է։
Դրա համար, երբ սրանք կառավարության ծրագրում գրում են ԵՄ հետ վիզաների ազատականացման խոստում, դա դեռ հիմք չէ, որ լինելու է։ Էդ ծրագրում էնքա՜ն բան կա, որ անիմաստ է գրված։ Ի դեպ, կառավարության այս ծրագրում բաներ են գրված, որոնք դեռ նոր-նոր հաստատված՝ արդեն կարող ես դիմացը մինուս նշանը դնել։ 2026-31թթ․ ուղենիշերի մեջ, օրինակ, գրել է 125 հազար նոր աշխատատեղերի մասին։ Ընտրություններից հետո մենք լրիվ այլ գործընթացին ենք ականատես՝ բիզնեսի կապարակնքում, բիզնեսի խլում և աշխատատեղերի փակում։ Այս պահին դա է։ Գրել են հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալի առնվազն կրկնապատկում, բայց մենք այս պահին տեսնում ենք պաշտոնապես հայկական ծագման ապրանքի արտահանման անկում՝ երկնիշ, քառանիշ, ներմուծման աճ և այլն։ Այնպես որ, արդեն կարող ենք արձանագրել հերթական սուտ խոստումները։
Կարճ ասած՝ Ուկրաինայի նախագահ Զելինսկին օրերս շնորհակալություն էր հայտնել Վահագն Խաչատուրյանին և Նիկոլ Փաշինյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորանքների համար և նշել, որ Հայաստանը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր։ Որ Հայաստանը դեպի ԵՄ հետ սերտացում է գնում, դա ընդամենը ելույթների մակարդակով է, բայց որ Հայաստանի իշխանությունը անշեղորեն գնում է ուկրաինական ուղով, դա և՛ ակնհայտ է, և՛ շատ վտանգավոր։ Սրանք փորձում, են մեր, մեր հայրենակիցների, մեր երեխաների արյան, կյանքի հաշվին աշխարհաքաղաքական խաղեր տալ, ինչը, վախենամ, հերթական անգամ տանելու է ողբերգության։
Սևակ Հակոբյան






